«ԽԵՂՃ ԾՆՈՂՆԵՐԸ ՇՈԿԻ ՄԵՋ ԵՆ»
Դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է պահեստազորի մայոր 38-ամյա Գարիկ Մարությանը, ով, ըստ իրեն առաջադրված մեղադրանքի՝ «Երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում` պետական գաղտնիք պարունակող տվյալներ»:
Նշենք, որ պետական դավաճանության մեջ մեղադրվողը Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից է: Մեզ հետ զրույցում տեղի գյուղացիները, ովքեր չցանկացան, որ ներկայացնենք իրենց անունները, Գարիկին բնութագրեցին հետեւյալ կերպ. «Ինքը շատ մարդամոտ, հայրենասեր տղա էր: Տեղում քարացանք, որ իմացանք, թե ինչի մեջ են մեղադրում: Ինքը թշամու դեմ կռվող տղա էր, ո՞նց կարար նման բան աներ, դա բացառված է: Ընտանիքի, երեխեքի տեր տղա էր: Խեղճ ծնողները շոկի մեջ են»: Մեկ ուրիշ հայթաղցի էլ, թե. «Չենք ուզում հավատալ, որ մեր աչքի առաջ մեծացած էրեխեն կարար պետական դավաճան դուրս գալ: Բայց հասկանում ենք նաեւ, որ նման լուրջ մեղադրանքը, ոնց էլ լինի, առանց լուրջ հիմնավորման չէր կարող լինել: Ցավում ենք, բայց չենք ուզում հավատալ»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
|