Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ՄԱՅՐ ՕՐԵՆՔԸ ԱՆՏԵՂԻ ՈՒ ԱՆՀԻՄՆ ՄԻ՛ ՍՏՎԵՐԵՔ»

 

Որքան էլ հանրաքվեի արդյունքները խոսուն են` եւ սահմանադրական բարեփոխումները` այլեւս ընդունված փաստաթուղթ, այնուամենայնիվ, այս օրերին շարունակվում է հետընտրական դեպրեսիան: «Ոչ»-ի ճակատը կրկին փողոց է ձգտում, մինչդեռ հանրությունը նախընտրում է շարունակել իր բնականոն կյանքը` փոփոխված սահմանադրությամբ: Ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ:


«ԴԱՇՏ ՆԵՏՎԵՑԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԿԵՂԾ ԹԵԶԵՐ»


–Տիկին Նաղդալյան, այն ընդդիմադիր ուժերը, որոնք «ոչ» էին ասում սահմանադրական բարեփոխումներին անգամ հանրաքվեից հետո, կարծես չեն հանդարտվում: Ինչպե՞ս կգնահատեք նախընտրական եւ հետընտրական այսպիսի զարգացումները:
– Առիթներ ունեցել ենք ասելու, որ որոշ ընդդիմադիր ուժեր, քաջ իմանալով, որ բովանդակային իմաստով Սահմանադրական այն նախագիծը, որը համաժողովրդական հանրաքվեի էր դրված, երկրում արդյունավետ կառավարման համակարգի արմատավորման եւ բազմաթիվ այլ տեսակետներից` ժողովրդավարության, քաղաքական համակարգի զարգացման, արդար դատաիրավական համակարգի կայացման, անկասկած շատ ավելի առաջադեմ է, քան գործողը, ուստի` ամեն ինչ արեցին, որպեսզի չխորանային բովանդակային, խորքային քննարկումների մեջ, եւ փաստաթղթի բովանդակային քննարկման փոխարեն` հնարավորինս ձեւավորվեր չհիմնավորված մերժողական մոտեցում: Այդ նպատակով իրենց կամ իրենց սպասարկող լրատվամիջոցներով հանրային քննարկումների դաշտ նետվեցին մի շարք կեղծ թեզեր` որ սոցիալական ծանր վիճակի պատճառով ժողովրդի համար կարեւոր չէ Սահմանադրությունը, որ բարեփոխումների հանրային պահանջ չկա, որ իբր «ոչ լեգիտիմ» իշխանությունը իրավունք չունի նման  բարեփոխումներով հանդես գալ եւ այլն: Բանն այնտեղ էր հասել, որ անգամ հավասար իրավունքի սկզբունքով ԶԼՄ-ով կազմակերպված հանրային բանավեճերին մասնակցող գործիչները «պարծենում եւ գոռոզանում» էին, որ նախագիծը չեն կարդացել եւ կարդալու մտադրություն էլ չունեն: Հետագայում այս թեզերը փորձեցին տարածել նաեւ արտաքին դիտորդների շրջանում` ստեղծելով թյուր կարծիք այն մասին, թե քվեարկությունը քաղաքական էր կամ քաղաքական դրդապատճառներով էր, որ երկիրը Սահմանադրություն բարեփոխելու խնդիր չունի, որ ժողովուրդը սոցիալական խնդիր է լուծում եւ ականջալուր չէ համապետական այս խնդրին, որ «այո» եւ «ոչ» ասելով` ոչ թե Սահմանադրության, այլ իշխանության նկատմամբ վերաբերմունքն է արտահայտվում: Հերթական անգամ ցանկալին իրականի տեղ ներկայացնելու վառ օրինակ: Մի շարք այլ քաղաքական մանիպուլյացիաներ եւս կիրառվեցին քարոզչական ժամանակահատվածում, որոնց հիմնական նպատակադրումը` բնակչության մոտ գործընթացի նկատմամբ անվստահություն, թերահավատություն սերմանելն էր, նեգատիվ սպասումներ առաջացնելը` հիմնվելով նախկինում կատարվածների (ցավոք, դրա հարստագույն բազան ստեղծված է եղել տարբեր ժամանակներում) եւ մտածողության որոշակի իներցիայի վրա, նախապես մարդկանց աչքում ստվերելով դեռեւս չկայացած գործընթացը: Այսպիսով հիասթափեցնելով` հանրաքվեի անբավարար մասնակցություն եւ արդյունքներ ապահովելու համար:  Եվ եթե իրականում հանկարծ իրենց սպասելիքները իրականանային, դա կլիներ քաղաքագիտական այս «մշակման» կամ այս «գյուտի» արդյունքը: Բայց իրավիճակը բացարձակապես այլ հանգուցալուծում ունեցավ:


«ԱՆՀԻՄՆ Է ԲՈԼՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՀՀԿ-ԻՆ ՎԵՐԱԳՐԵԼՈՒ ՄՈՏԵՑՈՒՄԸ»


–Հանգուցալուծումը «ոչ»-ի պարտությունն էր, որը նրանք առ այսօր չեն ընդունում, ավելին` փորձում են հանրաքվեի հրապարակված արդյունքների թվերի հետ խաղ անել ու վկայակոչում, թե ընտրակեղծիքներ են եղել: Ի՞նչ կասեք այս մասին:
– Մանրամասնեմ` գործող օրենսդրության համաձայն` («Հանրաքվեի մասին ՀՀ օրենք» ՀՀ ընտրական օրենսգիրք) հանրաքվեի իրավազորության համար անհրաժեշտ 2 նախապայման կա` կողմ արտահայտվողների թիվը քվեարկության մասնակիցների կեսից ոչ պակաս եւ ներքին սահմանը` մասնակցությունը` ընտրողների մեկ քառորդի չափով: Երկու ցուցանիշներն էլ հանրաքվեի արդյունքներով գերազանցվեցին շուրջ 2 անգամ: Այսինքն` հանրաքվեն կայացած կհամարվեր, եթե քվեարկությանը մասնակցեին ընտրողների ցուցակներում գրանցված  2 միլիոն 547 հազար ընտրողների 25 %-ը` 637 հազար մարդ, բայց իրական մասնակցությունը կազմեց` 1 միլիոն 300 հազարից ավելի: «Այո»-ի եւ «ոչ»-ի հարաբերակցությունն էլ` 825. 851 քվեն` 421.600-ի դեմ: Իսկ նման առավելություն (ընդդիմադիր մամուլն ու քաղաքական ուժերը կշտապեին օգտագործել «ջախջախիչ» ածականը) չէին սպասում բոլոր այս մանիպուլյացիաների հեղինակները: Ընդ որում, շատ ավելի համեստ բողոքների թվով, քան բոլոր նախորդ ընտրական գործընթացներում ` ընդամենը 78 բողոքների հիման վրա տեղամասային տվյալների վերահաշվարկները արդեն 3-րդ օրն է, որ ընթանում են, եւ փոքրիշատե հիշարժան, էլ չենք ասում` էական, ազդեցություն չունեն: Եվ շատ ավելի խիստ մոտեցումներով` պատժամիջոցների իմաստով: Ինչպես գիտեք, օպերատիվ կերպով հարուցվեցին քրեական գործեր` լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, քվեարկության կարգը խախտելու` 1-ից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար եւ այլն: Որեւէ հայտարարություն կամ հաղորդում, որը պարունակել է առերեւույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, ընդունվել եւ ուղարկվել է պատկան մարմիններին` քննություն անցկացնելու համար: Նման պատրաստակամությունը` հետաքննելու եւ պատժելու յուրաքանչյուր միջադեպ, հստակ քաղաքական կամքի արտահայտություն եմ համարում, ընդ որում` իրական եւ գործուն քաղաքական կամքի, թեեւ, կարծում եմ` նկատելի էր, որ քաղաքական դաշտի որոշ մասնակիցներ փորձում էին նաեւ սադրանքների եւ ապատեղեկատվության ճանապարհով լրացնել փաստարկների պակասը` ամպագոռգոռ հայտարարությունների համար: Նաեւ կցանկանայի արձանագրել, որ որոշ հնչեղ փաստերը` այդ թվում եւ լրագրողական հետաքննությունը, պարզորոշ ցույց տվեցին, որ արհեստական եւ անհիմն է բոլոր թերությունները եւ խախտումները ՀՀԿ-ին վերագրելու մոտեցումը: Այս հանրաքվեն նաեւ ցրեց այդ մտայնությունը:


«ՁԱՅՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՃՆՇՈՂ Է, ՈՐ ՈՐԵՎԷ ԿԱՍԿԱԾ Ի ՉԻՔ Է ԴԱՐՁՆՈՒՄ»


–Այնուամենայնիվ, որոշակի լարվածություն է նկատվում թե՛  ԱԺ-ում, թե՛ հասարակության որոշ շրջանակների մոտ: Ի վերջո, ո՞րն է խնդիրը:
– Դե, նախ հայտնի է` մեր մենթալիտետի մեջ դեռ չի արմատավորվել հայտնի երեւույթը, որի մասին բազմիցս խոսել ենք` ձեռքսեղմում եւ շնորհավորանք հաղթող հակառակորդին: Նույնիսկ նման դեպքում, երբ ձայների տարբերությունը այնքան ճնշող է, որ որեւէ կասկած ի չիք է դարձնում: Բոլորս հիշում ենք այլ երկրներում տեղի ունեցած բազմաթիվ դեպքեր, երբ մի ամիս հաշվում էին 30 ձայնը, կամ չնչին տարբերություն է քվեների մեջ, բայց քաղաքակիրթ ավարտ է արձանագրվում: Սակայն մեզանում նույն ձեռագիրն է բոլոր ընտրություններում` 2 տասնամյակ շարունակ: Նույն ածականներն ու մակդիրները` «խայտառակ», «զանգվածային» եւ այլն` առանց տարբերելու, չտեսնելով բողոքների քանակի «խեղճությունը» եւ անբավարարությունը`  Սահմանադրական դատարանից «նպաստավոր» պատասխան ունենալու համար: Եվ նույն ապավինումը փողոցին, ամբոխին, դեստրուկտիվ քայլերին, սրացումներ, լարվածություն սադրել, որը նույնպես գնալով ավելի «սին» է դառնում: Այսօր ոստիկանության եւ իրավապահ մարմինների գործելաոճը արմատական է փոփոխվել: Այնպես որ, եվրոպական երկրները կնախանձեին: Այն դաշտում էլ, որ չի ստացվում` դա բերում է ԱԺ-ում ոչ թե լարվածություն` դրա բազան, ռեսուրսը ծայրահեղությունների միտված ընդդիմությունը ինքն իր մեջ էլ չունի` բոլորը բաժան-բաժան են ու անմիաբան: Եվ այս ամենը բերում է թատրոնահամերգակրկեսային բնույթի երեւույթների ավելացմանը: Ինչքան մենք ավելի օրինավոր եւ թափանցիկ կատարենք մեր ընտրական գործընթացները եւ ինչքան մոտենանք հաջորդ ընտրություններին, այնքան կավելանան նման «համերգները»: Պետք է հանգիստ եւ սառնասիրտ վերաբերվել:  
– Եվ որպես վերջաբան` հետաքրքիր է, թե քաղաքական «համերգներ» տալու փոխարեն, ի՞նչ կառաջարկեիք պարտվողի կարգավիճակում հայտնված քաղաքական գործիչներին:
– Կոչ անեմ մեր երկրի բոլոր սրտացավ, հայրենասեր գործիչներին, ուժերին, անձերին` թողեք այս գործելաոճը, պահվածքը, հնարքները: Երկիրը քայլ առաջ է անում, նոր քաղաքական համակարգ է արմատավորվում, մեկ տարի հետո ընտրություն է, որին պետք է նորովի մասնակցել: Համապետական, համազգային կարեւորության այս փոփոխությունը, մեր երկրում շատ բան բարելավող մայր օրենքը անտեղի ու անհիմն մի՛ ստվերեք, մի՛ օգտագործեք անձնական կամ հատվածային շահերի համար: Եկեք առաջ նայենք: Առջեւում կարեւոր գործեր կան:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ