Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆՈՒՄ Է «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ»

 

Թեեւ սահմանադրական հանրաքվեից հետո էլ հրապարակային բողոքները շարունակվում են, սակայն դժգոհողներն էլ են գիտակցում, որ այսուհետեւ առաջնորդվելու ենք նոր Սահմանադրության առաջ բերած իրավիճակով: Իսկ դա խորը փոփոխություններ է ենթադրում նաեւ քաղաքական հարթակում, թեկուզեւ այն առումով, որ արդեն ներքին քաղաքականության առանցքը լինելու է ոչ թե նախագահական, այլ՝ խորհրդարանական ընտրությունները: Այսպիսով՝ այս նոր իրավիճակից ի՞նչ քաղաքական զարգացումներ են սպասվում: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ վերլուծաբանների հետ:

Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ փաստեց, որ Սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունումից հետո երկրում քաղաքական ամենամեծ զարգացումը կապված կլինի իրավական դաշտի հետ. «Մի քանի ամսվա ընթացքում լուրջ փոփոխություններ պետք է տեղի ունենան իրավական ամբողջ դաշտում, որը կարգավորում է, օրինակ, տարբեր գերատեսչությունների եւ մարմինների գործունեությունը: Այսինքն` այն էտապը, որը առաջիկա կես տարվա ընթացքում սպասվում է բոլորիս, նախատեսում է պատրաստել պրոֆեսիոնալ քաղաքական դաշտ, որի հիման վրա կընդունվի «Ընտրական օրենսգիրքը», եւ քաղաքական ուժերը կպատրաստվեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ինչը, կարծում եմ, կդառնա մինչ այժմ տեղի ունեցած ամենակարեւոր խորհրդարանական ընտրությունը մեր երկրի պատմության մեջ»:

ՀՀԿ ԱԺ  պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ նկատեց, որ արդեն իսկ տեղի են ունենում զարգացումներ, որի արդյունքում ԱԺ պատգամավորները պետք է իրականացնեն մեծ թվով օրենսդրական փոփոխություններ. «Առաջին հերթին պետք է փոխենք «Ընտրական օրենսգիրքը», որպեսզի կարողանանք հիմքեր ստեղծել խորհրդարանական ընտրությունները նոր մոդելով անցկացնելու համար: Կարծում եմ՝ միայն ժամանակը ցույց կտա, թե Հայաստանում քաղաքական ինչ վերադասավորություններ ու զարգացումներ կլինեն: Այժմ էլ որոշակի ձեւով ուրվագծվում են իրադարձություններ, որոնց իրական պատկերին ու ելքին ժամանակի ընթացքում ականատես կլինենք»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ նշեց, որ դեռ չի կարողացել կանխատեսել, թե առաջիկայում ինչ տեղի կունենա. «Սակայն մեկ բանում վստահ եմ` այս հանրաքվեի արդյունքները արտացոլում են մեր հասարակության տեսակետները: Հանրաքվեն անցել է բնականոն հունով, եթե կան խախտումներ, ապա պատասխանատվության պետք է ենթարկվեն դրանց հասցեատերերը: Չի կարելի 100 հոգով պահանջել` 800 հազար քվե անվավեր համարել կամ մերկապարանոց հայտարարություններ անել: Բնականաբար, այն մարդիկ ովքեր «ոչ» են քվեարկել, չունեն վստահություն եւ չեն պատկերացնում ապագա գործընթացներում որեւէ փոփոխություն: Մենք ժողովրդավարական երկիր ենք, եւ բնական է, որ կան նաեւ այլ կարծիքներ: Չեմ ողջունում այն կոչերը, որոնք հաճախ սադրիչ բնույթ են կրում եւ արտահայտում են ոչ սթափ երեւակայություն ունեցող մարդկանց խոսքերը: Որպես խորհրդարանական հանրապետություն՝ մենք ունենք շատ կարեւոր խնդիր, դա «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելն է, որով պետք է զբաղվենք մինչեւ հաջորդ տարվա մայիս ամիսը: Բավականին ծանր ու երկարատեւ աշխատանք է սպասվում խորհրդարանում, որպեսզի բարեփոխենք այդ օրենսգիրքը, որը հիմք է լինելու մնացած բոլոր գործընթացների համար»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ