Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԴՐԱՄԻ ԿՏՐՈՒԿ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ»

 

Այն բանից հետո, երբ «Նավթ արդյունահանող երկրների միությունը» ¥ՕՊԵՔ¤ օրերս արդյունահանման ծավալների կրճատման որոշում չկայացրեց, համաշխարհային շուկայում նավթի գները սկսեցին ռեկորդային անկումներ գրանցել: Երեկվա դրությամբ էտալոնային «Brent» տեսակի նավթի 1 բարելի գինը 40 դոլարի սահմանին էր եւ նույնիսկ մի պահ նվազեց այդ հոգեբանական շեմից ցած, բայց նաեւ վերադարձավ այս կողմ: Սա արդեն նույնիսկ գերազանցում է 2009թ.-ի ճգնաժամային ռեկորդային գնանկումը:

Իհարկե, այս իրավիճակը հին եւ խորը արմատներ ունի: Համաշխարհային թիվ մեկ արդյունահանող Սաուդյան Արաբիայի միջոցով մի կողմից ԱՄՆ-ն է այս կերպ աշխարհաքաղաքական պատերազմ մղում Ռուսաստանի հետ: Մյուս կողմից՝ հենց արաբներն են զուգահեռաբար նման դեմպինգով պայքարում իրենց համար մրցակից դարձած ամերիկյան սլանցային նավթարդյունաբերության դեմ, եւ հարվածն արդեն այն աստիճանի է, որ նախագահ Օբամայի հպարտությունը դարձած ԱՄՆ-ի այդ «նավթային հեղափոխությունը» ոչնչացման շեմին է: Բնականաբար, տուժում են նաեւ մյուս բոլոր նավթ արդյունահանող երկրները, հաշվի առնելով, որ նման գներն արդեն չեն տեղավորվում ոչ միայն բյուջետային հաշվարկներում, այլեւ նավթի արդյունահանման ինքնարժեքում: Տուժողներից է նաեւ նույն Սաուդյան Արաբիան, որի տարեկան բյուջետային դեֆիցիտն արդեն գնահատվում է 120 միլիարդ դոլարի չափով:
Ամենավատն այն է, որ մասնագետներն ու վերլուծաբաններն արդեն չեն էլ պատկերացնում, թե որն է լինելու սրա վերջը՝ սա գնանկման ստորին շե՞մն է, որից հետո կսկսվի վերելքը: Թե՞ կիրականանա վատթարագույն կանխատեսումը՝ գները կնվազեն մինչեւ 30 դոլարի սահմանագիծը: Մեկ հարցում սակայն մասնագետներից շատերն են համամիտ. այս իրավիճակը կարող է հանգեցնել այնպիսի ծանրագույն գլոբալ տնտեսական ճգնաժամի, որից մեծապես կտուժեն բոլորը՝ նավթ արդյունահանողներն ու սպառողները:

«ՄԻԱՆՇԱՆԱԿ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ ԴԵՌ ՎԱՂ Է»

Իսկ Հայաստանի պարագայում էականն այն է, որ այս գները ծանր հարված էին ռուսական ռուբլու համար. դոլարի փոխարժեքը երեկ ընդհուպ մոտեցավ 70 ռուբլու սահմանագծին ¥մեզ մոտ ռուբլին երեկ նվազեց մինչեւ 6.8-7 դրամ¤: Մինչդեռ ստուգված փաստ է, որ ռուբլու անկումը հարված է նաեւ հայաստանյան տնտեսության համար, քանի որ ազդում է ինչպես դեպի Ռուսաստան մեր արտահանումների, այնպես էլ՝ այնտեղից ստացվող տրանսֆերների վրա: Ուրեմն՝ ինչի՞ պետք է սպասենք: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ այս հարցի առնչությամբ հետեւյալ կարծիքին է.
- Բնականաբար, նավթի գների տատանումը իր ազդեցությունն է թողնում ռուբլու փոխարժեքի վրա, եւ դա անուղղակի ձեւով ազդում է նաեւ Հայաստանի տնտեսության վրա: Ընդ որում՝ ռուբլու արժեզրկումը ոչ թե արժեզրկում է հայկական դրամը, ինչպես որ երբեմն գրում են, այլ ընդհակառակը` հայկական դրամն առնվազն ռուբլու նկատմամբ արժեւորում է: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքները դառնում են ավելի թանկ: Այդ իսկ պատճառով հնարավոր է, որ առաջիկայում ունենանք իրացման խնդիրներ:
Միեւնույն ժամանակ, նկատի ունենալով ներկայիս բազմագործոն վիճակները, կարծում եմ, միանշանակ գնահատական տալ, թե ինչ ազդեցություն կթողնի նավթի համաշխարհային գների անկումը Հայաստանի տնտեսության վիճակի վրա, այսօր դեռ վաղ է ասել: Հատկապես նկատի առնելով ռուս-թուրքական հարաբերությունները, որի արդյունքում Թուրքիայից Ռուսաստան արտահանման արգելքի տակ են հայտնվել բազմաթիվ ապրանքներ: Սրանց գոնե մի մասը նաեւ հայկական շուկայում կարող են արտադրվել, կամ արդեն արտադրվողը՝ իրացվել ռուսական շուկայում: Դա արդեն արտահանմանը խթանող հանգամանք է, եւ, հանրագումարում հայկական ապրանքների արտահանումը կարող է էականորեն վնաս չկրել:
Մյուս կողմից էլ, բնական է, որ ռուբլու արժեզրկումը կարող է առաջ բերել դրամի փոխարժեքի տատանումներ նաեւ այլ արտարժույթի նկատմամբ, մասնավորապես՝ դոլարի: Այ, խնդիրն այստեղ է, քանի որ նման տատանումը կարող է ուղիղ ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա: Սակայն նորից եմ ասում` դեռ վաղ է գնահատել, թե նավթի գների անկումը մեր տնտեսության վրա ինչ բացասական դրսեւորումներով կարող է արտահայտվել: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ հայկական ֆինանսական շուկայում ներկայումս փողի առաջարկը եւ պահանջարկը կարծես հավասարվել է: Տնտեսական ցածր ակտիվության պայմաններում  փողի առաջարկը կառավարվում է Կենտրոնական բանկի կողմից, եւ այդ տեսակետից այս պահին դրամի կտրուկ արժեզրկում ես չեմ կարող կանխատեսել:
Փոխարենը՝ Հայաստանի համար ներկայումս լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվել, եւ այս իրավիճակում այդ հնարավորություններից օգտվելու ճիշտ ժամանակն է: Նախ՝ Եվասիական տնտեսական միության շրջանակներում արդեն իսկ պետք է նախաձեռնվեին բազմաթիվ գործողություններ, որոնք հայկական ապրանքը նախընտրելի կդարձնեն եվրասիական շուկայում: Չնայած՝ այս պահի դրությամբ նաեւ դեռեւս չենք կարող միանշնակ դրական գնահատել սպասվող էֆեկտը: Թուրքիայի եւ ՌԴ-ի հարաբերությունները եւս, կրկնում եմ, մեզ ընձեռնված այս հնարավորություն է, եւ մեր կառավարությունը ավելի հետեւողական պետք է փորձի լինել այդ հարցում: Մասնավորապես՝ Կառավարությունը պետք է ընտրի առնվազն մի քանի ապրանքատեսակներ, որոնք ռուսական շուկայում կարող են իսկապես մրցակցային եւ իրացվելի լինել, որոնց վրա էլ պետք է շեշտը դնել:

«ԳՈՒՄԱՐ ՍՏԱՑՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՆԱՎԹԻ ՎԱՃԱՌՔԻՑ»

ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ էլ է այն մտքին, որ այս պահին դրամի արժեզրկման միտում չկա, բայց.
- Համենայնդեպս՝ համաշխարհային նավթի գներն իրենց որոշակի ազդեցությունը կունենան Ռուսաստանի վրա, քանի որ բյուջետային մուտքերի հիմնական մասը կազմում է նաեւ նավթային եկամուտները: Բայց ամեն ինչ կապել միայն նավթի գների հետ, ճիշտ չէ, քանի որ գումար ստացվում է ոչ միայն նավթի վաճառքից, այլեւ՝ բազում այլ ուղղություններից: Ամեն դեպքում, թեեւ այս պահին իրատեսական չէ, բայց հնարավոր է, որ այդ պրոցեսներն ազդեն նաեւ հայկական դրամի վրա, որովհետեւ տրանսֆերների առյուծի բաժինը մենք ստանում ենք Ռուսաստանից: Այսինքն՝ զուտ եկամտային առումով մենք խնդիրներ կարող ենք ունենալ: Բայց ասել, որ նավթի գների անկումով պայմանավորված՝ դրամը կգնա արժեզրկման` չեմ կարծում, որ ճիշտ կլինի, որովհետեւ դրամը կախված չէ միայն տրանսֆերներից: Այսինքն՝ դա չի կարող ունենալ անմիջական եւ ուղղակի ազդեցություն դրամի փոխարժեքի վրա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ