Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՊ

ՉՈՒՆԻ ԿԱՐԳ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԵՏ»


Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ «Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆԻՆ, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց ՀՀ քաղաքացիների հեռախոսազանգերին եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցադրումներին` տալով նրանց հուզող հարցերի պատասխանները:



ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ


– Ընկերոջս մայրը երկար տարիներ բնակվել է ՌԴ-ում, եւ արդեն երկու տարի է, ինչ տեղափոխվել են Հայաստան: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, կարո՞ղ է դիմել, որպեսզի կարգը փոխվի (ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ):
– Ռուսաստանի հետ մենք ունենք պայմանագիր, եւ եթե այնտեղ արդեն հաշմանդամություն ճանաչվել է, այստեղ էլ են ճանաչում: Եվ հակառակը, եթե Հայաստանում է ճանաչվել հաշմանդամություն, այդ որոշումներն ընդունելի է նաեւ ՌԴ-ի համար: Ինչ վերաբերում է կարգի փոփոխությանը, ապա դա պայմանավորված է հիվանդության ծանրացմամբ: Եթե իր մոտ առողջական վիճակի վատթարացում կա, ապա թող ապացուցող փաստաթղթերով դիմի տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով:
– Իսկ եթե հիվանդը ծանր վիճակում է գտնվում եւ հնարավոր չէ նրան տանել բժշկասոցիալական փորձաքննության...
– Եթե հիվանդին անհնար է տեղափոխել, ապա պոլիկլինիկայից համապատասխան փաստաթղթերը կարող են սահմանել եւ հիվանդի դիմումն ուղարկել, որպեսզի գան եւ նրան տնային պայմաններում փորձաքննեն:
– Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հաշմանդամության կարգ ստանալն այսօր կապված է ոչ միայն հիվանդության, այլ որոշակի գումար տալու հետ: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ (ՌՈՄԱ ԶԱՔԻՅԱՆ):
– Այսօր չի կարող որեւէ մեկը մեկից գումար ուզել, որպեսզի հաշմանդամության խումբ սահմանեն: Ցանկացած մարդ, ով ապացույցներ կբերի, կներկայացնի, մենք ոչ միայն գործից կհեռացնենք տվյալ աշխատակցին, այլ ինքներս կդիմենք, որպեսզի նրանով օրինապահ մարմինները զբաղվեն: Այո, երկրում կոռուպցիա կա, եւ մեր համակարգն էլ բացառություն չէ, բայց այդ կոռուպցիոն ռիսկերը հետեւողականորեն նվազեցնում ենք: Եվ այսօր կարող ենք երաշխավորել, որ ոչ մեկին այսօր չեն ասում` կբերես, փող կտաս, որպեսզի քեզ հաշմանդամություն սահմանենք:
– Ընդհանրապես ոլորտում ո՞ր խնդիրը կառանձնացնեիք, որն օր առաջ լուծման կարիք ունի կամ օրենսդրական բաց կա («Իրավունք»):
– Օրինակ, զինծառայողը բանակում վիրավորվում է կամ հիվանդանում ու դրա պատճառով զորացրվում է, բայց իր հիվանդությունը հաշմանդամություն չի առաջացնում, եւ նա պետք է իր գրպանից գումար տա, որպեսզի քաղաքացիական հիվանդանոցում բուժվի: Սա օբյեկտիվորեն ահավոր անարդար է, ստացվում է` քաղաքացին երեխային ուղարկել է բանակ, նա թշնամու գնդակից վիրավորվում է, բայց առաջացած հետեւանքներն այն աստիճան չեն, որ հաշմանդամության խումբ սահմանվի: Այս հարցը մենք քննարկել ենք Առողջապահության նախարարության գործընկերների հետ, եւ, ամենայն հավանականությամբ, 2016 թվականի հունվար-փետրվար ամիսներից այս խնդիրը կլուծվի: Նման անձանց թիվը մեծ չէ, բայց դա այդ մարդկանց համար մեծ խնդիր է, եւ դրա համար փորձում ենք առավելագույնս անել տվյալ խնդրի լուծման համար:


«ԵԹԵ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ»


– Երկու տարի առաջ երկու անգամ մայրս զոբի վիրահատություն է տարել: Հետո մենք տեղափոխվեցինք ուրիշ տարածք եւ դիմեցինք պոլիկլինիկայի բաժնի վարիչին` հաշմանդամության կարգի համար, սակայն մեզ ասացին, որ մինչեւ երրորդ անգամ չվիրահատվի, այսինքն` նոր, թարմ վերք չլինի, կարգ չեն տա: Դա ճի՞շտ է (ԼԻԱՆԱ, ք. Երեւան):
– Նախ նշեմ, որ հաշմանդամության խումբը սահմանում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը, որը պոլիկլինիկային չի ենթարկվում: Պոլիկլինիկան միայն քաղաքացուն ուղեգրում է փորձաքննության: Վիրահատությունների թիվը բացարձակ կապ չունի կարգ նշանակելու հետ: Քաղաքացին կարող է առհասարակ վիրահատված չլինել, բայց վիճակը լինի այնքան ծանր, որ դիմի հաշմանդամության կարգ ստանալու համար: Եվ կարող են բազմաթիվ վիրահատություններ լինել, սակայն վիճակը այն ծանրության չլինի, որ անհրաժեշտ լինի կարգ նշանակել: Ամեն ինչ կախված է նրանից, թե Ձեր մայրիկի զոբը ինչու են վիրահատել: Եթե այնտեղ չարորակ նորագոյացություն է եղել, այլ խնդիր է: Բայց եթե, ուղղակի, հանգույցներ են եղել, որոնց պատճառով վիրահատել են, եւ որեւէ ֆունկցիայի խանգարում չկա, որը կենսագործունեության որեւէ տեսակի սահմանափակում առաջացնի, ապա չի ճանաչվի հաշմանդամ:
– Բայց վիրահատող բժիշկն ասել էր, որ կարգ կտան:
– Վիրահատող բժիշկը կարող է շատ լավ վիրահատություն կատարել, հետագա բուժումն ապահովել, բայց չի կարող կարծիք հայտնել հաշմանդամություն սահմանվում է, թե` ոչ: Իսկ եթե հայտնում  է իր կարծիքը, ապա այն որեւէ հիմք չէ: Դուք կարող եք դիմել պոլիկլինիկա, որպեսզի իրենք այդ հարցով զբաղվեն: Իսկ եթե պոլիկլինիկայից բավարարված չեք , կարող եք այդ հարցով դիմել կա՛մ Առողջապահության նախարարություն, կա՛մ, եթե պոլիկլինիկան քաղաքային ենթակայության է, Երեւանի քաղաքապետարան:
– Վարիկոզ լայնացումը կարո՞ղ է թոշակավորվելու հիմք լինել, երբ կա բժշկի եզրակացություն, որ միայն վիրահատական միջամտությունը կարող է ինչ-որ բան փոխել (ՆԱԶԻԿ ՂԱԶԻՆՅԱՆ):
– Վարիկոզ լայնացման արդյունքում, եթե առաջացել է տեղաշարժվելու սահմանափակում` աննշանից ավելի ծանր, ուրեմն` մարդը կարող է հաշմանդամ ճանաչվել: Ցանկացած դեպքում քաղաքացին դիմում է իր տարածքային պոլիկլինիկա, այնտեղ իրեն նայում են, եթե համապատասխան ծանրության աստիճան նրանք կասկածում են, լրացնում են սահմանված ձեւի փաստաթղթերը եւ ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության: Եթե քաղաքացին տեղաշարժվելու դժվարություններ ունի կարող է դիմել: Իսկ եթե, ուղղակի լայնացում է, որը չի սահմանափակում իր տեղաշարժվելու կարողությունը, ապա այդ դեպքում իմաստ չունի դիմելը:
– Չկա վիրահատման հնարավորություն եւ, փաստորեն, հիվանդը պիտի անաշխատունակ մնա եւ թոշակ էլ չստանա՞:
– Էական չէ հիվանդը վիրահատված է, թե` ոչ: Մեր աշխատանքը սկսվում է այն ժամանակվանից, երբ մարդու մոտ առաջանում է կենսագործունեության որեւէ տեսակի սահմանափակում: Իսկ քանի դեռ սահմանափակում չի առաջացել, մենք որեւէ կերպ չենք կարող միջամտել, որովհետեւ մնացած հարցերի պատասխանները գտնվում են առողջապահության ոլորտում:

357 ՀԱԶԱՐ ԿԵՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԿԵՍԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԼԻՆԵԼ


- Հաշմանդամության խումբ սահմանելու համար հանձնաժողովը պահանջում է կայուն ֆունկցիայի խախտում, ինչը շատ հարաբերական է: Կասե՞ք կոնկրետ ի՞նչ հիվանդությունների դեպքում է սահմանվում հիվանդության թոշակ եւ արդյո՞ք հաշվի առնվում է անձի սոցիալական վիճակը: (ՌՈՒԶԱՆՆԱ ԴԻԼԱՆՅԱՆ)

- Անձի սոցիալական վիճակը հաշվի չի առնվում, հաշմանդամություն ճանաչելու համար միայն հաշվի է առնվում անձի առողջական վիճակը եւ դրանից բխող կենսագործունեության սահմանափակումները: Մեր կայքում մանրամասն զետեղված է այդ ամենը, իսկ հաշմանդամության թոշակ նշանակելու չափորոշիչներն ու գործելակարգերը արտացոլված են կառավարության 780 եւ 276 որոշումներում: Բացի այդ կա նաեւ մեթոդական ցուցումներ, որտեղ հստակ սահմանված է, թե որն է աննշան խանգարում, որն է արտահայտված խանգարում, որն է խիստ արտահայտված խանգարում, որն է` ծանր:

– Կենսաթոշակային տարիք ունեցող անձը կարո՞ղ է իր թոշակը փոխարինել հիվանդության թոշակով: Եվ եթե այո, ապա ո՞ւմ եւ ինչպե՞ս դիմի (ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ):
– Գումարային առումով կենսաթոշակի եւ հաշմանդամության նպաստի միջեւ որեւէ տարբերություն չկա: Ուղղակի՝ հաշմանդամությունը կենսաթոշակային տարիքում տալիս է առավելություններ՝ պետպատվերի շրջանակում առողջապահական ծառայություններից օգտվելու հարցում: Այնպես որ, եթե նա ունի հիվանդություն, կարող է դիմել, եւ ըստ այդմ կորոշվի` առկա է հաշմանդամություն, թե՝ ոչ: Սա իրոք, խնդիր է, որ մեզ էլ է անհանգստացնում: Մենք ունենք կեսաթոշակային տարիքի 357 հազար ՀՀ քաղաքացի, որոնցից 66 հազարն է հաշմանդամ: Մինչդեռ եթե դիմեն, այդ 357 հազարից կեսը հաստատ հաշմանդամ կճանաչվի, որովհետեւ տարեց մարդկանց մոտ սահմանափակումներ կան: Այս խնդրի կապակցությամբ կա նախարարի հանձնարարականը, եւ արդեն աշխատում ենք լուծումներ գտնելու ուղղությամբ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ