Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:37

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերին Երեւան կատարելիք այցի ընթացքում հայտարարեցին, որ նպատակ ունեն մինչեւ այս տարվա վերջ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ըստ նրանց՝ երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 6-ից հետո, երբ Հայաստանում ավարտվի Սահմանադրական բարեփոխումների համար անցկացվող հանրաքվեն: Եվ դրանից հետո էր, որ լարվեցին Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները, որի պատճառով  էլ երկու երկրներն ամրացնում են իրենց սահմանները: Այսպիսի իրավիճակում արդյոք իրատեսակա՞ն է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Կամ հանդիպման կայանալու դեպքում՝ ինչ-որ արդյունքներ կարելի՞ է ակնկալել: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ վերլուծաբանների հետ:

Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշեց.
- Չեմ կարծում, որ ստեղծված լարվածությունը կարող է խանգարել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Սակայն այստեղ կարեւորն այն է, որ այդ հանդիպումը չի կարող արդյունք տալ, քանի որ անվստահության մակարդակը շատ բարձր է, իսկ սահմանային լարվածությունը չի թուլանում: Եթե հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվությունը չլիներ, թերեւս հանդիպումն իմաստ կունենար, ինչն էլ հնարավորություն կտար բանակցությունները վերսկսելու երկխոսություն իրականացնել:

Ադրբեջանագետ ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆՆ ընդգծեց.
- Նախկինում ավելի լարված իրավիճակներ են եղել, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են: Այժմ էլ հնարավոր եմ համարում նրանց հանդիպումը: Սակայն այստեղ խնդիրն այլ է` արդյոք հանդիպումը արդյունքներ կտա՞. կասկածում եմ, որ առաջիկայում ԼՂՀ հիմահարցի կարգավորման ուղղությամբ որեւէ առաջընթաց կգրանցվի: Ամեն դեպքում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ չեմ կարծում որ խնդիրներ կառաջանան հանդիպման հարցով:

Քաղաքական եւ միջազգային փորձագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ փաստեց.
- Իհարկե, երկու երկրների նախագահների հանդիպումը հնարավոր է, համոզված եմ նաեւ, որ շատ անհրաժեշտ է: Կարծում եմ, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում պետք է ներառվեն մի քանի կարեւոր տարրեր: Նախ` երկու երկրների միջեւ կնքված զինադադարի ամրապնդման ուղղված համաձայնագիրը նորից պետք է թարմացվի, եւ մեխանիզմներ ներդրվեն, որոնք կբացառեն սադրանքների հնարավորությունը: Բացի այդ՝ հնարավորություններ կստեղծվեն սադրանքները հետաքննելու համար: Սահմանային այն լարվածությունը, որը պարբերաբար լինում է, թույլ չի տալիս, որպեսզի բովանդակային քննարկումներ տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների վերաբերյալ: Այս պայմաններում, երբ ռուս-թուրքական հարաբերությունները խիստ լարված են, կարծում եմ` Հայաստանն ու Ադրբեջանը հասկանում են, որ շահեկան չէ լինել մուրճի եւ զնդանի արանքում: Այսինքն՝ հանդիպումը տեղին կլինի, եւ այնտեղ քննարկելու շատ բան կլինի: Հանդիպումից առանձնապես ակնկալիքներ չունեմ, բայց հանդիպումն էլ արդեն իսկ արդյունք կլինի, քանի որ բանակցելն ու երկխոսելն ավելի գերադասելի է, քան դիպուկահարների տեղակայումը սահմանին, որը բազմաթիվ երիտասարդների կյանք է խլում: