Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հանդիպում
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:20

«ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ «ԱՅՈ»-Ի ՁՆԱԳՈՒՆԴԸ ՄԵԾԱՑԱՎ»

 

Այսօր կավարտվի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, եւ թեպետ օրեր շարունակ Ազատության հրապարակից հնչում էին հայտարարություններ, թե իշխանությունները խուճապի կամ սարսափի մեջ են, պարզվեց, որ Բաղրամյան փողոցում արշալույսները շարունակում են խաղաղ մնալ: Ամփոփելով նախընտրական քարոզարշավը` «Իրավունքը» խորհրդարանում հանդիպեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցը սկսեց պատմական էքսկուրսով:

 

«1995 ԿԱՄ 2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԺՈՂՈՎՐԴԻ 99%-Ն ԱՆՏԵՂՅԱԿ Է»


–Բավականին արագ իրավիճակները փոխվում են, որովհետեւ դեռ 5-6 ամիս առաջ, երբ արդեն սկսվել էին սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները, բացառությամբ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի, բոլոր քաղաքական ուժերն ու առանձին քաղաքական գործիչները հայտարարում էին, թե ընդհանրապես չենք ցանկանում կարդալ եւ ուսումնասիրել այդ փաստաթուղթը: Այսինքն` դեռ նրանք չէին հասկանում, թե ինչ է մատուցվում հանրությանն, ու ինչ նպատակ են հետապնդում սահմանադրական բարեփոխումները: Բնականաբար, կրքերը թեժացան, եւ եղան կոչեր, թե որեւէ մեկը բովանդակային քննարկման մեջ չի մտնելու: Բայց դրանից հետո աստիճանաբար մտան բովանդակային քննարկման մեջ, եւ այս պահին չկա մի քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ, որը չմասնակցի այդ քննարկումներին: Չեմ ուզում առանձին էպիզոդների վերածել, թե տեսախցիկներն էին պատճառը կամ հեռուստատեսությամբ երեւալը, բայց այն ավելի ցայտուն երեւաց, երբ խորհրդարանում լսումներ անցկացվեցին: Ինչեւիցե, երբ քննարկումները սկսեցինք արդեն մարզերում` հանրության տարբեր շերտերի հետ, կար բացարձակ անտարբերություն, որը բխում էր ոչ իրազեկված լինելուց: Մարդիկ չգիտեին` ինչի մասին է խոսքը, եւ  երբ խոսում էինք ընդհանրապես սահմանադրության մասին, հասկացանք, որ 1995 կամ 2005 թվականների սահմանադրական փոփոխություններից ժողովրդի 99%-ն անտեղյակ է: Սա սովորական երեւույթ էր մարդկանց համար, որովհետեւ նրանց ավելի շատ հետաքրքրում էին իրենց սոցիալական վիճակը, առօրյա խնդիրները: Եվ բոլորիս առաջ` քաղաքական ուժերի, խնդիր դրվեց, որ մարդիկ պետք է իմանան սահմանադրության` մայր օրենքի կարեւորության մասին: Վերջիվերջո, մարդկանց սոցիալական վիճակը, իրենց հանապազօրյա հացի խնդիրը, կախված են օրենքներից, առավել եւս մայր օրենքից, եւ ոչ թե անհատներից: Ճիշտ է, սահմանադրական բարեփոխումների ազդեցությունն անմիջապես չի զգացվելու մեկ-երկու օր կամ ամիս հետո, բայց եթե այդ օրենքները դառնան գերակայություն, միայն այդ ժամանակ կարելի է մտածել մնացած ածանցյալների մասին` կլինի սոցիալական, մարդու պաշտպանվածության կամ մեկ այլ խնդիր:


«ԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐ, ՈՐՈՆՔ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆԱՄՈԼՈՒԹՅԱՄԲ»


–Պարոն Բաղդասարյան, իսկ որքանո՞վ էր արդյունավետ քարոզարշավը ռեալիթի շոուներով անցկացնելու տարբերակը:
– Ռեալիթի շոուները նոր մշակույթ էր, եւ հանրության մեծամասնությունն էլ ընկալեց, որ սա ոչ թե անհատների, այլ պետության շահերի համար է արվում: Հանրությունը տեսավ, որ «ոչ»-ը եւ «այո»-ն` իրար կողք կողքի կանգնած, մի ընտանիքի նման շրջում են ամբողջ հանրապետութունով: Սա հետաքրքիր էր, որովհետեւ ձեւավորվեց այն գիտակցությունը, որ ե՛ւ «այո»-ն, ե՛ւ «ոչ»-ը մեր ժողովրդի մասնիկներն են, եւ սա մի ընդհանուր գործընթաց է, որը կապված է երկրի ապագայի եւ ճակատագրի հետ: Նշեմ, որ առանձին հանդիպումները բավականին արդյունավետ եղան, եւ նաեւ մեկ այլ մշակույթ մշակվեց. ցանկացած ընտրությունների ժամանակ, կարծես թե, մրցույթ էր գնում, թե ով պետք է ավելի շատ հրապարակներում մարդ հավաքի, ու դրանով կորոշվի, թե ում կշիռն է ավելի մեծ: Մինչդեռ, հանրաքվեի ժամանակ սա բացարձակապես անարդյունավետ է, որովհետեւ հրապարակում հավաքված մարդիկ չեն կարողանում հարցեր տալ, պատասխաններ ստանալ: Դրա համար էլ ընտրեցինք դահլիճային փոքր հանդիպումները, եւ այդ հանդիպումներով հնարավորինս մարդիկ իրազեկվեցին: Այո, սկզբնական շրջանում կար անտարբերություն, հետո մարդիկ ուզում էին հասկանալ, թե այս փոփոխություններն ինչու են պետք, եւ աստիճանաբար «այո»-ի ձնագունդը մեծացավ: Մարդիկ կարողացան ընկալել, թե ինչի մասին է խոսքը, երբ դրեցին համեմատության մեջ ներկայիս սահմանադրությունը փոփոխվող սահմանադրության հետ: Առավել եւս «այո»-ի քանակը սկսեց աճել, երբ «ոչ»-երը չկարողացան հիմնավորել իրենց «ոչ»-ը: Հետեւաբար, քանի որ չէին կարողանում հիմնավորել իրենց «ոչ»-ը, անմիջապես մտնում էին ինչ-որ անձնական դաշտեր, սկսում էին քարկոծել անհատների, որը բացարձակապես կապ չուներ սահմանադրական փոփոխությունների հետ: Պարզապես, կան  քաղաքական հիվանդներ, որոնք տառապում են իշխանամոլությամբ, եւ ասում են, որ մեզ միայն իշխանություն է պետք, այս սահմանադրությունը պետք չէ: Բայց նրանք չեն հասկանում, որ իշխանություն կարող են ձեռք բերել միայն սահմանադրական ճանապարհով` ժողովրդի եւ ընտրությունների միջոցով: Իսկ այդ հնարավորությունն իրենց տրված է: Այնպես որ, պետք է ասեմ, որ, իհարկե,  չի կարելի ասել բացարձակ մեծամասնությամբ, բայց, համենայնդեպս, հանրության 60-70 տոկոսով իրազեկումը կատարված է, եւ մնում է արդեն ժողովուրդն ինքը որոշի իր կարծիքը:


«ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՃԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է»


–Տպավորություն է, որ առ այսօր իրազեկման խնդիր ունեն նաեւ որոշ քաղաքական գործիչներ` «ոչ»-ի «Նոր Հայաստան» փրկության ճակատի գլխավորությամբ, որովհետեւ Ազատության հրապարակում սահմանադրությանը «ոչ» ասելու փոխարեն, վանկարկում էին «մահ ռեժիմին»:
– Սա քաղաքական անճարության նշան է, որովհետեւ իրենք արդեն իրենց ռեսուրսն ուսումնասիրել են եւ հասկանում են, որ ընտրությունների միջոցով ոչինչի հասնել չեն կարող, որովհետեւ գիտեն իրենք ով են, իրենց հետեւից ո՞վ կարող է գնալ: Այդ իսկ պատճառով նրանք ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով, ինչ-որ ֆինանսավորումներով եւ նաեւ իրենց նեղացվածությունն արտահայտելով` մտածում են անկայունություն ստեղծել երկրում` հուսալով, որ կարող է հանկարծ իրենք պատահական դառնան իշխանություն: Իրականում նրանք ներքաղաքական իրավիճակը փորձելով քայքայել, ուղղակի, վատություն են անում ու թշնամություն հրահրում այս երկրում` ընդդեմ պետության: Անգամ ոմն Հ. Խուրշուդյան կոչ էր անում, որ մենք Ուկրաինայից վատն ենք: Այսինքն`  մտածում են մայդան ստեղծելու, արյան գնով ինչ-որ բանի հասնելու մասին: Նույնիսկ կոչեր են եղել Հայաստանը քայքայելու, միայն թե լինեն իշխանություն, թեկուզ Հայաստանը մնա միայն մի փոքրիկ մարզով:
– «Ոչ»-ի հրապարակային քարոզարշավներից ընդամենը օրեր առաջ «Նոր Հայաստանի» անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` ներքին եւ արտաքին հարցեր քննարկելու պատրվակով հանդիպում է ունեցել ՀՀ-ում իրենց դիվանագիտական գործունեությունն իրականացնող դեսպաններից մի քանիսի հետ: Չե՞ք կարծում, որ ՀՀ սահմանադրության հանրաքվեի քարոզարշավի մեջ դեսպաններին ներքաշելը, մեղմ ասած, ընդունելի չէ:
– Բոլոր միջազգային ատյանները, բոլոր երկրներն առաջին դեմքերի մակարդակով հայտարարել են, որ սա Հայաստանի հանրապետության ներքին գործն է, եւ իրենց միջամտությունն ավելորդ են համարում: Սրանով, ուղղակի, որոշ քաղաքական գործիչների կերպարն է պարզ դառնում, որ նրանք վազում են արտասահմանյան երկրներ, ինչ-որ հավաքներ են անում, որպեսզի ազդեցություն ունենան օտարերկրյա դիվանագետները եւ խառնվեն ՀՀ ներքաղաքական կյանքին: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ այդ հանդիպումից հետո նրանք որոշեցին, թե նման տիպի միտինգներ պետք է անեն: Պարզապես, իմիտացիա են ստեղծում, թե տեսեք` ամբողջ աշխարհին ի լուր հայտնում ենք, որ մենք վատն ենք, մեր երկիրն ու մեր իշխանությունները վատն են, եւ ամենալավը մենք ենք միայն: Սրանով նրանք եւս մեկ անգամ փորձում են վարկաբեկել սեփական երկիրն ու պետությունը, ինչին ականատես եղել ենք նաեւ Եվրախորհրդում:
– ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սպառնում է ընտրատեղամասերը հանրային հարթակների վերածել: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ներողություն, բայց որեւէ կերպ չեմ պատրաստվում մեկնաբանել այդ կնոջ ասածները: Բազմիցս ասել ենք, որ նրանով այլ մասնագետներ պետք է զբաղվեն:


«Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՎՐԱՆՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼ, ՍԱ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԲՈՍՏԱ՞ՆՆ Է»


–Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքին հայտնվեց ծաղիկներով, որը հետո տարավ ՀՀԿ գրասենյակ, ապա հին սովորության համաձայն նստացույց էր անում: Ընդհանրապես, այս տեսակ ապաշնորհ «ոչ»-ի քարոզչությունը չե՞ք կարծում, որ բխում է «այո»-ի շահերից:
– Ավելին ասեմ` նաեւ քաղաքագետների գնահատմամբ` ինչքան նմանատիպ երեւույթներ լինեն, այնքան ժողովուրդը հասկանում է, որ այս մարդիկ բացարձակապես կապ չունեն սահմանադրության հետ:

Նրանք միայն  իշխանության գալու մոլուցքով են տառապում եւ ցանկանում են վրեժ լուծել ինչ-որ մարդկանցից: Բայց ես կասեի` սեփական ժողովրդից են իրենք վրեժ լուծում, եթե մարտի 1-ի ու մայդանի կոչեր են անում ու ցանկանում են, որ նման երեւույթները կրկնվեն, խարխլվի երկրում իրավիճակը, եւ իրենք հրաշքով դառնան իշխանություն: Բնականաբար, այդ մարդկանց գնահատականը պետք է տա հանրությունն ու հասարակությունը: Ես դատարկություն եմ համարում նման երեւույթները: Ի՞նչ է սա նշանակում, 100-150 հոգի նստեն ու ասեն` նստացույց ենք անում, ու մինչեւ իշխանությունը չհեռանա այստեղից` չենք հեռանալու: Ու այդպես ամեն տարի պետք է իշխանությո՞ւն փոխենք: Իսկ ընդհանրապես, կա՞ իշխանություն, որին մեկ-երկու հազար մարդ դեմ չլինի: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը: Այդպե՞ս են քաղաքական դաշտը կառուցում, երկրի ապագան տեսնում: Նորից եմ կրկնում` թող գան եւ ասեն` սահմանադրական բարեփոխումների որ դրույթի հետ համաձայն չեն: Բայց եթե հանկարծ անցնի սահմանադրական հանրաքվեն, իրենք կգան եւ այդ բարիքներից` այս լավ սահմանադրությունից կօգտվեն: Փաստորեն, երկու կողմից էլ շահեկան են իրենք դուրս գալիս, որովհետեւ իրենց ամենալավ ճանապարհը իշխանության գալու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են` նոր սահմանադրական բարեփոխումներով:
– Ամեն դեպքում, «ոչ»-ի անհնազանդության կոչերին ականջալուր եղավ միայն եղանակը, եւ ինչպես ՀԱԿ-ն, այժմ էլ «Նոր Հայաստանն» առաջարկում է «ոչ»-երին վրաններով տեղավորվել Ազատության հրապարակում:
– Ի՞նչ է նշանակում վրաններով տեղավորվել, սա իրենց անձնական բոստա՞նն է, որ բերեն տեղադրեն եւ մնան: Մենք ասում ենք` ինչը օրենքի սահմաններում է,  որեւէ խոչընդոտ չի լինի, բայց անհնազանդության կոչեր եւ անհնազանդության երթեր անելու դեպքում, որը չի տեղավորվում օրենքի մեջ, բնականաբար, նման երեւույթներ չեն կարող լինել: Ընդ որում ասեմ, որ այդ ՀԱԿ-ն էլ բավականին հարաբերական է ասված: Կարող եք ասել ինչ-որ ներկայացուցիներ, որովհետեւ չկա «ոչ»-երի մեջ մի քաղաքական ուժ, որոնք միասնական կլինեն այս խնդրում: Կարող եմ ասել, որ ինչ-որ նեղացած մարդիկ մարդկային խմբեր են, որոնք իրենց անունը քաղաքական ուժ են դրել, ցանկանում են մի քանի հոգով գալ վրաններով նստել եւ տպավորություն ստեղծել, թե այս երկրում ամեն ինչ շատ վատ է: 100-120 հոգով հավաքվում են ու խոսում ժողովրդի անունից, սա անթույլատրելի է, ժողովրդի անունը շատ զգույշ պետք է օգտագործել, ու ընդհանրապես ժողովրդի խոսքը դեկտեմբերի 7-ին պարզ կլինի, երբ հանրաքվեի արդյունքներն ամփոփվեն:


«ՓՈՐՁԵՑԻՆ ՄԱՄՈՒԼՈՎ ՄՐՈՏԵԼ, ԲԱՅՑ ՏԵՍԱՆ, ՈՐ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ»


–Եվ մի վերջին հարց. հանրության որոշ շրջանակներում եւ նաեւ մամուլում տեսակետներ են հնչում, թե Հանրապետականն իր ողջ ռեսուրսը գործի չդրեց այս ընտրությունների ժամանակ: Արդյո՞ք սա պայմանավորված է վստահությամբ, որ «այո»-ն հաղթելու է:
– Մեր հաղթաթուղթն այդ փաստաթուղթն է: Զարմանում եմ հանրության եւ նաեւ լրագրողների այդ կարծիքների վրա: Սկզբում ասում էին, որ ՀՀԿ-ն իր բոլոր ռեսուրսներն օգտագործում է, անգամ շտաբը ձեւավորել է առաջին դեմքերով, որպեսզի վարչական ռեսուրսներ օգտագործի, հիմա էլ ասում են` ողջ ռեսուրսը չօգտագործեց: Սա անհատի ընտրություն չէ, որ գնամ, որպես անհատ, իմ բարեկամ-հարեւաններին խնդրեմ, որ իմ «խաթր» ընտրության գնան: Իսկ ռեսուրսի օգտագործումը մեր քարոզչական խմբերն են եղել, որոնք հնարավորինս ամենաբարձր մակարդակով կարողացել են բոլոր տեղերում լինել, որպեսզի կարողանան ժողովրդին իրազեկել սահմանադրական բարեփոխումների մասին: Եվ ընդդիմադիրներն էլ գիտեն, որ սա շատ լավ փաստաթուղթ է, որը հավանության է արժանացել ոչ միայն Վենետիկի հանձնաժողովի կողմից, այլեւ միջազգային բոլոր ատյաններում: Ու բոլորն էլ արձանագրել են, որ սա բավականին լուրջ առաջընթաց է: Իսկ էլ ի՞նչ ռեսուրսի մասին է խոսքը, նման կարծիքներ հայտնողները սպասում էին, թե պետք է կաշառքնե՞ր բաժանենք, գնանք ստիպողական ցուցակնե՞ր հավաքենք: Ի դեպ, փորձեցին նաեւ մամուլով մի քանի անգամ մրոտել, բայց տեսան, որ չի ստացվում, դրանք լրիվ սին տեղեկատվություններ էին: Մենք օգտագործել ենք մեր հնարավոր ռեսուրսները` քարոզչական մեքենայի միջոցով:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ