Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԵԹԵ ԱՅԴՔԱՆ ՀԶՈՐ ԷԻՔ, ՁԵՐ ՄՅՈՒՍ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԻՔ ԱՌԱՆՑ ԲՀԿ-Ի»

 

Իրեն ամենափրկիչ ընդդիմադիր համարող ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ՀԱԿԿ-ի եւ ՀԺԿ-ի ձեւավորած «Ոչ»-ի միասնական շտաբի հանրահավաքի ժամանակ հայտարարել է, թե դիմելու են Սահմանադրական դատարան` հանրաքվեի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու համար: Իսկ ՍԴ կարելի է դիմել, եթե վերջիններս ունենան 27 պատգամավորի ստորագրություն: Թե արդյոք կհաջողվի Լ. Զուրաբյանին եւ նրա թիմակիցներին «մուրալով» ապահովել անհրաժեշտ ստորագրությունների քանակը, «Իրավունքը» ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ զրույցում, նախեւառաջ պարզեց վերոգրյալի մասին նրա կարծիքը:

 

«ԱՅՍ ԱՆԳԱՄ, ԻՀԱՐԿԵ, ՄԵՆՔ ԻՐԵՆՑ ՉԵՆՔ ՕԳՆԵԼՈՒ»


–Թող դիմեն, կարծում եմ` այնպիսի խիստ «հզոր» քաղաքական ուժը, ինչպիսին մեր հարգարժան գործընկեր ՀԱԿ-ն է, 27 ստորագրությունն ի՞նչ է, որ չկարողանան հավաքել: Ես որքան հետեւում եմ իրենց հանրահավաքներում հնչած կոչերին, իրենք ամենահզորն են, ամենահուժկուն են: Հետեւաբար, այս անգամ, իհարկե, մենք իրենց չենք օգնելու, որովհետեւ գտնում ենք, որ հզոր քաղաքական ուժը պետք է շատ հանգիստ` երեք րոպեն էլ բավարար կլինի, որ նման քանակի ստորագրություն հավաքի: «Բարգավաճ Հայաստանը» չի միանալու այդ նախաձեռնությանը: Պարզապես, ինձ հետաքրքիր է կողքից դիտել, թե հզորներով քանի ստորագրություն են հավաքելու:
– Իսկ Ձեր նշած «հզորներին» կհաջողվի՞ նաեւ ԲՀԿ-ական ստորագրություններ կորզել, որովհետեւ, ինչպես գիտենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ որոշ պատգամավորներ դեմ էին սահմանադրական փոփոխություններին:
– Նրանք, ովքեր կուսակցության անդամ չեն, ես պատասխանատու չեմ: Իսկ ովքեր կուսակցության անդամ են, վստահաբար ասում եմ` ոչ:

ՀԱԿ-Ի ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ


–Ի դեպ, հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի կողմից «Բարգավաճ Հայաստանի» հասցեին կրկին տարբեր որակումներ են հնչել, ինչպե՞ս եք վերաբերում այդ ամենին:
– Չի լինում մի հանրահավաք, որտեղ չասեն, թե «Բարգավաճ Հայաստանը», ոչնչացած է, գոյություն չունի: Ուզում եմ հարց տալ ՀԱԿ մեր գործընկերներին` եթե մենք այդքան ոչնչացած ենք, գոյություն չունենք, իսկ դուք այդքան հզոր եք ու գոյություն ունեք, ի՞նչն էր ձեզ խանգարում, որ հզորներով իրականացնեիք ձեր առջեւ դրված խնդիրները: Անընդհատ ամեն երկրորդ նախադասության մեջ` բոլոր դիտորդների, միջազգային բոլոր կառույցների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց խնդիրների մասին խոսելու փոխարեն, խոսում են «Բարգավաճ Հայաստանի» խնդիրներից: Բոլոր դիտորդների, այդ թվում` նաեւ Երեւան ժամանած ԵԽԽՎ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչը իր ողջ ելույթի գերակշիռ մասը նվիրել է փետրվարյան իրադարձություններին եւ «Բարգավաճ Հայաստանին»: Իհարկե հասկանում եմ այն մեծագույն ողբերգության պատճառները, որ փետրվարյան իրադարձություններից հետո ապրում են այսօր ՀԱԿ մեր գործընկերները: Ավելին` մարդկայնորեն հասկանում եմ բոլոր մոտիվացիաներն այդ ողբերգության, բայց էլի եմ կրկնում` եթե անգամ ընդունենք հիմք այն անհեթեթությունը, որ «Բարգավաճ Հայաստանը» գոյություն չունի, ապա ինչն էր իրենց խանգարում փետրվարին անել մեր չարածը: Եվ ինչն է խանգարում իրենց այսօր անել նույն իշխանափոխությունը, որովհետեւ որքան հասկանում եմ, իրենց օրակարգը չի փոխվել: Ուստի` եթե այդքան հզոր էիք, ձեր մյուս գործընկերոջ հետ իշխանափոխություն անեիք առանց ԲՀԿ-ի:

«ՀԱԿ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԲՀԿ-ԻՑ ԲԱՑԻ,
ՈՉԻՆՉԻՑ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ»


–Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ ապերախտություն է ՀԱԿ-ի կողմից այսօր նման հայտարարություններ անել ԲՀԿ-ի հասցեին, երբ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ նույն ԲՀԿ-ն եղել է ՀԱԿ-ի աջակիցը:
– Ես քանիցս ՀԱԿ-ի մեր գործընկերների հետ մասնավոր զրույցներ ունեցել եմ եւ ասել եմ` եկեք պահենք քաղաքակիրթ հարաբերություններ: Դադարե՛ք բոլոր հարթակներում, միջազգային բոլոր դիտորդների հետ հանդիպումների ժամանակ խոսել ԲՀԿ-ից, որովհետեւ այդ նույն դիտորդները, հետո բնականաբար, հանդիպում են նաեւ «Բարգավաճ Հայաստանին» եւ ասում են, որ ՀԱԿ ձեր գործընկերները ԲՀԿ-ից բացի, ուրիշ ոչինչից չեն խոսում: Որ դեսպանի օձիքից բռնում են, միակ թեման «Բարգավաճ Հայաստանն» է: Եթե իրենց թվում է, որ այնուհետեւ նշյալ դեսպանները չե՞ն տարակուսում, թե ինչու են ընդդիմադիր նշյալ ուժերի ներկայացուցիչները բարբաջում բացառապես «Բարգավաճ Հայաստանից», խորապես սխալվում են: Կրկնում եմ` եթե այդքան հզոր են ու կարող են առանց «Բարգավաճ Հայաստանի» ռեսուրսի ինչ-որ բան անել, թող անեն: Բա ասում են ԲՀԿ-ն ջախջախված է, գոյություն չունի, ինչու չեն իրենք հրավիրում տասնյակ, հարյուր, հազարավոր մարդկանցով հանրահավաքներ: Մենք տեսնում ենք չէ, թե իրենց հանրահավաքներում քանի մարդ է ներկա լինում, որոնց կեսը քաղաքացիական հագուստով ոստիկաններն են, կեսն էլ` լրագրողները: Մշտապես ասել եմ, որ եկեք միմյանց հանդեպ պահենք բարեկրթության խաղի կանոնները, զբաղվեք ձեր գործերով: Իսկ մեր կողմից ձեր հասցեին որեւէ ոչ կոռեկտ ձեւակերպումներ չեն լինելու մինչ այն պահը, երբ դուք ինքներդ հերթական անգամ կխախտեք կոռեկտության սահմանները:

«ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱՆ ԻՐԵՆՑ ՊԱՏԻԺԸ»


–Այս օրերին սահմանադրական փոփոխությունների «ոչ»-ի ճակատից տարբեր հայտարարություններ հնչեցին, թե հանրաքվեն անցկացվել է ընտրակեղծիքներով: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է արձանագրել, թող նախեւառաջ կարողանային ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ նշանակել: Մինչդեռ մամուլի հրապարակումների համաձայն` մեծ մասում վաճառել են իրենց տեղերը: Հստակ առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը` ունենալ առնվազն 6 հազար վստահված անձ: Այս առաջարկը շատ ավելի գնահատելի է, քան անհասցե, անպատասխանատու հայտարարությունները եւ սեփական մեղքերն ուրիշների վրա բարդելու պերմանենտ քաղաքականությունը: «Բարգավաճ Հայաստանի» հանձնաժողովի անդամները եւ վստահված անձինք հանրաքվեի ընթացքում հստակ կատարել են իրենց առաքելությունը: Երեք հրապարակում է եղել մամուլում, որ իբր ԲՀԿ ներկայացուցիչները ներքաշված են ինչ-ինչ ընտրակեղծարարության գործընթացների մեջ, երեքն էլ անմիջապես փաստերով մեր կողմից հերքվել է: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես ընտրակեղծիքներին, ապա օրինախախտման վերաբերյալ ցանկացած բողոք ամենայն մանրամասնությամբ իրավապահ համակարգի կողմից պիտի քննվի, եւ մեղավորները պետք է ստանան իրենց պատիժը:
– Սահմանադրական հանրաքվեից հետո հնարավո՞ր է ԲՀԿ-ն իշխանությունների հետ կրկին կոալիցիա կազմի:
– Նման հարց ԲՀԿ-ում չի քննարկվել: Իսկ «եթե»-ներով, կարծում եմ, այս պահին առաջնորդվելը ճիշտ չէ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ