Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հարցազրույցներ
Ուրբաթ, 11 Դեկտեմբեր 2015 18:20

Հայկ Բաբուխանյան. ԵԹԵ ԿԱՆ ՓԱՍՏԵՐ, ԹՈՂ ԴԻՄԵՆ ԻՐԱՎԱՍՈՒ ԱՏՅԱՆՆԵՐԻՆ, ՄՆԱՑԱԾԸ ՄՏԱՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԵՆ

 

Մեր զրուցակիցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ է:

- Հանրությունը հերթական անգամ հայտնվել է մի իրավիճակում, երբ ընտրական գործընթացի կողմերից մեկը՝ իշխանությունը, երդվում է, որ ամեն ինչ արել է ընտրախախտումներ թույլ չտալու համար, ՙՈչ՚-ի կողմնակիցներն էլ հայտարարում են ՙոտքից գլուխ կեղծված՚ ընտրությունների մասին: Ինչո՞ւ այս դեպքում էլ չհաջողվեց խուսափել մեր քաղաքական մշակույթի անբաժանելի մասը դարձած այդ ֆենոմենից:


- ՙՈտքից գլուխ կեղծված ընտրությունների՚ մասին հայտարարելուց առաջ պետք է բերել փաստեր, փաստաթղթեր՝ համապատասխան իրավական ընթացակարգ անցած դիմումներ, բողոքներ, որոնք հիմնավորում են ՙաննախադեպ խախտումները՚, որոնք կասկածի տակ են դնում հանրաքվեի արդյունքները: Թե չէ լուրեր են տարածում, ապոկալիպտիկ պատմություններ պատմում այսինչ գյուղում տեղի ունեցած հոգեցունց իրադարձությունների մասին, հետո պարզվում է, որ դա բացարձակ սուտ է, որը ոչ մի հիմնավորում չունի, ոչ էլ պատմողը կա: Կամ էլ պատմողը կա, բայց սովորական պրովոկատոր է: Այսպիսի ՙտնայնագործական՚ մակարդակով ինչպե՞ս կարելի է խոսել համատարած խախտումներով ընդունված սահմանադրության մասին: Ցանկացած խախտում հանցագործություն է, եւ եթե կան փաստեր, պետք է հետամուտ լինել, որ մեղավորները բացահայտվեն եւ պատասխանատվության ենթարկվեն: Սա է իրավական ճանապարհը:


- Ձեր ընդդիմախոսներն ասում են՝ անիմաստ է գնալ այդ ճանապարհով, քանզի դատաիրավական համակարգն ամբողջությամբ իշխանությունների ՙգրպանում՚ է:


- Եթե մենք խոսում ենք իրավական պետություն կառուցումիցից, ապա պետք է արձանագրենք, որ եթե կա իրավախախտման դեպք պետք է ներկայացնենք դրա ապացույցները: Եթե դատարանն անարդար որոշում կայացնի, ապա դրա համար կան վերադաս դատարաններ, ի վերջո, կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որին նույնպես կարելի է դիմել նման դեպքերում: Այսինքն, ընդդիմադիր ուժերը, որոնք հայտարարում են չտեսնված-չլսված խախտումների մասին, որոնք իբր ազդել են հանրաքվեի արդյունքների վրա, պետք է բարի լինեն ներկայացնել այդ խախտումները հիմնավորող փաստերի եւ փաստարկների փաթեթը: Չնայած, ի սկզբանե պարզ է, որ 400 հազար քվե կեղծել ուղղակի անհնար է, առավել եւս, երբ ունենք ընդամենը 2000 տեղամաս եւ 1,2 միլիոն քվեարկող. շատ պարզ թվաբանություն է. ավելի քան 800 հազար մարդ՝ ակտիվ քաղաքացիների երկու երրորդը, աջակցել է սահմանադրական փոփոխություններին, ասել է՝ այո, մենք չպետք է դոփենք տեղում, պետք է բարեփոխենք երկիրը, զարգացնենք պետական շինարարությունը եւ շտկենք համակարգային թերությունները, 400 հազար մարդ դեմ է քվեարկել: Մեր ժողովուրդը սրանով ցույց տվեց իր վստահությունը վաղվա օրվա նկատմամբ, չտրվելով արտաքին խիստ ճշումներին, եւ շատ կազմակերպված, անկաշկանդ մթնոլորտում արտահայտեց իր կամքը:

Մյուս կողմից, իհարկե, չկա որեւէ երկիր, որտեղ ընտրությունների ժամանակ ընդհանրապես խախտումներ չեն լինում: Բայց ովքե՞ր են աղմկում խախտումների մասին. մարդիկ, քաղաքական ուժերը, որ հենց իրենք են դրել ընտրակեղծիքների, ապօրինությունների հիմքերը, կամ համագործակցում են այդ քաղաքական ուժերի հետ: Առաջին հերթին դա, իհարկե, ՀՀՇ-ն է: ՀՀՇ-ական կամ ՀՀՇ-ական անցյալ ունեցող ցանկացած գործիչ ընդհանրապես պետք է լռի, որովհետեւ մասնակից է հհշական բանդայի կողմից Հայաստանում իշխանության ուզուրպացիային: Այսօր նրանք եւս մեկ հանցագործության են գնում՝ զրպարտում են մեր ժողովրդին, փորձում պառակտել, բաժանանար գծեր գծել, ճակատներ ստեղծել, մի ճակատը մյուսի դեմ հանել: Ինչո՞ւ: Որովհետեւ իրենց "պապաները" (լինեն դրանք թուրքական հատուկ ծառայությունները, ԿՀՎ-ն, թե այլմոլորակայիններ), ուզում են Հայաստանում ներքին ճակատ բացել, որը մեզ բնականաբար բոլորովին պետք չէ:


- Ունե՞ք փաստեր, որոնք հիմնավորում են Ձեր ասածը:


- Ունեմ: Օրինակ՝ հսկայական գրանտները, որոնք գալիս են արտասահմանից, Սորոսներից, տարբեր հիմնադրամներից… Գրանտակեր կազմակերպություններից յուրաքանչյուրը միլիոնավոր դոլարներ է ՙկուլ տալիս՚: Բացեք, տեսեք Սաքունցի սեփականությունը, գրանտները, որ ստացել է կես միլիոն դոլար 3 տարվա ընթացքում:  Բա էդ փողը ինչի՞ համար են տալիս. որ մանկապարտեզներ բացե՞ն, օգնեն ծերանոցների՞ն: Իհարկե ոչ, տալիս են, որ գոռգոռան, քաոսի եւ անկայունության մթնոլորտ ստեղծեն, հակահայկական, հակաքրիստոնեական ՙարժեքներ՚ տարածեն երկրում:

- ԵԽԽՎ 6 հոգանոց դիտորդական առաքելությունը հայտրարություն է տարածել, ըստ որի, քարոզարշավի եւ քվեարկության ընթացքում արձանագրված ՙբազմաթիվ խախտումները՚, ընտրակաշառքներ, ընտրացուցակային անճշտություններ, ճնշումներ ընտրողների եւ լրագրողների նկատմամբ, վարչական ռեսուրսի չարաշահում եւ այլն, կասկածի տակ են դնում իշխանությունների շահագրգռվածությունը հանրաքվեի լեգիտիմության հարցում: Սա Ձեզ չի՞մտահոգում:

- Ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ հայտարարությունը գրվել է մինչեւ հանրաքվեն, որովհետեւ ԵԽԽՎ-ն վերածվել է ծայրից ծայր կաշառված, փտած, քաղաքական ռեպրեսիաներ իրականացնող գործիքի, որի գնահատականները ոչինչ չարժեն: ԵԽԽՎ պատգամավորները ինձ մեղադրում էին  փոքրամասնություններին հետապնդելու մեջ` բացարձակ սուտ եւ կեղծիք: Վերջին հակահայկական դրսեւորումները՝ ԼՂ եւ ՙօկուպացված մյուս տարածքներում՚ լարվածության աճի, Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցները, համոզիչ կերպով ցույց տվեցին, որ ԵԽԽՎ-ն մարդու իրավունքները պահող կառույց չէ, մարդու իրավունքները ոչնչացնող, ազգերի ինքնորոշման իրավունքը, արդարությունը ոտնահարող ծախու կազմակերպություն է: Կամ ԵԽԽՎ-ն պետք է արմատապես բարեփոխվի, այս ճահճային, փտած վիճակից դուրս գա եւ դառնա իսկապես եվրոպական ժողովուրդների համագործակցության հարթակ, կամ  Հայաստանն այլեւս այնտեղ անելիք չունի: Մենք պետք է շատ խիստ դնենք այդ հարցը:

Քվեարկության օրը մենք տեսանք, տարբեր տեղամասերում հանդիպեցինք եւ զրուցեցինք ԱՊՀ դիտորդների հետ, որոնք, թերություններն արձանագրելով հանդերձ, դրական գնահատական տվեցին քվեարկությանը, բայց ԵԽԽվ դիտորդներին ոչ մի տեղ չտեսանք: ԵԽԽՎ-ն պետք է զբաղվի այն երկրներով, որոնք այսօր եղանակ են ստեղծում այդ կառույցում: Օրինակ, Թուրքիայով, որտեղ օդանավակայանում կախված լրագրողուհու մասին ասում են՝ չվերթից ուշացել է, դրա համար է կախվել, երկու լրագրողի՝ գլխավոր խմբագրի եւ բաժնի վարիչի, 45 տարվա ազատազրկման են դատապարտում մի հոդվածի համար, որ մեկին մեկ համապատասխանում է իրականությանը, եւ չեն էլ ասում՝ սուտ են գրել, ասում են, պետական գաղտնիք են հրապարակել: Պետական գաղտնիքն էլ այն է, որ Թուրքիան զինում էր, զինում է եւ շարունակելու է զինել ահաբեկիչներին, որոնք գնդակահարում են խաղաղ բնակչությանը, ցեղասպանություն սարքում Քեսաբում: Թուրքիայի վերջին ընտրությունների ժամանակ տասնյակ մարդիկ զոհվեցին, բայց Թուրքիային գնահատական չեն տալիս, մի բան էլ առանց արտոնագրերի մուտքի ռեժիմ են տրամադրում, եւ հենց այս պահին. 20 տարի այդ հարցը օրակարգում էր՝ չէին տալիս, հիմա, երբ թուրքերը լկտիաբար կեղծում են ընտրությունները, հովանավորում են ահաբեկիչների եւ ճնշում լրագրոներին, տալիս են:

Մյուս կողմից, ԵԽԽՎ-ին այսօր ընդհանրապես բանի տեղ դնող չկա: ԵԽԽՎ-ն Ադրբեջանի վերաբերյալ կիսատ-պռատ մի զեկույց ընդունեց, որտեղ ՙմեղմորեն՚ քննադատում էր մարդու իրավունքների խախտումները, դրանից հետո ԱՄՆ դեսպանը հայտարարեց, թե Ադրբեջանը մեր ՙընկերն՚ է՝ լավ բարեկամը, եվրոպական բոլոր կառույցները ՙպաչ-պռոշտի՚ արեցին եւ շարունակում են համագործակցել Ադրբեջանի հետ: ԵԽԽՎ-ն պետք է մտածի իր հեղինակության մասին, ոչ թե անուն դնի մեր հանրաքվեին:


- Հայաստանում ԱՄՆ դեսպանի գնահատականն էլ բավական կոշտ էր, ըստ նրա, իշխանությունը խնդիր ունի ժողովրդին համոզելու, որ հանրաքվեի արդյունքներն արժանահավատ են, այսինքն՝չեն կեղծվել:


- ԱՄՆ դեսպանն ավելի լավ է մտածի իր երկրի մասին, որտեղ նախագահի թեկնածուներից մեկը հայտարարում է, թե պետք է արգելել մահմեդականների մուտքը երկիր: Ստալինը նման բան ասած լիներ, պատկերացնո՞ւմ եք, ինչ աղմուկ կբարձրանար: Դեսպան է, թող զբաղվի դիվանագիտությամբ, ոչ թե քիթը խոթի մեր երկրի ներքին գործերի մեջ: Պարոն Միլսը խիստ մտահոգված էր նաեւ ահաբեկիչների բանդայի վնասազերծմամբ եւ դրա վերաբերյալ էլ արտահայտվեց. փոխանակ գնար, փորձի փոխանակում աներ ԱԱԾ-ի հետ, հետաքրքրվեր, ինչպես հաջողվեց հանրաքվեից առաջ վնասազերծել հանցավոր խմբի անդամներին, որ Կալիֆոնիայում նման սարսափելի հանցագործություններ չլինեն, ասաց, մենք ուշադրությամբ կհետեւենք նախաքննության ընթացքին: Արեւմտյան հիմնադրամներից ֆինանսավորվող ՙիրավապաշտպաններն՚ էլ շտապեցին իրենց հովանավորության տակ առնել ահաբեկիչներին, դարձան նրանց անկոչ փաստաբանները՝ ասելով, որ նրանք հայրենասերներ են, նվիրյալներ…


- Հանրաքվեին ամենախիստ գնահատականը տվել է ՙՔաղաքացի դիտորդ՚ կազմակերպությունը, որի՝ 18 տարբեր ՀԿ-ներից հավաքագրված  700 դիտորդները, 500 տեղամասերում հետեւելով քվեարկության ընթացքին, եկել են այն եզրահանգման, որ հանրաքվեն ամբողջությամբ կեղծված է եւ չի արտահայտում ժողովրդի կամքը:


- Այդ 18 կազմակերպություններից մեկը ՙԹրանսփերընսի ինթերնեյշնլ՚-ի հայաստանյան մասնաճուղն է, որը քարոզարշավի ժամանակ զբաղվում էր ՙոչ՚-ի քարոզչությամբ՝ չունենալով դրա իրավունքը, որովհետեւ դիտորդը պետք է չեզոք լինի, ոչ թե պաշտպանի կողմերից մեկին: Սա՝ մեկ: Երկրորդ, թող ցույց տան իրենց ֆինանսավորման աղբյուրները, հասկանանք՝ որտեղի՞ց են ֆինանսավորվում, հետո խոսենք նրանց ՙանաչառության՚ մասին: Երրորդ, եթե արտասահմանյան փողերով կարողացել են 700 մարդ վարձատրել, տանել, նստեցնել տեղամասերում, ուղիղ եթերներ կազմակերպել, էս անել, էն անել, եւ արդյունքում փաստեր չունեն, ուրեմն, թող իրենց պահեն այդ մտավարժանքները, իրար պատմեն, միասին ՙվայ-վույ՚ անեն: Էլի եմ ասում, ինձ հետաքրքրում են միայն փաստերը, եթե ունեն փաստեր, որ 400 հազար քվե կեղծվել է, թող ներկայացնեն: Մենք էլ ենք շահագրգռված, որ իրավախախտները, որոնք պղտորում են մթնոլորտը, ստվեր նետում հանրաքվեի վրա, բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն: Մնացածը՝ մերկապարանոց պնդումները, անհիմն դատողությունները, գուցե-ները, եթե-ները, ոչինչ չարժեն:

Ավելին, ինձ հետաքրքրում  է՝ նույն ՙԹրանսփերընսի ինթերնեյշնըլ՚ կազմակերպությունն իրավունք ունի՞ Հայաստանում ՙՈչ՚-ի թռուցիկներ տպագրել եւ բաժանել ընտրողներին, ֆինանսավորել ՙոչ՚-ի քարոզչությամբ զբաղվող անհատներին եւ կառույցներին: Կարծում եմ՝ սրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

 

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցի սեղմ տարբերակը՝ Հայոց Աշխարհ օրաթերթի դեկտեմբերի 9-ի համարում: