Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Թեմա
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 16:42

«ԵԽԽՎ-Ն ԻՐ ՎՐԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ՍՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ»

 

Օրերս ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի նիստում Արցախի խոշորագույն ջրամբարին` Սարսանգին վերաբերող «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած  զեկույցը ներառվել է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգ (ձայների 16 «կողմ», 9 «դեմ» հարաբերակցությամբ): Ընդ որում` սա արդեն թվով երկրորդ հակահայկական զեկույցն է, որը վերջին շրջանում ԵԽԽՎ-ն փորձում է առաջ տանել: Իսկ թե ի վերջո որն է եվրակառույցի կողմից Հայաստանի դեմ ուղղված այսպիսի հարձակումների խորքային խնդիրը` հաշվի առնելով, որ այն  ակներեւ կրում է ամերիկյան ազդեցություն, «Իրավունքը» հետաքրքվեց ՀՀ եւ ԼՂՀ պատգամավորներից` այն ներկայացնելով «Կլոր սեղան» ձեւաչափով:

 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԸ ՊԵՏՔ Է ՇԱՏ ԼՈՒՐՋ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԻ»


Համաձայնելով «Իրավունքի» այն տեսակետին, որ ԵԽԽՎ-ն այսօր միտումնավոր հակահայկական գործընթաց է սկսել, ինչպես նախկինում այն անում էր ընդդեմ Ադրբեջանի, եւ սրանով փորձում է աշխարհաքաղաքական լարվածությունը կենտրոնացնել հայ-ադրբեջանական սահմանի վրա` ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի անդամ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ ավելացրեց. «Այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ն իրավունք չունի խառնվելու Լեռնային Ղարաբաղի հետ կապված որեւէ կարգավորման, գնահատականների եւ այլ հարցերի մեջ, քանի որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատ, եւ այդ մանդատով են կարգավորվում խնդրի խաղաղ բանակցությունները: Եվ ընդունելով նման հակահայկական բանաձեւեր` ԵԽԽՎ-ն իր վրա պատասխանատվություն է վերցնում հետագա լարվածության սրման ու էսկալացիայի վերաբերյալ: Կարծում եմ, որ սա շատ կարեւոր քաղաքական խնդիր է, որը մենք պետք է հաշվի առնենք»:
Իսկ ըստ ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր ՌՈՒԴԻԿ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԻ` իհարկե, ամերիկյան ուժերի ազդեցությունը կա ԵԽԽՎ-ում. «Ավելին միանշանակ է, որ այդ ուժերն աշխատում են ու ֆինանսավորվում են այս կամ այն կողմից: Բայց սա մեզ ավելի աչալուրջ լինելու, մեր դիրքերը` քաղաքական, դիվանագիտական առումով վերանայելու ուժ է տալիս»:


«ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԵ ՖԱԿՏՈ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՇՎԻ Է ՆՍՏՈՒՄ»


Անդրադառնալով այն հարցին, թե ինչ քաղաքականություն պետք է որդեգրել վերոնշյալ եվրակառույցում, երբ ԵԽԽՎ-ն անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի հորդորներին ականջալուր չեղավ ու շարունակում է խառնվել Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց. «Կարծում եմ` պետք է շատ լուրջ քննարկումներ ունենանք այս հարցի շուրջ, այդ թվում` Արտաքին գործերի նախարարության եւ ընդհանրապես դիվանագիտական կորպուսի ղեկավար կազմի հետ: Պետք է ծրագիր եւ ռազմավարություն մշակենք, որով կառաջնորդվենք, որովհետեւ մեկ պատվիրակ պատգամավորով հարցը չի լուծվում: Անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի դիվանագիտական ասպարեզում չունենանք նման խնդիրներ»: Ապա հավելեց. «Հայաստանը հաղթանակած պետություն է, իսկ Լեռնային Ղարաբաղի անկախությունը դե ֆակտո գոյություն ունի, եւ աշխարհը դրա հետ հաշվի է նստում: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, սա ժամանակի խնդիր է, եւ նման բանաձեւերը որեւէ կերպ չեն կարող ազդել մեր երկրի եւ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի ինքնուրույն գոյության եւ անվտանգության վրա»:
Շարունակելով թեման` արցախցի պատգամավորն էլ շեշտեց. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցով զբաղվող միակ ձեւաչափը  ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Եվ այդ շրջանակներում ընդունված ցանկացած որոշմամբ, ցանկացած քայլով կարող ենք կա՛մ առաջընթաց արձանագրել, կա՛մ հետընթաց: Իսկ այդ հավելյալ, աշխատանքներն ուղղակի դիվանագիտական փորձեր են: Մեր դիվանագիտական կորպուսին զուգահեռ`  ադրբեջանական լոբբինգն է այսօր աշխատում, ուստի` կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք մտածելու եւ աշխատելու մեծ խնդիր ունենք»:


«ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՀԵՏԸՆԹԱՑ Է ԱՊՐՈՒՄ»


Ամփոփելով բարձրացված հարցը` Ռ. Հյուսնունցը նշեց, որ, ամեն դեպքում, այդ հակահայկական բանաձեւերը որեւէ կերպ չեն կարող ազդել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վրա, բայց միեւնույն ժամանակ, իր մտահոգությունը հայտնեց. «Մեր արտաքին քաղաքականությունը կարծես թե հետընթաց է ապրում: Մենք պետք է աչալուրջ լինենք եւ ամեն ինչ անենք, որպեսզի այդ խնդիրներից մի քայլ առաջ լինենք: Այսինքն` նախքան այդ խնդիրների առաջ գալը, մեր պատվիրակությունը, մեր դիվանագիտական կորպուսները, որոնք աշխատում են այդ ուղղությամբ, պետք է ավելի առաջնահերթ քայլեր ձեռնարկեն, որպեսզի այդ բանաձեւերը չընդունվեն: Այս բանաձեւերն ինքնին դիվանագիտական աշխատանքների արդյունք են, եւ կարծում եմ` ինչ-որ չափով, իհարկե, սա ձախողում է»:
Եզրափակելով թեման` Վ. Բաբայանը խոսեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հասցեին հնչող մեղադրանքների մասին. «Շատ մարդիկ առաջարկություններով են հանդես եկել, որպեսզի փոխվի պատվիրակության կազմը: Բայց ես զարմանում եմ այդ մարդկանց տրամաբանության վրա, որովհետեւ մեր պատվիրակության կազմում բոլորը փորձառու եւ դիվանագիտության բոլոր սկզբունքներին տիրապետող մարդիկ են: Եվ շատ զարմացած եմ, որ այդ հայտարարություններն անում են այն ժամանակ, երբ լարված իրավիճակ է ինչպես հայ-ադրբեջանական սահմանում, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանում: Ու այս լարվածության ժամանակ փորձում են սատար կանգնելու փոխարեն խեղաթյուրել եւ հասարակության մեջ եւս ինչ-որ ատելության եւ դժգոհության մթնոլորտ ստեղծել: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն արել է ամեն ինչ, որպեսզի այս հարցերը լուծվեն ի շահ Հայաստանի Հանրապետության, սակայն, սա գեոքաղաքական խնդիր է: Այստեղ շատ ավելի լուրջ վտանգներ կան, որովհետեւ տարբեր երկրների պատգմավորներ սպասարկում են Ադրբեջանի շահերը, այդ թվում` զեկուցող տիկին Մարկովիչը, ով ամեն ինչ արեց, որպեսզի հայկական կողմի առաջարկը չանցնի, եւ դեմ արտահայտվեց ուղիղ հենց դրան: Եվ սա եւս մեկ անգամ մեզ պետք է համախմբի, ու մեր դիվանագիտական կորպուսը լուրջ հետեւություններ անի»,- ասաց պարոն Բաբայանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ