Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հանդիպում
Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 19:43

«ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ՈՐ ԱՌԳՐԱՎՎԱԾԸ ՏԻՐԻ ՀՐԱՑԱՆ ՉԷ»

 

Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշի առանձնատներից մեկում ԱԱԾ-ի եւ ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերվեց եւ վնասազերծվեց հանցախումբ: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով ու 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Հանցավոր համագործակցության ղեկավարն ու տասնյակից ավելի անդամները ձերբակալված են: Բնակարանում հայտնաբերված զենք-զինամթերքը, քարտեզները, գրականությունը փաստում են հանցագործություններ կատարելու ուղղությամբ վերջիններիս նախապատրաստական աշխատանքները: Սակայն, հանրային արձագանքը տեղի ունեցածին բավական տարօրինակ էր, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ՀՀ Ոստիկանության պետի խորհրդական ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ հետ:

 

- Պարոն Մալյան, հանցավոր խմբի բացահայտման լուրը զարմանալիորեն այլ կերպ ընդունվեց հասարակության որոշ շրջանակների կողմից: Մասնավորապես եղան կարծիքներ, թե իբրեւ այդ ամենը բեմադրված էր: Ի՞նչ կասեք այս մասին:
– Շատ հետաքրքիր է որոշակի կոնկրետ մարդկանց նման շահարկումները: Պարզապես, մի բան կասեմ` շուտով նախաքննություն կլինի, ապա դատաքննություն, ու շատ հարցերի պատասխաններ կիմանանք: Այդ շտապողականությունը չեմ հասկանում, հասարակությունն ուզում է բոլոր հարցերի պատասխանները մի վայրկյանում իմանալ: Ընդ որում, որ այդ անպայման լինի իր ուզած ձեւով` իր պատկերացումների շրջանակում: Այն հանցակազմը, որի մասին տեղեկանում ենք հրապարակված լուրերից, ծանր հանցագործություն է, եւ ի՞նչ է ստացվում. ձերբակալված 19 հոգին դերասաննե՞ր էին, որոնք, ասենք, 7-8 եւ ավելի տարի կնստեն բանտում: Չեմ կարծում, որ որեւիցե մի սերիալ այդքան երկար կարող է եթերում մնալ, նույնիսկ մի ողջ եթերաշրջանն անգամ չէր կարող սա ապահովել: Սա, իհարկե, որպես ՀՀ քաղաքացի եմ ասում, իսկ որպես իրավապահ համակարգին մոտ կանգնած մարդ` ինձ համար անգամ ծիծաղելի էլ չէ, այլ ցավալի է: Սա նեղ հասարակական խնդիր է, եւ ես էլ դուրս չեմ այդ խնդրից: Ինչ-որ մարդկանց կարծիքների մեջ տեսնում եմ շատ անառողջ միտում ու չէի ցանկանա, որ այդ մտավախություններս հաստատվեին: Որոշ մարդիկ կան, որոնք բավական մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում տեղի ունեցածը ինչ-որ մի հնարավոր վարկածի վրա փաթաթելու ուղղությամբ: Մինչդեռ այն, ինչ կատարվեց, մի գործողություն է, որը մեծ հաշվով հասարակության բոլոր խավերի, քաղաքական եւ սոցիալական բոլոր շերտերի շահերից էր բխում: Հետեւաբար ֆեյսբուքյան «էսթետիկական» փոփոխություններ մտցնելը իրավապահների գործողությունների մեջ, այն էլ այն մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` վնասազերծել են հանցավոր խմբին, մեղմ ասած, ճիշտ չէ: Չմոռանանք, որ ընդամենը վերջերս նման գործողության ժամանակ Փարիզում կրակվեց 5 հազարից ավելի փամփուշտ, վիրավորվեց 4 ոստիկան, մահացան ահաբեկիչների մեծ մասը, իսկ մեզ մոտ այդ ամենը կատարվեց շատ արագ ու հանգիստ, առանց զոհերի:
– Այնուամենայնիվ, գտնվեցին մարդիկ, ովքեր ակտիվորեն անցան հանցավոր խմբի անդամների պաշտպանության գործին: Որքանո՞վ է սա տրամաբանության սահմաններում:
– Չեմ կարծում, որ որեւէ առողջ մարդ նման տեսակետ հայտնի: Կարելի է այսպիսի փորձ անել, վաղը եթե բաց թողնեն այդ խմբի անդամներին, նույն մարդիկ կասեն` դրանք իշխանության մարդիկ էին, դրա համար էլ նրանց բաց թողեցին: Եթե 8 տարի տան նրանց, կասեն` տեսաք, անտեր էին, կալանավորեցին: Ցանկացած ելք կտեսնեք, որ շահարկման առիթ կդառնա: Սակայն, նույնիսկ ձեւավորված պահանջ էլ չկա հասարակության կողմից, ասենք, որ բաց թողնեն այդ մարդկանց, ինչն ընդհանրապես, աննորմալ կլիներ: Սա ընդամենը «կապրիզային» հակադրում է: Պետք է հասկանալ, որ տիրի հրացան չեն առգրավել, այլ «Ֆ1» նռնակներ, որի գործողության շառավիղը 200 մետրից ավելի է: Որեւէ մեկը կարո՞ղ է համոզված ասել, որ իր հարազատներից մեկը պատահական այդ 200 մետր շառավղի մեջ չէր հայտնվի: էլ չեմ ասում 46 հատ «ՌԳ» նռնակների, հակատանկային բեկորային ական` «ՄՈՒՎ 50»-ի, մոտ 1200 գրամ «տրոտիլ» պայթուցիկ նյութի մասին, որոնք հայտնաբերվել են այդ բնակարանում: Ուղղակի, մարդիկ պետք է հասկանան, թե ինչ է սա նշանակում, նոր Ֆեյսբուքում ճտպտան, բլբլան: Ինչ ասեմ, նորմալ եմ վերաբերվում այդ տեսակետներին, սա հասարակական կարծիք է, որը մեր երկրում մի քիչ հիվանդ է:
– Պաշտպանելով հանդերձ, որպես փաստարկ, ոմանք բերում են այն, որ հանցավոր խմբի անդամներից մի քանիսը հայրենասիրական դիրքերից են հանդես եկել իրենց սոցցանցային գրառումներում:
– Չեմ ուզում որեւէ մեկին որակում տալ, բայց եկեք չմոռանանք, որ բոլոր զենքով «հարց լուծողները» միշտ «հայրենիք» բառն իրենց տեքստերում ամենաշատն են օգտագործել: Որպես օրինակ` բերեմ Փարիզի ահաբեկչական դեպքերը, քանի որ դեռ թարմ է. ահաբեկչության կազմակերպիչներն ու իրականացնողներն էլ էին «հայրենիք» բառն անընդհատ արտաբերելով` այդ սպանդն իրականացնում: Եվ իրենք էլ էին վստահ, որ ինչ-որ լավ, բարի,  հայրենասեր գործ են անում: Այնպես որ, այս ամենին օրենքն իր գնահատականը կտա, իսկ օրենքից դուրս ցանկացած գնահատական սիրողական մակարդակի է:
– Ամեն դեպքում, հետաքրքիր է Ձեր տեսակետն այն վարկածի շուրջ, որ այստեղ որեւէ քաղաքական հիմք կա:
– Մոտիկից ծանոթ եմ շատ արմատական ընդդիմադիր գործիչների, եւ չի եղել մի դեպք, որ որեւիցե մեկը ողջունի զենքով ինչ-որ հարցեր լուծելու եղանակը: Ձեզ էլ կհորդրորեմ բոլոր քաղաքական ուժերից, այդ թվում` ծայրահեղ արմատական, հարցնել, չեմ կարծում, որ կգտնվի մի առողջ մարդ, որը կողջունի նման քանակի զենքի կուտակումը: Ինչեւէ, ի տարբերություն շատ շատերի, ես դեռ կսպասեմ նախաքննությանն ու դատաքննությանը: Համենայնդեպս, այսքան ժամանակ զենքով որեւիցե մի քաղաքական հարցի լուծում չի տրվել:
– Արդյո՞ք անզգուշություն չէր տեղի ունեցածը ասոցացնել ահաբեկչական խմբավորման հետ, մասնավորապես` ԻԼԻՊ-ի, ինչպես արեցին մեր հայրենակիցները սոցցանցերում ու տարբեր լրատվամիջոցներով:
– Կխնդրեմ, կհորդորեմ, խորհուրդ կտամ բոլորին հետեւել պաշտոնական լրահոսին: Իսկ ոչ պաշտոնական կարող են լինել միլիոնավոր վարկածներ: Ինչ-որ մեկին ձեռնտու է սա ԻԼԻՊ-ի հետ կապելը, մյուսին` Բեն-Լադենի, մի երրորդին` այն վերագրել կենցաղային խնդրի, հաջորդը` այնքան հիվանդ կարող է լինել, որ մտածի, թե ռեակտիվ նռնականետը խաղաղ նպատակներով են պատրաստվում օգտագործել այդ մարդիկ: Կարծում եմ` ժամանակը բոլոր հարցերի պատասխանները կտա: Բայց, համենայնդեպս, այդ մարդիկ հենց այնպես` հետաքրքրությունից դրդված չէին այդ զենքերի հավաքածուն հավաքել: Ի դեպ, զենքի-զինամթերքի քանակով առ այսօր Փարիզի ահաբեկչական գործողություններից հետո օգտագործված եւ բռնագրավված զենքերի քանակը մի տաս տոկոսը չեն կազմում այն ամենի, ինչ-որ բռնագրավվեցին երեւանյան այդ տանը: Ոչ մի համեմատություն չեմ դնում այդ մարդկանց, նրանց նպատակների եւ զենքի օգտագործման հետ կապված, բայց զենքի քանակ է կուտակվել ինչ-որ մի խմբի մոտ, իսկ մենք ունեցել ենք էլի դեպքեր, երբ մի խումբ «ռոմանտիկների» մոտ զենք է կուտակվել...
– Եվ արդյունքն էլ եղել է անդառնալի:
– Այո, եւ ես` որպես ՀՀ սովորական քաղաքացի, շնորհակալ եմ բոլոր այն ծառայողներին եւ այդ գործողությունները ղեկավարողներին, որ իրենք, ուղղակի, իմ ու իմ նման շատ մարդկանց անվտանգությունը պատշաճ կերպով ապահովեցին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ