Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Թեմա
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:41

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

 

Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է այս կամ այն տեսակի հաշմանդամությամբ, եւ 200 միլիոն մարդ գործունեության ընթացքում առնչվում է զգալի դժվարությունների հետ: Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձինք առողջապահական, կրթական եւ տնտեսական բնագավառներում մասնակցության համեմատաբար ցածր եւ աղքատության ավելի բարձր ցուցանիշներ ունեն:

Սա մասամբ այն պատճառով է, որ հաճախ առողջապահական, կրթական, զբաղվածության, տրանսպորտային եւ տեղեկատվական ծառայությունները մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Իսկ թե ի՞նչ խնդիրների հետ են հաճախ բախվում հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում, ի՞նչ արտոնություններից են օգտվում եւ թվային առումով որքա՞ն հաշմանդամություն ունեցող անձինք կան գրանցված ՀՀ-ում՝ փորձեցինք պարզել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության մասնագետ ԿԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ:
- Պետք է ասեմ, որ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը տարեցտարի աճում է: Օրինակ, եթե 2013 թվականին ունեցել ենք 186 384 հաշմանդամ, որից հաշմանդամ երեխաները 8078-ն էին, ապա 2014-ին` 193 836 ¥8171 երեխա¤, իսկ ահա 2015 թվականի հուլիս ամսվա տվյալներով` ունենք 200 401 հաշմանդամ: Այդ թվում՝ 1-ին խմբի՝ 10 598, 2-րդ խմբի՝ 82 753 եւ  99 003-ը` 3-րդ խմբում են: Հաշմանդամ երեխաների թիվը վերջին տվյալներով  8047 է:
- Ինչո՞վ եք բացատրում այդ աճը:
- Աճը պայմանավորված է հիվանդացության ավելացմամբ: Մասնավորապես` սիրտ-անոթային հիվանդություններով, նորագոյացություններով: Հաշմանդամների թվի աճի վրա ազդել են նաեւ բազաների ճշգրտումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը, սոցիալական, էկոլոգիական վիճակները եւ այլն:
- Իսկ ի՞նչ արտոնություններից են օգտնվում վերոհիշյալ անձինք:
- Բոլոր հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար բուժման, բուժսպասարկման, պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ ստանալու արտոնություն:
1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողներն ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք`  50 տոկոս զեղչով դեղեր ստանալու արտոնություն: 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնություն: Ինչպես նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հաշմանդամության հիմնական կենսաթոշակի չափը կազմում է` 1-ին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 140 տոկոսը, 2-րդ խմբի համար` 120 տոկոսը, 3-րդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 100 տոկոսը:
- Հետաքրքրիքիր է՝ բացի նշվածից՝ հավելյալ արտոնությունները ունե՞ն հաշմանդամ ուսանողները:
- Այո, միանշանակ ունեն: Օրինակ` ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած  1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն  եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում: Պետական բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության անվճար համակարգում սովորող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն  եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող, ցերեկային ուսուցում ստացող անձինք հերթական քննությունները եւ ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում ստանում են կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ կենսաթոշակից:
- Կխնդրեինք անդրադառնալ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին: Որո՞նք են այն հիմնական խոչընդոտները, որոնց հանդիպում են նրանք Հայաստանում:
- Առհասարակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական խնդիրները երեքն են`  շրջակա միջավայրի մատչելիության ապահովումը, վերականգնողական կենտրոնների ստեղծումը, զբաղվածության խնդիրների ապահովում: Պետք է նշեմ, որ հաշմանդամություն ունեցող  անձանց վերականգնման, նրանց համար մատչելի եւ հավասար պայմաններ ստեղծելու, հասարակական կյանքին նրանց ներառելու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաեւ  այլ գերատեսչությունների կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր: Օրինակ՝ տեսողության խնդիրներ ունեցող անձինք ապահովվում են  բրայլյան գրքերով, բրայլյան տետրերով, «խոսող գրքերով» եւ այլն: Կազմակերպվում եւ իրականացվում է պետական բյուջեի միջոցներով վերականգնողական պարագաների` սայլակների, լսողական սարքերի ձեռքբերումն ու  բաշխումը հաշմանդամներին, ինչպես նաեւ մինչեւ 12 տարեկան երեխաներին լսողական սարքերի ներդիրներով ապահովումը: Իրականացվում են սոցիալական, կրթական եւ առողջապահական ծառայություններ: Լսողության խնդիրներ ունեցող  12-18 տարեկան երեխաները եւ18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են հավաստագրեր, որոնց միջոցով նրանք ձեռք են բերում իրենց լսողությանը առավել համապատասխան եվրոպական արտադրության լսողական սարքեր:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ