Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 26 27 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:54

ԾԱՆՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՏԱՐԻ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

 

Հերթական մարզական տարին մոտենում է ավարտին, իսկ 2016-ը օլիմպիական տարի է, որին սպասում է ամբողջ մարզական աշխարհը:

Իսկ ինչպիսին կլինի օլիմպիական տարին հայ մարզիկների համար, արդեն իսկ կարելի է ենթադրել: Հաշվի առնելով, որ օլիմպիական խաղերի ծրագրերի 28 մարզաձեւերի գերակշռող մասում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենալու, հույսը դարձյալ այն մի քանի հենակետային մարզաձեւերի վրա է: Այս պահի դրությամբ օլիմպիական վարկանիշ ձեռք բերած մարզիկներն են՝ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, Լեւան Բերիանիձեն եւ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը: Մյուս մարզիկները օլիմպիական վարկանիշի համար պայքարը կշարունակեն 2016 թվականին:
Աշխարհի առաջնություններն այս տարի վարկանիշային էին, բայց հայ մարզիկներն իրենց ամենաիրական հնարավորությունները չկարողացան օգտագործել: Հայ ըմբիշները օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն կունենան 2016թ. ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում կայանալիք եվրոպական ընտրական մրցաշարում, եթե իհարկե կարողանան դուրս գալ եզրափակիչ փուլ: Եվս մեկ հնարավորություն կտրվի մարզիկներին արդեն ապրիլին՝ Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում անցկացվելիք առաջին համաշխարհային ընտրական մրցաշարում, որը հրաշալի հնարավորություն է` հաշվի առնելով, որ յուրաքանչյուր քաշային կարգում վիճարկվելու է երեք օլիմպիական ուղեգիր, ու դժվար է պատկերացնել՝ 3 լավագույնների մեջ չհայտնվելուց հետո արդյոք կարիք կա՞ մեկնել Ռիո: Այնուամենանիվ, մի վերջին հնարավորություն էլ ըմբիշներին կտրվի մայիսի 6-8-ը Ստամբուլում կայանալիք վերջին ընտրական մրցաշարում:
Ընտրական մրցաշարերի մասին խոսելով` չենք կարող չանդրադառնալ հայ բռնցքամարտիկների ոչ այնքան հեշտ դրությանը: Դոհայում կայացած աշխարհի առաջնությունում հայ մարզիկները ուղեգիր չկարողացան նվաճել, եւ հիմա ուղեգրի համար պայքարը նրանց տանում է Բաքու եւ Ստամբուլ` այդպիսով խիստ սահմանափակելով հնարավորությունները:
Հայ ձյուդոիստները եւս իրենց նվաճումներով հպարտանալ չեն կարող. Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը եւ Ֆերդինանտ Կարապետյանը Չինաստանի Ցինդաո քաղաքում մասնակցեցին Օլիմպիական խաղերի համար վարկանիշային միավորներ ապահովող Գրան պրիին, բայց ձեռնունայն վերադարձան մրցաշարից:
Ինչ վերաբերում է հայ ծանրորդներին, ապա վերջիններս հենց այս օրերին փորձում են օլիմպիական ուղեգրի պայքարում հաղթող դուրս գալ: Առաջնությունը դեռ նոր է մեկնարկել, գրանցած հաջողությունների մասին խոսել դեռ չենք կարող, բայց Հայաստանի հավաքականի ուժեղագույն մարզիկները դեռ մրցահարթակում չեն եղել:
Այս ամենից հետո նշենք նաեւ, որ գրեթե անսխալական կանխատեսումներով հայտնի «Infostrada Sports» կազմակերպության մասնագետների կարծիքով՝ Հայաստանը Ռիո-2016-ում նվաճելու է 2 ոսկե մեդալ ու թիմային հաշվարկում զբաղեցնելու է 56-րդ տեղը: Ըստ կազմակերպության՝ Հայաստանին օլիմպիական չեմպիոնի կոչումներ են բերելու ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը: Դժվար է չհամաձայնել, որ հենց վերջինիս հետ են կապված ոսկե մեդալի բոլոր հույսերն ու ակնկալիքները:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ