Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 17:27

ՄԻՈՄԱՅԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԱՆՀԱՅՏ ԵՆ

 

-  Հարգելի բժիշկ, ի՞նչ է միոման: Ո՞րն է այս հիվանդության առաջացման պատճառը: Ինչպե՞ս են այն ախտորոշում: Խնդրում եմ ասեք` ի՞նչ բուժման եղանակներ կան:


Հարցին պատասխանել է բ.գ.թ., գինեկոլոգ ԼԻԼԻԹ ԿՈՒՋՈՅԱՆԸ.


- Արգանդի միոման բարորակ գոյացություն է, կանանց վերարտադրողական համակարգի ամենատարածված նորագոյացություններից մեկն է (10-27%): Հանդիպում է 30-40-50 տարեկանների շրջանում, երբեմն էլ` 20-30 տարեկանների եւ նույնիսկ ավելի երիտասարդների մոտ:

Միոման (լեյոմիոմա, ֆիբրոմա) արգանդի հորմոնկախյալ (հորմոնների ազդեցության տակ ձեւավորվող) ուռուցք է: Միոմայի աճը սովորաբար տեղի է ունենում դանդաղ, մեկ մկանային բջիջ անհայտ պատճառներով սկսում է բաժանվել, եւ առաջանում են ուռուցքային մկանային բջիջներ, որոնք արգանդում առաջացնում են հանգույցներ` միոմա: Եթե մեկ տարվա ընթացքում կամ էլ ավելի կարճ ժամանակահատվածում միոման մեծանում է 5 շաբաթական հղիության համապատասխան չափով, ապա աճը համարվում է արագ:  
Մինչ օրս միոմայի առաջացման պատճառները անհայտ են: Կան մի քանի գործոններ, որոնք նպաստում են արգանդի միոմայի զարգացմանը, որոնց թվին պատկանում են.
. Սեռական հորմոնների արտադրման խանգարում, մասնավորապես էստրոգենների (կանացի հորմոնների) ավելցուկ
. Դաշտանային ցիկլի խանգարումներ` հատկապես մենարխեից (առաջին դաշտան)
. Կանանց սեռական օրգանների քրոնիկական բորբոքային խնդիրներ
. Աբորտներ, ներարգանդային հակաբեղմնավորիչներ
. Արգանդի միոմայի հանդեպ ժառանգական նախատրամադրվածություն
. Անկանոն սեռական կյանքը
. Սթրեսներ, ծանր ֆիզիկական աշխատանք
. Երկարատեւ եւ հաճախակի արեւահարումներ
. Ծննդաբերությունների եւ կրծքով կերակրման բացակայություն
Արգանդի միոմայի կլինիկական պատկերը բազմաբնույթ է, կախված է կնոջ տարիքից, հիվանդության տեւողությունից, ուռուցքի մեծությունից, այլ ախտաբանությունների առկայությունից: Երբեմն էլ ընթանում է թաքնված, առանց կլինիկական նշանների:
Արգանդի միոմայի հիմնական նշաններն են.
1. Արգանդային արյունահոսություններ (առատ, երկարատեւ դաշտան)` հանգեցնող կնոջ անեմիզացիայի (հեմոգլոբինի իջեցում)
2. Երբեմն լինում է միջդաշտանային արյունային արտադրություն
3. Որովայնի ստորին հատվածի ծանրության զգացողություն, ցավեր, որոնք կարող են լինել սուր եւ կծկողական, ուժեղանում են դաշտանի օրերին
4. Հարակից օրգանների ֆունկցիայի խանգարում, օրինակ` հաճախամիզություն
5. Աղիների ֆունկցիայի խանգարում
6. Արգանդի միոման կարող է անպտղության եւ հղիության կրելախախտի (վիժման) պատճառ դառնալ
7. Երբեմն արգանդի միոման համակցվում է էնդոմեթրիոզի հետ
Արգանդի միոմայի ախտորոշման հայտնի տարբերակներից են.
. Գինեկոլոգիական զննում
. Փոքր կոնքի սոնոգրաֆիա
. Փոքր կոնքի ՄՌԹ (անհրաժեշտության դեպքում)
. Լապարոսկոպիա, հիստերոսկոպիա (էնդոսկոպիկ հետազոտություններ)
Ինչ վերաբերում է բուժմանը, կա երկու եղանակ` վիրահատական եւ կոնսերվատիվ: Ի դեպ, կոնսերվատիվ բուժումն անհրաժեշտ է իրականացնել ուռուցքի վաղ փուլում, ինչպես նաեւ վիրահատություններից հետո: Կարելի նաեւ նշանակել դեղորայք, որպես նախավիրահատական նախապատրաստում` ուռուցքը փոքրացնելու եւ վիրահատական արյունային կորուստը նվազեցնելու համար:
Հորմոնալ բուժումը պետք է ընտրել ճիշտ եւ համապատասխան ցուցումներով:
Արգանդի միոմայի առաջացման կանխարգելումը կայանում է հետեւյալում.
. Աբորտների եւ արգանդի ախտորոշիչ քերումների ժամանակ միոմետրիումի (երբ ներարգանդային միջամտությունը կատարվում է զգույշ, ոչ շատ տրավմատիկ) պաշտպանումը վնասումից
. Բորբոքային հիվանդությունների ժամանակին բուժումը
. Հակաբեղմնավորիչների օգտագործումը
. Ամենակարեւորը` գինեկոլոգին պարբերաբար, գոնե տարին 1 անգամ, կանխարգելիչ այցելությունը, որպեսզի ցանկացած խնդիր հայտնաբերվի ճիշտ ժամանակին, հետեւաբար բուժումն էլ լինի արդյունավետ:


ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ