Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Թեմա
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 17:47

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԳԵԼՔԸ, ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանն ի պատասխան` առաջին լուրջ քայլը Ռուսաստանի կողմից երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրն էր Ռուսաստանի եւ նրա քաղաքացիների անվտանգության ապահովման եւ Թուրքիայի դեմ «հատուկ տնտեսական միջոցառումների» կիրառման մասին:

Համաձայն հրամանագրի, վերացվում է Թուրքիայի քաղաքացիների առանց վիզայի մուտքը Ռուսաստան, արգելվում են մի շարք ապրանքների ներմուծումը Ռուսաստան, օդային չարտերային թռիչքների արգելք է մտցվում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, խստացվում թուրքական ավտոփոխադրողների նկատմամբ հսկողությունը, արգելվում է գործատուներին` աշխատանքի վերցնել Թուրքիայի քաղաքացիներին, սահմանափակվում է թուրքական շինարարական ընկերությունների գործունեությունը Ռուսաստանում, խորհուրդ է տրվում ռուսական զբոսաշրջային ընկերություններին ձեռնպահ մնալ Թուրքիա զբոսաշրջիկներ ուղարկելուց եւ այլն:
Այնուհետեւ ՌԴ կառավարությունը հրապարակեց այն ապրանքների ցանկը, որոնք արգելվելու են Ռուսաստան ներմուծել 2016-ի հունվարի 1-ից: Այդ ապրանքներն են` հավի եւ հնդկահավի միսը եւ դրանից պատրաստված ապրանքները, մեխակը, պոմիդորը եւ տոմատը` թարմ եւ սառեցված, սոխը, կաղամբը, բրոկոլին` թարմ եւ սառեցված, վարունգը` թարմ եւ սառեցված, նարինջը եւ մանդարինը` թարմ եւ չորացրած, խաղողը, խնձորը, տանձը, ծիրանը, դեղձը, սալորը, մորին, ելակը, ինչպես նաեւ աղն իր բոլոր տեսակներով:
Առաջին հարցը, որ այս առնչությամբ տալիս են Հայաստանում, այն է, թե որքանո՞վ մեր արտադրողները կկարողանան փոխարինել Ռուսաստանում արգելքի տակ ընկած թուրքական ապրանքներին եւ ծառայություններին: Բնական է, որ ոչ ամբողջությամբ` մեր տնտեսությունը չունի այդ ծավալները: Սակայն, թուրքական ներկայությունից ազատված շուկայի մի մասը հայկական ընկերությունները կարող են զբաղեցնել: Դա վերաբերում է նախեւառաջ գյուղմթերքներին: Ռուսական շուկա Թուրքիայից ամենամեծ ծավալներով ներմուծվում է պոմիդորն ու վարունգը, իսկ վերջին տարիներին` ՀՀ-ում մեծ թափով կառուցված ջերմոցներում աճեցվող հիմնական արտադրանքը հենց պոմիդորն ու վարունգն են:
Հայ բեռնափոխադրողների համար էլ ավելի հեշտ կլինի անցնել Վերին Լարսի սահմանակետը` թուրքական փոխադրողներ, հետեւաբար նաեւ բեռնատարների հերթեր այլեւս չեն լինելու: Հայկական շինարարական կազմակերպությունները պարզապես բացառիկ հնարավորություն են ստանում Ռուսաստանում գործելու, ինչին նպաստում է նաեւ վերջերս ԱԺ կողմից ընդունված` արտերկրում շինարարական գործունեության նպատակով աշխատանք կատարող ընկերությունների հանդեպ եկամտային հարկի արտոնություն տրամադրելու մասին օրենքը: Գուցե քիչ հավանական թվա, բայց անգամ Հայաստանի ներկա զբոսաշրջությունը կարող է շահել:
Վերջերս ռուսական travel.ru կայքի վարկանիշով` Երեւանը ռուսաստանցիների ամանորյա հանգստի անցկացման ամենավարկանիշային քաղաքների եռյակի մեջ էր: Ծովափ, մենք իհարկե չունենք, բայց խելամիտ գնային քաղաքականություն իրականացնելու դեպքում հնարավոր կլինի ռուսաստանցիների ինչ-որ մասին ծովափնյա հանգստի փոխարեն մատչելի լեռնային, առողջարանային հանգիստ առաջարկել Հայաստանում:
Հայաստանի կառավարությունն իր կողմից քայլեր է ձեռնարկում ստեղծված հնարավարություններն օգտագործելու համար: Օրերս հայ արտահանողների հետ հանդիպման ժամանակ կառավարությունում ներկայացվել են թուրքական ապրանքների նկատմամբ արգելանքի պարագայում հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հորդորել է գործարարներին` բաց չթողնել ստեղծված իրավիճակում առաջացող հնարավորությունները եւ ավելացնել դեպի ռուսաստանյան շուկա արտադրանքի արտահանման ծավալը: Վարչապետը կառավարության պատրաստակամությունն է հայտնել` աջակցելու արտահանման ավելացմանը: Առաջիկայում կառավարությունում գործարարների հետ նոր հանդիպումներ են սպասվում այս հարցի շուրջ` քննարկումների եւ գործնական քայլերի ձեռնարկման նպատակով:
Պտուղ-բանջարեղեն արտահանող շուրջ 20 ընկերությունների ներկայացուցիչների եւ անհատ ձեռներեցների հետ հանդիպել է նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա նույնպես հորդորել է օգտագործել դեպի Ռուսաստան արտահանումն ավելացնելու նոր հնարավորությունները: Ըստ գյուղնախարարի, այս պահին Հայաստանում առկա է բավարար քանակությամբ թարմ պտուղ-բանջարեղեն, այդ թվում` խաղող, խնձոր, կաղամբ, ծաղկակաղամբ, բազուկ, կարտոֆիլ, գազար, ինչպես նաև ջերմոցային արտադրանք` ռուսական շուկա արտահանելու համար: Գյուղնախարարը հայտնել է, որ այժմ խոշոր արտահանողները տրանսպորտային միջոցներն ավելացնելու քայլեր են ձեռնարկում:
Մի խոսքով, իսկապես հերթական լավ հնարավորությունն է ստեղծվել գյուղատնտեսության, արդյունաբերության, շինարարության, զբոսաշրջության, տրանսպորտային փոխադրումների ոլորտների գործունեության ընդլայնման համար: Մնում է, որ հայ գործարարները կարողանան օգտվել դրանից, քանի որ նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ ստեղծված հնարավորությունները չեն օգտագործվել: Երբ Ռուսաստանն արգելեց վրացական գինու ներմուծումը, հայ գինեգործները չկարողացան օգտվել դրանից, եւ հայկական գինու արտահանումն այդ երկիր այդպես էլ չավելացավ: Կամ, երբ Արեւմուտքի պատժամիջոցներին ի պատասխան Ռուսաստանն արգելեց ԵՄ երկրներից գյուղմթերքների ներմուծումը, հայ արտադրողները կրկին չկարողացան օգտվել դրանից: Հուսանք, որ այս անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ