Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հանդիպում
Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 15:29

«ՀԵՐՔՈՒՄ ԵՄ «ՀԱՅՈՑ ՎԱՀԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՎԵԼԸ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ԿՈՂՄԻՑ»

 

Վերջերս համացանցում եւ որոշ լրատվամիջոցներում ենթադրություն տարածվեց, թե նոյեմբերի 25-ին Երեւանի Նորք Մարաշ 9-րդ փողոցի տներից մեկում, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից վնասազերծված հանցավոր խմբավորումը եւ նրանց մոտ հայտնաբերված ահռելի չափով զենք-զինամթերքը իշխանությունների կողմից նախապատրաստված շոու է: Հնչեցին նաեւ հակառակ կարծիքներ` որ դա կապ ունի ընդդիմության հետ: Այս եւ այլ հարցերի պատասխանները լսելու համար դիմեցինք վնասազերծված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:

 

 

Դա հանրահայտ փաստ է, եւ որեւէ շոու չկա: Զենք-զինանոցը եղել է: Հավանաբար, նման հայտարարություն կատարելը չի բխում իմ պաշտպանյալի շահերից, բայց պետք է կրկնեմ, որ դա հանրահայտ փաստ է: Ես այն փաստաբաններից չեմ, որ կառչեմ նրանից, որ ապացուցման բեռը տվյալ դեպքում պետք է կրի մյուս կողմը: Դա ընդունում է իմ պաշտպանյալը, որ շոու չի եղել: Ավելին, որպես ՀՀ քաղաքացի` բարձր եմ գնահատում պետական լիազոր մարմնի` ԱԱԾ-ի աշխատանքը, որը փայլուն է կատարվել այդ քանակի զենք-զինամթերք հայտնաբերելու եւ առգրավելու ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, գտնում եմ, որ նախաքննության մարմինը պետք է ուշադրություն դարձնի այն հանգամանքի վրա, որ գրոհի ժամանակ, տվյալ տանը եղել են մեկ տասնյակից ավել մարդիկ, ովքեր ձեռքի տակ ունենալով այդքան զենք` որեւէ դիմադրություն չեն ցուցաբերել: Դա խոսում է այն մասին, որ տվյալ զենքն ուղղված չի եղել հայ մարդու կամ ՀՀ-ի դեմ:
– Տեղեկություն եղավ նաեւ, որ իբր հանցավոր խումբը ծրագրել է այդ զինամթերքը օգտագործել կառավարության, Ազգային ժողովի եւ նախագահի նստավայրի դեմ: Ավելին` ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն էլ իր ասուլիսում հայտարարեց, որ խումբն ունեցել է հանցավոր մտադրություն, ծրագրել է հրեշավոր գործողություններ իրականացնել` ուղղված իշխանության առանձին ճյուղերի, առանձին պաշտոնյաների եւ հասարակության դեմ: Ի՞նչ կասեք:

«ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ԱՐԹՈՒՐՆ ԸՆԴՈՒՆԱԿ Է ԶԵՆՔՆ ՈՒՂՂԵԼ ԴԵՊԻ ՀԱՅ ՄԱՐԴԸ»

–Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ պաշտպանյալը` որպես այդ խմբի ղեկավար, նման ցուցմունք չի տվել, եւ այս պահին ընթանում է նախաքննություն, որի ընթացքում շատ բաներ ի հայտ կգան: Կցանկանայի ավելացնել նաեւ, որ իմ պաշտպանյալը Եվրոպայում ստացել է փայլուն կրթություն, ունի ընտանիք, երեք անչափահաս երեխաներ, ապրել է բարեկեցիկ կյանքով: Թողնելով այդ ամենը` մասնակցություն է ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբի պաշտպանության կազմակերպմանը եւ իր ուրույն լուման է ներդրել այդ երկրի հայապահպանման գործում: Դա ինքնըստինքյան դրական է խոսում տվյալ անձի մասին: Հավանաբար տեղյակ եք, որ նա եղել է Արցախյան ազատամարտի մասնակիցներից մեկի որդին, ով ցավոք զոհվել է: Այդ տարիներին նույնիսկ խոսում էին, որ նրա հոր դիակը թշնամու կողմից վերցնելու համար այդ ժամանակվա իշխանությունները փոխանակել են կենդանի ազերի գերիների հետ, որը խոսում է տվյալ անձի ով լինելու մասին: Ես իրոք չեմ հավատում, որ Արթուր Վարդանյանն ընդունակ էր զենքն ուղղել դեպի հայ մարդը, կամ առավել եւս խարխլել պետականությունը: Եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ նա ընդունակ էր ձեռք բարձրացնել պետության, կառավարության կամ ՀՀ քաղաքացու վրա, նա կաշկանդված չէր` հենց ԱԱԾ աշխատակիցների գրոհի պահին դա իրականացնել: Սա շատ կարեւոր հանգամանք է եւ ենթակա է գնահատման:
– Այդ դեպքում հարց է ծագում` ո՞ւմ դեմ էր ուղղված այդ զենք-զինամթերքը, եթե հաշվի առնենք, որ նրանց շարքերում եղել են ակտիվիստներ, ովքեր այս տարի ամռանը Բաղրամյան պողոտայում իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում իշխանությունների դեմ` հոսանքի թանկացման հարցի շուրջ: Խմբում կան մարդիկ, ովքեր գործազուրկ են եւ ըստ էության դժգոհ են իշխանություններից:
– Թե ում էր ուղղված, զերծ կմնամ գնահատականներ տալուց: Վստահ եղեք,  նախաքննության ավարտին դրա պատասխանը կիմանաք:
Ինչ վերաբերում է նրան, որ մարդիկ ըմբոստացել են իշխանությունների վարած քաղաքականության դեմ, դա դեռ չի նշանակում, որ տվյալ անձն ընդունակ է զենք բարձրացնել կամ զինված հեղաշրջում կատարել: Կարող եք վիճակագրական հարցումներ անցկացնել եւ տեսնել, թե հանրապետության քաղաքացիների քանի տոկոսն է գոհ այսօրվա վարած քաղաքականությունից, եւ քանի տոկոսն է դժգոհ: Միեւնույն ժամանակ, կարող եք ճշտել, թե դրանցից քանի տոկոսն է պատրաստ զինված հեղաշրջում կատարելու:

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՆ ԵՐԿԻՐԸ ՉԷ, ՈՐ ԶԻՆՎԱԾ ՀԵՂԱՇՐՋՈՒՄՈՎ ՀԱՐՑ ԼՈՒԾԵՆ»
–Բայց չի էլ բացառվում, որ կլինեն մարդիկ, ովքեր զենք կվերցնեն եւ կգնան այդ քայլին…
– Նման դեպքում պետք է գործի պետության մահակը, պետության տոտալ քաղաքականությունը: Հայաստանն այն երկիրը չէ, որ զինված հեղաշրջումով հարցեր լուծեն: Հազարամյակի չափով պետականություն չենք ունեցել, պետք է դողանք պետության ու պետականության վրա, բայց ոչ այդ տարբերակով: Լավագույն օրինակը մեր հարեւան երկրներում է, որ նմանատիպ միջոցները բերեցին կործանարար հետեւանքների: Միեւնույն ժամանակ, չենք կարող բացառել, որ այսօր Հայաստանում կա խնդիր` գործադիրի վարած քաղաքականության արդյունքում, եւ ինչպես դուք նշեցիք, նրանցից շատերն էլ հայտնվում են գործազուրկի կարգավիճակում: Պատկերացրեք, որ այսօր մի դատավորի մոտ կա երկու հազար գործ, որից մոտ հազարը վերաբերում է բանկային գործառույթներին, որի արդյունքում Հայաստանի քաղաքացին դառնում է օրենքով բոմժ` բխող բոլոր կործանարար հետեւանքներով:
– Նշվում է նաեւ, որ խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով: Ունե՞ք տեղեկություններ, որտեղից եւ ում միւջոցով են դրանք փոխանցվել:
– Կրկին պետք է զերծ մնամ` հաշվի առնելով, որ ընթանում է նախաքննություն, առավել եւս, որ այս պահին այդքան էլ չեմ տիրապետում դրան:
– Կրկին անդրադառնալով հանցավոր խմբի վնասազերծումը շոու անվանողներին, Նորք-Մարաշ 9-րդ փողոցի մի շարք բնակիչներ այնքան ապշած էին տեղի ունեցածից, որ զարմանում էին, թե ինչպես են այդքան զենք տեղափոխել այդ բնակարան, որին նրանք ականատես չեն եղել եւ անգամ տարօրինակ բան չեն նկատել:
– Այն, որ եղել է զենք-զինամթերք` դա, կրկնում եմ, հանրահայտ փաստ է: Ճիշտ է, դա այս պահին խոսում է ի վնաս իմ պաշտպանյալի, բայց պետք է մատուցել արժանին` պետական լիազոր մարմնի գործողություններին, որոնք կարողացան ժամանակին տեղեկանալ զենքի մասին` կանխեցին, առգրավեցին: Փայլուն օպերացիայի արդյունքում կարողացան առանց զոհերի այդ ամենը կանխել: Բայց միեւնույն ժամանակ, ես արժանին եմ մատուցում այդ տանը գտնվող խմբի անդամներին, որոնք բացարձակ չեն դիմադրել, կամ զենք չեն կիրառել:
– Իսկ չե՞ք կարծում, որ խմբի անդամները պարզապես գլխի չեն ընկել ու միանգամից չեն հասկացել, թե ինչ է տեղի ունենում, հակառակ դեպքում կդիմեին զենքի կիրառմանը, եթե հաշվի առնենք, որ ԱԱԾ-ն առավոտ կանուխ է իրականացրել իր գործողությունները:
– Վստահեցնում եմ ձեզ, որ` ոչ, գոնե մեկ կրակոց կարձակվեր, եւ այդ կարծիքը միանշանակ չեմ կիսում: Ավելին, կարող ենք քննչական փորձարարություն կատարել եւ տեսնել, որ որքան էլ պահն անպատեհ է եղել խմբի համար, եւ պայմանականորեն բոլորը եղել են քնած, գոնե մեկ կրակոց կարող էին արձակել, եթե ցանկանային դիմադրություն ցույց տալ:

«ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԻՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ»

–Պարոն Բաղդասարյան, ինչպիսի՞ տրամադրություն ունի ձեր պաշտպանյալն այս պահին, եւ եթե ունեք տեղեկություն մնացածների մասին, նաեւ` նրանք:
– Այն ֆորմատը, որով առաջադրված է մեղադրանք իմ պաշտպանյալի նկատմամբ` ամբողջ մեղադրանքը չի ընդունում: Առողջությունը նորմալ է, ցուցմունք է տվել, իսկ մնացածը ցույց կտա նախաքննությունը:
– Արդյո՞ք չեք նկատում նրա մոտ այն վիճակը, որ գուցե փոշմանել է ինչ-որ բանի համար, կամ հակառակը` նյարդայնացել է, քանի որ չի կարողացել իրականացնել նախատեսված պլանները:
– Իմ պաշտպանյալը որեւէ գործառույթ չի իրականացրել, որի համար նա պետք է փոշմանի, արյուն չի եղել: Այս պահին չեմ տիրապետում, թե ինչ հետագա պլաններ է ունեցել նա: Այնքանով, որքանով նա ունի անցյալ, եւ այն եղել է հայրենանպաստ, գտնում եմ, որ այն պետք է ուղղված լիներ ի նպաստ հայրենիքի ու հայ քաղաքացու:
– Շրջանառվում էր նաեւ վարկած, որ խումբը գուցե հովանավորվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: Այս վարկածը որքանո՞վ եք հավանական համարում:
– Միանշանակ ոչ, հերքում եմ, քանի որ, եթե «Հայոց վահան» կազմակերպությունը հովանավորվեր «Իսլամական պետության» կողմից, չէր կարող այդ խմբավորումը իր ուրույն դերն ունենար հենց այդ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ