Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Թեմա
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 16:52

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ»

 

Այսօր կմեկնարկի «Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը», ինչն ըստ Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի նախագահ, քաղաքական վերլուծաբան ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԻ, հղի է բազում վտանգներով: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նա նշեց հետեւյալը.

 

–Մեր տարածաշրջանը` Թուրքիայով հանդերձ, այսօր ամբողջովին ներքաշվում է պատերազմի մեջ, եւ այս իրավիճակում նման թեմաները, որն Արեւմուտքը փորձում է եռացնել, եւս պետք է դիտարկել որպես Հայաստանի դեմ ուղղված ռազմական միջոց, այս դեպքում` քարոզչական: Ցանկացած միջոցառում, որն ուղված է պետական հիմքերը խարխլելուն, պետք է լինի մեր ազգային անվտանգության ուշադրության կենտրոնում: Իսկ ընտանիքը պետական հիմք է, որը երկրի անվտանգության թիվ մեկ երաշխիքն է: Եվ այս միջոցառումները  կարելի է համարել Հայաստանի դեմ ուղղված հերթական դիվերսիա:
– Ի վերջո, ո՞րն է «գենդերային բռնության խնդիրներ» բարձրացնողների իրական նպատակը:
– Նախ նշեմ, որ նրանք ամենեւին էլ չեն հետապնդում նպատակներ` բռնության դեմ պայքարելու, որովհետեւ եթե բռնության դեմ պայքարող ես, պետք է պայքարես բոլոր վայրերում տեղի ունեցող բռնության դեմ, ոչ թե տարանջատես մի բռնությունը մյուսից: Իսկ ինչ-որ առանձնահատուկ տարանջատումներ դնելով` պարզապես, արդարացվում է բռնությունը որպես երեւույթ, որովհետեւ քննադատվում է դրա միայն մի տեսակը: Եվ երկրորդ` նման միջոցառումներն ուղղված չեն որեւէ կանանց իրավունքների պաշտպանությանը, քանի որ այսօր կանայք ունեն սոցիալական խնդիրներ, հատկապես հղի կանայք եւ բազմազավակ մայրերը, ինչին ընդհանրապես վերոնշյալ մասնակիցները չեն անդրադառնում: Այս քարոզչական աշխատանքի բուն նպատակը հասարակության ուշադրությունը շեղելն է, հասարակության հիմքերը խարխլելն ու երիտասարդության մոտ տհաճություն առաջացնել ընտանիք կազմելու նկատմամբ, ասելով, թե իբրեւ ընտանիքը բռնության որջ է: Սա, ուղղակի, թշնամական քայլ եմ գնահատում, ինչի վերաբերյալ դեռ համապատասխան ասուլիսով հանդես կգանք: Նշեմ նաեւ, որ ամեն տարի այսպիսի միջոցառումներ սողոսկում են մեր իրականության մեջ ու անցնում, գնում են, սակայն աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում այսօր առավել վտանգավոր է ԼԳԲՏ-ների եւ նման քարոզչական ինստիտուտների ակտիվացումը Հայաստանում, որովհետեւ այժմ շատ այլ խնդիրներ կան եւ դրանք ակնհայտ կապված են երկրի լինել-չլինելու հետ:
– Ի դեպ, վերջիններս պատրաստվում են պահանջել ընդունել «Ընտանեկան բռնությունը կանխարգելող» օրենք: Ըստ Ձեզ` օրենսդրական որեւէ բաց ունե՞նք այսօր այդ առումով:
– Բազմիցս արձանագրել ենք, որ չունենք: Ընդհակառակը` հենց այն երկրները, որոնք հովանավորում են նման միջոցառումներ, իրենք ունեն դրա կարիքը: Մենք նաեւ հրապարակել ենք վիճակագրական տվյալներ, որով երեւում է, որ Հայաստանում բռնությունը մի քանի տասնյակ անգամ ցածր է, քան «զարգացած» երկրներում: Մի երկրում, որտեղ կա քրեական օրենսգիրք, որով բռնության բոլոր տեսակներն արգելվում են, ներառյալ հոգեբանական բռնությունը, մի երկիր, որտեղ կա Սահմանադրություն, որով արգելված է խտրականաությունը, ճիշտ չէ տարանջատել այլ բռնություններ ու դրանց տալ ինչ-որ յուրահատուկ կարգավիճակ: Սա արվում է միայն մեկ նպատակի համար` այդ երեւույթները շատացնելու եւ հաստատելու, որովհետեւ եթե մենք ընտանեկան բռնությունն առանձնանցնում ենք, դրանով ամրապնդում ենք ընտանիքում բռնությունը` որպես երեւույթ: Ավելին` ստեղծում ենք հիմքեր, որ սոցաշխատողը իրավունք ունենա, առանց դատարանի որոշման, մտնել տուն եւ խառնվել ընտանեկան գործերին: Մինչդեռ այսօր մեր օրենքներով եւ Սահմանադրությամբ հստակ սահմանվում է, որ առանց դատարանի որոշման, որեւէ մեկն իրավունք չունի խառնվել ընտանիքների գործերին: Հիշեցնեմ, որ այդ օրենքը` «գենդերով» հանդերձ, արդեն քանի տարի է մերժվում է Հայաստանում: Հիմա, իհարկե, էլի կմերժվի, բայց այս քարոզչական աշխատանքը, որ տանում են, կրկնում եմ, վտանգավոր է եւ առաջին հերթին ուղղված է երիտասարդների ուղեղները լվանալուն:
– Հաշվի առնելով երեւույթի վտանգավորությունը` ինչպիսի՞ պայքար պետք է տանել այս ուղղությամբ:
– Ցավոք սրտի, Հայաստանում չունենք օրենսդրական այնպիսի կարգավորում, որով կարողանանք դրա դեմ պայքարել: Մինչդեռ Ռուսաստանն ունի եւ արգելել է դրանց քարոզչությունը: Ինչպես նաեւ արգելել է արտերկրից ֆինանսավորվող բոլոր այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք կարող են խարխլել պետական հիմքերը: Դրանք համարվում են ռազմական ակցիա` ընդդեմ Ռուսաստանի: Եվ սա է պատճառը, որ Ռուսաստանն ընդունել է ռազմական դոկտրին, որտեղ հստակ գրված է` այս քարոզչությունն ուղղված է ավանդական ինստիտուտները քայքայելուն եւ համարվում է հարձակում Ռուսաստանի վրա: Սակայն, Հայաստանը` անգամ պետական մակարդակով, նման մոտեցում չունի, որը մենք բազմիցս առաջարկել ենք եւ հիմա էլ` օգտվելով առիթից, առաջարկելու ենք:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ