Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԱՅՍ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԵՐԱԾՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

 

Հայ-ադրբեջանական սահմաններին եկավ տանկային կրակոցների հերթը: Սա 1994թ.-ից ի վեր չտեսնված երեւույթ է, եւ, հազիվ թե, ինչ-որ շարքային տանկիստ ինքնագլուխ որոշեր՝ մեկ-երկու անգամ զվարճանալու համար կրակել: Ուրեմն՝ այս քայլով ի՞նչ է ցանկանում ցույց տալ կամ ապացուցել Ադրբեջանը: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

ՊՆ նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ, որ ժամանակին նման կրակոցներ շատ է տեսել, այս կարծիքին է.

- Սահմանային այս լարվածությունը, իհարկե, չի կարող վերածվել լայնածավալ ռազմական գործողությունների: Դա բացատրվում է նրանով, որ այսօր Ադրբեջանի վիճակն ավելի լավը չէ, քան Թուրքիայինը, որի վիճակի վատթարացումն էլ ուղղակիորեն ազդում է Ադրբեջանի վրա:  Չէի ասի, որ հոգեվարքի մեջ են, բայց մոտավորապես նման մի վիճակում են: Ամեն ինչ անում են, որպեսզի ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում կարողանան որեւէ շահեկան բան պոկել` միջազգային կառույցների առաջ ապացուցելով, որ խնդիրը չի լուծվել, եւ իրենք կարող են անել ամեն ինչ: Ադրբեջանական իշխանություններն այս կերպ նաեւ ցանկանում են հերոսանալ իրենց ժողովրդի աչքում: ԼՂՀ հարցում Թուրքիան, իր բնավորության համաձայն, շարունակում է խոստումներ տալ  Ադրբեջանին, սակայն վերջինս հասկանում է, որ «եղբոր» կեղծ դիվանագիտության բացահայտման արդյունքում հայտնվելու է շատ ծանր վիճակում:

Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ փաստեց.
- Հրադադարի ռեժիմից հետո սրանք, կարծես թե, առաջին ավելի ծավալուն գործողություններն են, որի շարունակությունը կարող է լինել լայնածավալ պատերազմի վերսկսումը: Չնայած՝ Ադրբեջանն այդ քայլին չի կարող գնալ, որովհետեւ նա ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ռազմական պոտենցիալ չունի: Այս ամենի դիտարկման արդյունքում կարելի է ասել, որ նման կերպ հակառակորդ կողմը ցանկանում է տապալել բանակցային գործընթացը եւ փոխել Սարգսյան-Ալիեւ սպասվող հանդիպման օրակարգը: Այս հանդիպման մասին արդեն հայտարարություն եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Ճիշտ է, հանդիպման հստակ օր դեռեւս նշված չէ, բայց, կարծում եմ, ամեն պահ նրանք կարող են փոխել իրենց որոշումները եւ ձեռք բերել նոր պայմանավորվածություններ: Բանակցային խաղաղ գործընթացը կարող է շարունակվել, եթե ադրբեջանական կողմը պահպանի տարրական որոշ պայմաններ, թուլացնի սահմանային լարվածությունը, հրաժարվի սադրիչ գործողություններից:

Ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ ավելացրեց.
- Իրոք, առաջնագծում իրավիճակը գնալով ավելի է սրվում, եւ չի բացառվում, որ ադրբեջանական նման արկածախնդրությունը կարող է բերել լայնածավալ պատերազմի: Բայց չմոռանանք, որ պատերազմը դեռեւս չի էլ ավարտվել, այն վերածվել է խրամատային պատերազմի: Միայն թե, վերջին շրջանում հակառակորդն արդեն հեռուն գնաց եւ նռնականետերից եւ հրասայլերից սկսեց կրակ բացել մեր դիրքերի ուղղությամբ: Հակառակորդի գործողություններն ունեն մեկ նպատակ` ահաբեկել հայկական կողմին  եւ միջազգային հանրությանը, որպեսզի ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում հասնեն առավելագույնին: Այս ամենը որոշ չափով էլ կապված է տարածաշրջանում զարգացող իրավիճակի հետ:  Օրերս Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն Բաքու կատարած այցի ընթացքում քաջալերեց Ադրբեջանին եւ անգամ Ալիեւին հրահանգեց գործել ավելի համարձակ, որի օրինակն էլ ահա մենք տեսնում ենք: Տեսնելով, որ այսօր Ռուսաստանն ուշադրությունը շեղել է, Ադրբեջանը ոգեւորվել է, եւ, կարծում է, որ առանց արգելքի կարող է առաջ գնալ: