Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ԵՐԵՔ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

 

Երեկ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը քննարկել է շուրջ հինգ տասնյակ հարց:

 

 

Գյուղատնտեսության կոոպերատիվների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որ ներկայացրել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհություն է հայտնել` հարցն ուշացնելու կապակցությամբ, որ ԱԺ հերթական նստաշրջանն ավարտվում է, այնինչ պետք է դիմեն ԱԺ-ին` օրենքը քննարկելու եւ ընդունելու համար: «Ես իմ դժգոհությունն եմ հայտնում այս օրենքի առումով Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության եւ Արդարադատության նախարարությունների ղեկավարություններին: Ես մանրամասն իրենց ասել եմ ու հորդորում եմ կառավարության բոլոր անդամներին, որպեսզի եւս մեկ անգամ գույքագրեն իրենց պարտավորությունները, որպեսզի մենք հետո ավելի տհաճ խոսակցություններ չունենանք»:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում էր ավտոմեքենայի տեխնիկական զննման կտրոնի պարտադիր պահանջը հանելու խնդրին:
Կառավարության հիմնավորումը պայմանավորված է տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման անհրաժեշտությամբ, իսկ դրա կարեւոր երաշխիքներից մեկը տեխնիկական զննության պահանջն է:

ՀԱՍՏԱՏՎԵՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիները» ծրագրին, որը մշակվել է ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է` ունենալ ՀՀ էներգետիկ համակարգի հեռանկարային զարգացման տեսլականը, որը նպատակաուղղված կլինի ապահովելու ՀՀ էներգետիկ անվտանգությունը` ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ:
Հաշվի առնելով, 2013-2014թթ. ընթացքում վառելիքաէներգետիկ շուկայում եւ էներգետիկ համակարգում կիրառվող տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված զարգացումները, ինչպես նաեւ տարածաշրջանային ինտեգրման խորացման եւ ընդլայնման նկատվող միտումները եւ Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ այլ երկրների հետ բանակցությունների արդյունքները, անհրաժեշտություն էր առաջացել նախանշել եւ մեկտեղել երկարաժամկետ հեռանկարում էներգետիկայի բնագավառում ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը, որի նպատակով էլ մշակվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիները» ծրագիրը:
Ըստ էության, դա փաստաթուղթ է, որտեղ նախանշվել են երկարաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգի զարգացման ուղիները` տարբեր սցենարների կիրառմամբ, ելնելով տնտեսության զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանային ինտեգրման խորացման եւ ընդլայնման նկատվող միտումներից եւ էներգահամակարգի իրական զարգացումներից: Միաջազգային փորձը ցույց է տալիս, որ նման մշակումները պահանջում են վերանայում յուրաքանչյուր 2-3 տարին մեկ` ընթացիկ փոփոխությունները հաշվի առնելու նպատակով: Այն վերաբերում է էներգետիկ միջոցառումների իրականացմանը ՀՀ ամբողջ տարածքում:
Սույն փաստաթուղթը ներառում է Հայաստանի ընդհանուր վառելիքաէներգետիկ համալիրի նվազագույն ծախսերով եւ ժամանակակից տեխնոլոգիաներով համալրված հեռանկարային զարգացումները, ինչպես էներգիայի արտադրության, այնպես էլ էներգետիկ համակարգի ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մասով: Այն թույլ է տալիս բարելավել ամբողջ էներգահամակարգի երկարաժամկետ զարգացումը` հաշվի առած բոլոր էներգապաշարները (նավթամթերքներ, միջուկային, հիդրո, վերականգնվող, կենսազանգված, եւ այլն), արտադրող եւ փոխանցող ենթակառուցվածքները:
Ծրագրի մշակման անհրաժեշտությունը հիմնավորված է նաեւ նրանով, որ նոր ատոմային բլոկի շահագործման հանձնելու գործընթացը տեւում է առնվազն 10 տարի, եւ համապատասխան որոշում կայացնելու համար կառավարությանը հարկավոր է ունենալ երկրի վառելիքաէներգետիկ համալիրի երկարաժամկետ զարգացումների եւ ռիսկերի տեսլականը:
Այս ծրագիրը 2014 եւ 2015 թվականներին լայնորեն քննարկվել է ՀՀ կառավարությունում եւ Հանրային Խորհրդում, շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարեւորելով ծրագրի իրականացումը, նշել է, որ էներգետիկ համակարգը մեր երկրի տնտեսության ողնաշարն է: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը եւ տարբեր կառույցներին, ընկերություններին` ծրագրի մշակման գործում մեծ ծավալի աշխատանք կատարելու համար:


ՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ

Կառավարությունը սահմանված կարգով արտոնություն է տվել գերակա ոլորտում իրականացվող ծրագրի շրջանակում տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ մասեր ու հումք ներմուծող «Արմյանսկի Ուրաժայ» ընկերությանը` մաքսատուրքից ազատելու համար:
Ընկերությունը գործունեություն է ծավալում ջերմոցային տնտեսության ոլորտում եւ նախատեսում է զբաղվել հոլանդական վարդերի աճեցմամբ: Անհրաժեշտ սարքավորումները ներմուծվում են Նորվեգիայից, իսկ հումքը` Հոլանդիայից:
Կառավարության տված արտոնությունը լուրջ խթան կհանդիսանա ներդրումային նոր ծրագրի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, տեղական արտադրության զարգացման եւ արտահանման համար:

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԿԱՊԱՀՈՎՎԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 20 ԸՆՏԱՆԻՔՆԵՐ

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում` պետական միջոցների հաշվին վերակառուցված N5 բազմաբնակարան շենքի բնակարանների ամբողջական բաշխումն ապահովելու նպատակով, կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում` միաժամանակ լուծելով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները: Ըստ այդմ` առաջարկվում է շենքի 26 բնակարանները հատկացնել մարզի բնակավայրերում` երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 6, մարզի Ծաղկահովիտ համայնքում բնակվող` սոցիալապես անապահով եւ բնակարանի կարիք ունեցող 4, ինչպես նաեւ մարզի Ծաղկահովիտ եւ Կոշ համայնքներում բնակվող` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող 16 ընտանիքի:
Միաժամանակ, հաշվի առնելով համայնքում ծառայողական բնակարանի անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի միջնորդությունը, առաջարկվում է 1 հատ 4-սենյականոց բնակարան եւ 2 հատ 3-սենյականոց բնակարան հանձնել, համապատասխանաբար, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը: Անդրադառնալով ծառայողական բնակարանի անհրաժեշտությանը` գործադիրի ղեկավարը նշել է. «Զոհվածի ընտանիք չկա՞, կամ երկրաշարժից տուժած անօթեւան մարդկանց տրամադրեք: Դեմ եմ, որ լինի ծառայողական բնակարան, տվեք մի անապահով ընտանիքի կամ զոհվածի ընտանիքի»:


ԿԲԱՐՁՐԱՆԱ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ

Կառավարության ընդունած որոշումներից մեկով հաստատվել է զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործման միջոցառումների մի ծրագիր, որի արդյունքում ակնկալվում է նոր հնարավորություններ` ստեղծել հայկական զբոսաշրջություն` մրցունակության բարձրացման համար:
Միջազգային փորձը վկայում է, որ քարանձավները զբոսաշրջության գրավչության կարեւոր օբյեկտ են, մինչդեռ Հայաստանի տարածքում գտնվող բազմաթիվ բարձրարժեք քարանձավներ այդ նպատակով չեն օգտագործվում:
Նոր մոտեցման արդյունքում կլուծվի նաեւ քարանձավների պահպանման խնդիրը, կստեղծվեն նոր աշխատատեղեր, զբոսաշրջության արդյունքի դիվերսիֆիկացման շնորհիվ համայնքներում կավելանան եկամուտները:

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ