Իրավունք Թերթ - Զարկերակ | |||
Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 16:33 | |||
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԵՄ-Ի ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՌԵԱ՞Լ Է
Տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ փաստեց. - Հայաստանը, լինելով փոքր երկիր, քաղաքական դիվանագիտության ճկունության տեսանկյունից, ըստ էության, չպետք է զգա այն վայրիվերումները, որոնք տեղի են ունենում Եվրոպայում կամ մեկ այլ տարածաշրջանում: ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագիրը, որն իր մեջ կպարունակի քաղաքական հեռահար նկրտումներ միգուցե կստանա տնտեսական որոշ երանգ, մեր երկրի համար չի կարող վտանգավոր լինել: Դիվանագիտական առումով, այն ինչ տեղի է ունենում Եվրոպայում, իհարկե հասկանալի է, որ լավ գործընթացներ չեն: Այդուհանդերձ, Հայաստանը պետք է օգուտ քաղի ամեն ինչից: Մենք աշխարհաքաղաքական այնպիսի դիրքում ենք գտնվում, որ պետք է բոլորի հետ հաստատենք լավ հարաբերություններ, այդ թվում` Չինաստանի, Իրանի եւ եվրոպական զարգացած երկրների հետ: Եթե Հայաստան-ԵՄ ասոցացման պայմանագիրը մեզ օգուտ կբերի, ապա Հայաստանը իրավունք չունի մեջքով կանգնել առաջարկություններին: Սակայն ամեն ինչ այնքան խավար է, եւ չեմ կարծում, որ այդ համաձայնագիրն առաջիկայում կստորագրվի: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ընդգծեց. - Հայաստանն անկախ պետություն է եւ իր շահերից ելնելով` վարում է արտաքին քաղաքականություն: Կարծում եմ՝ ԵՏՄ անդամ լինելը չի խանգարի մեր երկրին հարաբերություններ հաստատել նաեւ եվրոպական կառույցների հետ: Նոր համաձայնագրի ստորագրումը ողջունելի է, որովհետեւ ԵՏՄ անդամ երկրներից ոչ մեկը մեկուսացված քաղաքականություն չի վարում: Եվրոպայում այսօր վատ իրավիճակ է, բայց այդ ամենը չի խանգարի Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններին: Լավ կլինի, որ Եվրոպայում կարողանան այս «տարօրինակ» պատերազմի կրակը հանգցնել, եթե այն բորբոքվեց, աշխարհի ճակատագիրն անհայտ կլինի: Ըստ իս, այս նոր պայմանագիրը ԵՄ-ի հետ կստորագրվի: Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց. - Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը հավանական է: Բայց այդ համաձայնագրի ստորագրումը դրական կլինի այն ժամանակ, երբ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ չվատանան: Մանավանդ այժմ, երբ Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունները ձեռք են բերում քաղաքական նոր որակներ: ԵՄ-ի հետ հարաբերություններ հաստատելը պետք է եւ անհրաժեշտ, իսկ այն, ինչ այսօր կատարվում է Եվրոպայում, այդքան էլ ողբերգական չէ, նույն գործողությունը ամեն օր տեղի է ունենում Սիրիայում:
|