Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հանդիպում
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:26

«ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ  ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ»

 

Հնարավո՞ր է, որ ռուս-թուրքական հակամարտությունը Հայաստանում հանգեցնի ռազմական բախումների: Մեկնաբանելով վերջին օրերին լայն շրջանառության մեջ մտած այս թեման՝ մեզ հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց.

 

-Գնահատելով ստեղծված իրավիճակը` պետք է փաստել, որ լայնամասշտաբ  ռազմական գործողություններ չեն լինելու: Քանի որ Թուրքիան այն պետությունը չէ, որպեսզի կարողանա Ռուսաստանի Դաշնության դեմ գործադրի ռազմական ուժ: Իմ համոզմամբ՝ Ռուսաստանն ինքը եւս չի դիմի նման քայլի:
Ռուսաստանը պարզապես իր խոցված ինքնաթիռի միջադեպի պատճառով կօգտագործի  տնտեսական, քաղաքական, դիվանագիտական միջոցներ՝ ճնշելով Թուրքիային. նման արարքը միանշանակ Ռուսաստանն անպատիժ չի թողնի: Բայց Հայաստանի համար որեւէ ռազմական սպառնալիք ես չեմ տեսնում: Հայաստանի համար ստեղծված իրավիճակում միայն մի վտանգ եմ տեսնում. հնարավոր է, որ Թուրքիան, ելնելով իր շահերից, փորձի Ադրբեջանին դրդել, որպեսզի Բաքուն լարվածություն ստեղծի հայ-ադրբեջանական շփման գծում: Բայց, միաժամանակ, համոզված եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, իմանալով մեր բանակի իրական պատրաստվածության վիճակը, ինչպես նաեւ ՌԴ-ի մոտեցումը այդ հարցին եւ սթափ գնահատելով իրավիճակը,  որեւէ քայլի չի դիմի` հասկանալով, որ ինքը կարող է հայտնվել երկու կրակի արանքում: Ամեն դեպքում՝ ակնհայտ է, որ այսօր Ադրբեջանը գտնվում է շատ բարդ իրավիճակում: Մի կողմից՝ իր միակ դաշնակից պետությունը` Թուրքիան է հայտնվել նման վիճակում, եւ Բաքուն պետք է նրան աջակցի: Բայց մյուս կողմից՝ հասկանում ու գիտակցում է, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի եւ Ղարաբաղի հարցում շատ մեծ է: Այդիսկ պատճառով նա կվախենա հակառուսական եւ հակահայկական որեւէ մի քայլ անել:
- Այսինքն՝ ստեղծված թուրք-ռուսական լարված իրավիճակը որեւէ կերպ չի՞ կարող փոխանցվել ԼՂՀ:
- Միանշանակ՝ ոչ: Ինչպես ասացի` Թուրքիան ամեն բան կանի Ադրբեջանին ներքաշելու համար, մտածելով, որ եթե լարվածություն ստեղծվի Ղարաբաղի շփման գծում, դա կստիպի Ռուսաստանին ներքաշվել նաեւ դրա մեջ: Բայց Ալիեւը, ամեն դեպքում, նման ռիսկի չի գնա:
- Խոսակցություններ կան, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է Հայաստանում ընդլայնել ռուսական ռազմաբազան: Դա ինչի՞ մասին է ակնարկում:
- Ստեղծված իրավիճակում բնական է, որ հայկական եւ ռուսական կողմերը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն, որպեսզի կանխվեն բոլոր բացասական զարգացումները: Իսկ այդ քայլերից մեկն է` ուժեղացնել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական ուժը: Ինչ վերաբերում է հայկական ուժին` դա արդենիսկ կա: Ռուսական բազան կհամալրվի նաեւ օդուժով` «Էրեբունի» կտեղափոխվեն ՄԻ-24 հարվածային ուղղաթիռներ, ինչը կուժեղացնի բազայի հնարավորություններն արագ տեղաշարժվելու առումով: Այնպես որ՝ ռուսական ռազմաբազայի ընդլայնումը, հզորացումը բխում է նաեւ Հայաստանի շահերից: Կարեւորը, որ դա կանխելու է այն բացասական քայլերը, որոնք հնարավոր է, որ անցնի Ալիեւի մտքով: Այսինքն՝ ՌԴ-ն Հայաստանում տեղակայված ռազմաբազան հզորացնելով` նաեւ նախապես չեզոքացնում է թշնամու կողմից հնարավոր քայլերը: Հայաստանը եւս պետք է մտածի այդ վտանգները չեզոքացնելու մասին՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ ռազմական քայլերով, ինչը եւ արվում է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ