Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Նոյեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 28 29
30            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 19:54

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐԵՎԷ ՍՑԵՆԱՐ ԱՉՔԱԹՈՂ ԱՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ»

 

Օրերս Նորք-Մարաշ վարչական շրջանի սեփական տներից մեկում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերեցին հանցավոր խմբի: Այն, ըստ ԱԱԾ-ի, ձեռք էր բերել մի հսկայական զինանոց եւ պատրաստվում էր Հայաստանի տարածքում իրականացնել մի շարք ծանր հանցագործություններ:
Թեեւ ԱԱԾ-ն այդպես էլ ահաբեկչություն տերմինը չէր օգտագործել, սակայն սկզբնական պահին հիմնական խոսակցություններն այդ ուղղությամբ էին, ու այդ թեմայի զարգացման հիմք դարձավ փաստը, որ խմբի կազմակերպիչ Արթուր Վարդանյանը երկար տարիներ բնակվել է արտասահմանում, միայն ամիսներ առաջ է վերադարձել` անմիջապես էլ այս գործունեությանն է անցել. այսինքն՝ կարող էր նման պատվերով եկած լինել: Այնուհետեւ շրջանառության մեջ մտավ քաղաքականության վարկածը, թե բան էլ չկա, եւ սա ընդդիմությանը հարվածելու միջոց է: Բայց այս կերպ նորից Ա. Վարդանյանի անձն առաջին պլանում է. ի՞նչ ընդդիմություն, երբ նա ողջ գիտակցական կյանքը դրսերում է եղել եւ, չգիտես ինչի համար, նոր է հետ եկել:  Ինչեւէ՝ թե այս պատմությունն ուր կգնա, փորձեցինք պարզել հայաստանյան գործիչներից:


ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ դեռ հստակ կարծիք չունի.
- Հարցերի պատասխանը կարող է տալ միայն իրականացվող քննությունը: Մինչեւ քննության արդյունքները չլինեն, չեմ կարող որեւէ միտք արտահայտել, քանի որ կարծիքներն ու մեկնաբանությունները կարող են ամեն ինչ այլ ուղղությամբ տանել: Այստեղ կարող եմ միայն արծարծել երկու հարց: Նախ՝ եղել է անօրինական զենք, զինամթերքի ձեռքբերում, որի օգտագործումը կանխվել է: Եվ ստացվում է, որ մեր երկրում կա նման քանակներով զենք ձեռք բերելու մեծ հնարավորություն: Այսինքն, այս գործից զատ, բոլոր այն անձինք, ովքեր վաճառում են անօրինական զենք, պետք է հայտնաբերվեն եւ պատժի ենթարկվեն: Եվ, առհասարակ, պետք է զգոն լինել. եթե նկատվում են երեւույթներ, որոնք կարող են սպառնալ մեր անվտանգությանը, դրանց մասին անհրաժեշտ է իրազեկել երկրի անվտանգության աշխատակիցներին:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆՆ ավելացրեց.
- Դժվար է ասել, այս ամենն իրական է, թե ոչ. մեր երկրում ինչի՞ կարող ենք հավատալ: Չեմ ճանաչում հանցախմբի անդամներից ոչ մեկին: Սակայն հարցեր շատ կան, որոնց պատասխանը ես կցանկանայի իմանալ, եւ դրանից հետո պարզ կդառնար ամբողջ ճշմարտությունը: Այժմ ես տիրապետում եմ միայն իշխանության կողմից տարածված տեղեկատվությանը: Այս ամենի մեջ անհասկանալի շատ բաներ կան, չգիտես ովքեր են, ինչ նպատակներ են ունեցել: Սա այնպիսի խնդիր է, որի լուծումը կարող են տալ միայն իրավապահ մարմինները:

Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ փաստեց.
- Մինչ այս պահը շարունակում է անհասկանալի մնալ` հայտնաբերված խմբավորումը քաղաքակա՞ն, թե սովորական հանցախումբ է: Որեւէ մեկը տեղեկատվություն չունի զինված խմբավորման նպատակների վերաբերյալ, եւ այս առումով դժվար է ենթադրություններ անել: Սակայն պետք է հաշվի առնենք մեկ պարզ հանգամանք, որ մեր երկրում եւ տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ որեւէ սցենար բացառել կամ աչքաթող անել չի կարելի: Պետք է զգոն լինել, եւ լավ է, որ մեր ԱԱԾ աշխատակիցները կարողացան հայտնաբերել այդ խմբավորմանը: Այս ամենից հետո մնում է միայն սպասել զարգացումներին ե՛ւ Հայաստանի ներսում, ե՛ւ տարածաշրջանում: