Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԷՐԴՈՂԱՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԹԱԿԱՐԴԻՑ ԵԼՔ ՉԻ ԳՏՆՈՒՄ

 

Վերջին օրերին Սիրիայի՝ Լաթալիայի տարածաշրջանի հյուսիսում ռուսական ավիացիայի հետ համատեղ՝ սիրիական կառավարական զորքերի հաջողությունները նշանակալից էին նաեւ հայության համար: Այն առումով, որ վերջապես ամբողջովին ազատագրվեց Լաթակիայի հյուսիսային՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու գտնվող հայկական Քեսաբը, երկրի կենտրոնական հատվածների եւ նույնպես հայաշատ Լաթակիա քաղաքին կապող հիմնական ավտոմայրուղին: Այսպիսով՝  կարելի է հուսալ, որ այն դրամատիկ իրավիճակը, որն առաջացավ Թուրքիայի ամենաուղղակի աջակցությամբ` ահաբեկիչների կողմից ժամանակին Քեսաբը գրավելուց, հայ բնակչության մասամբ կոտորվելուց եւ մասամբ՝ քաղաքը լքելուց, Ասադի զորքերի կողմից այն ազատագրելուց եւ մինչ օրս՝ կիսաշրջափակված վիճակում մնալու արդյունքում:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՆԱԵՎ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱԽՈՒՄ ԿԱ

Քեսաբի ապաշրջափակումը, բացի նրանից, որ նշանակալից իրադարձություն է հայության համար, շատ ավելի խորքային երեւույթ է: Այն, որ ժամանակին Թուրքիայի մատն իրոք խառն էր ահաբեկիչների կողմից Քեսաբը գրավելու օպերացիային, ապացուցում է նաեւ այն փաստը, որ հիշատակված մայրուղին մինչ այժմ հիմնականում շրջափակված էին պահում Անկարայի հատուկ հովանավորությունը վայելող եւ Թուրքիային սահմանակից սիրիական այդ հատվածներում բնակվող սիրիական թուրքերի խմբավորումները: Ընդ որում՝ թուրքական իշխանությունների ամենակեղտոտ հանձնարարությունների իրականացման մեջ «մասնագիտացած» «Գորշ գայլերի» ոչ թե պարզապես ամենաակտիվ մասնակցությամբ, այլ՝ ղեկավարությամբ: Պաշտոնական Անկարան էլ իր հերթին իրականացնում էր ռազմատեխնիկական եւ նյութական լայն աջակցություն, ինչը հատկապես վերջին ժամանակներս քանիցս ապացուցվեց, երբ մոտավորապես նույն գոտում ոչնչացվեց ռուսական ՍՈւ-24 ինքնաթիռը, եւ սպանվեց պարաշուտով փրկվող օդաչուներից մեկը: Հիմա էլ ազատագրված մայրուղուց բավարար հեռավորության վրա թուրքամետ եւ «Գորշ գայլերից» կազմված այդ խմբավորումները շրջափակված վիճակում են, ու եթե զենքը վայր չդնեն, ապա նրանց ոչնչացումը կդառնա ՍՈւ-24-ի վրա հարձակման պատասխաններից մեկը: Այսպիսով նկատենք ամենաէականը. թեեւ պաշտոնապես, մասնավորապես այս հատվածում սիրիական՝ Ասադին ենթակա ուժերը կռվում են ահաբեկչական խմբավորումների դեմ, բայց փաստացի այդ իրավիճակն իր մեջ պարունակում է նաեւ ռուս-թուրքական ուղղակի բախում. ռուսական հարվածների թիրախում նաեւ թուրքիայի քաղաքացիներից կազմված ռազմականացված «Գորշ գայլերն» են:
Սրանից զատ՝ թուրքական սահմանին զուգահեռ, սիրիական զորքերի հարձակումը դանդաղ, բայց նաեւ հաստատուն տեմպերով շարունակվում է ու դրա հետ մեկտեղ՝ շարունակվելու է նաեւ ռուս-թուրքական բախումը: Այն պարզ պատճառով, որ նահանջն էրդողանի համար իսկական կրախի է վերածվելու:

Եվ խնդիրը միայն ահաբեկչական խմբավորումների հետ կապի եւ հակառակ ուղղությամբ ապօրինի նավթի տեղափոխման ուղիները ¥Քեսաբ տանող հիշատակված ճանապարհն այդ գոտում նաեւ Թուրքիա հասնող հիմնական մայրուղին է¤ կորցնելը չէ: Լաթակիայի այդ հյուսիսային հատվածը լեռնային անտառապատ գոտի է, որտեղ անհամեմատ հեշտ է պաշտպանության կազմակերպումը: Հաշվի առնելով նաեւ, որ հիմնականում այս հատվածում են կոմպակտ բնակվում Անկարայի օգտին բավականին մեծ դեր կատարող սիրիական թուրքերը: Բնականաբար՝ լեռներում նաեւ քիչ էֆեկտիվ է գործում ռուսական ավիացիան, ծանր է սիրիական բանակի հարձակումը, որն այս նեղ հատվածում ստիպված է կուտակել տեխնիկայի մեծ քանակություն: Այսինքն՝ սահմանամերձ լեռնային գոտին ազատագրելով՝ սիրիական բանակն ավելի արագացված տեմպերով կկարողանա թուրքական սահմանը վերահսկելի դարձնել: Առավել եւս, որ սիրիական ընդդիմության մի մասը, որին Էրդողանը գրեթե իր սեփականությունն էր համարում, վերջին օրերին սկսել է Ասադի զորքերի հետ համատեղ հարձակումներ իրականացնել՝ միաժամանակ զենք եւ օդային աջակցություն ստանալով ռուսներից: Իսկ դա հուշում է, որ սիրիական սահմանների վերահսկողության կորուստը ռազմավարական պարտություն կդառնա ոչ միայն ահաբեկչական խմբավորումների, այլեւ՝ Անկարայի համար: Նաեւ այն առումով, որ սիրիական փակ սահմանն Էրդողանին առհասարակ դուրս կթողնի Մերձավոր Արեւելքի վերաբաժանման այս մեծ գործընթացից: Եվ այն պահին, երբ Թուրքիայի անմիջական հարեւանությամբ` Սիրիա-Իրաք-Իրան-Ռուսաստան առանցքի ստեղծման մասին մասնագիտական խոսակցություններն հասել են նրան, թե այդ այսպես ասած՝ «Չորսի դաշինքի» ձեւավորման բոլոր պայմանավորվածություններն առկա են եւ մնում է միայն դրան պաշտոնական տեսք տալ, ինչի մասին Էրդողանն արդեն հասցրել է իր մտահոգությունները հայտնել: Մյուս կողմից էլ՝ նման դաշինքի բաղկացուցիչը կարող է դառնալ սիրիական քրդերի ինքնավարությունը, որի ստեղծման խոստումն Ասադը տվել է: Դրանից զատ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւս քանիցս Ասադի զորքերի հետ միասին՝ սիրիական քրդերին համարել է ԻՊ-ի դեմ ռեալ պատերազմող հատուկենտ ուժերից մեկը, ինչը եւս սիրիական Քուրդիստանի ձեւավորմանը մեծ հավանականություն է տալիս: Մինչդեռ Թուրքիայի սահմաններին զուգահեռ` Լաթակիայի հիշատակված հարձակումը շարունակվելու դեպքում՝ հասնելու է կրկին Թուրքիայի սահմանակից քրդական վերահսկողության գոտուն: Իսկ այդ դեպքում քրդական գործոնն էլ ավելի ծանր գլխացավանք է դառնալու Էրդողանի համար:

ԱԼԻԵՎԻ «ԵՂԲԱՅՐԱԿԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՔԱՆՆ ԷՐ

Փաստն այն է, որ Անկարայի համար հույժ վտանգավոր այս բոլոր գործընթացների հիմնական շարժիչ ուժն Էրդողանը համարում է Ռուսաստանին: Իսկ դա նշանակում է, որ «Չորսի դաշինք» ասվածը ձախողելու ռեալ միջոցներ չունենալով՝ Էրդողանը դեռ շարունակելու է Ռուսաստանի ուղղությամբ պրովոկացիաները՝ խնդիրը հնարավորինս ՆԱՏՕ-Ռուսաստան հարթակ տեղափոխելու համար: Ի դեպ, այդ մասին է ակնարկում նաեւ, որ վերջին օրերին արդեն որերորդ դեպքն է, որ սեփական նեղուցային ջրերում, Էգեյան եւ Սեւ ծովերում թուրքական նավերը մինչեւիսկ ռուսական ռազմանավերի հետ են պրովոկացիաների գնում: Սրա հետ մեկտեղ՝ կան նաեւ փաստեր, որ Էրդողանը փորձում է նաեւ Ուկրաինայում եւ, մասնավորապես, Ղրիմի ուղղությամբ ակտիվություն դրսեւորել: Բայց գագաթնակետը, թերեւս, թուրքական զինուժն Իրաք մտցնելու պատմությունն էր՝ ակնհայտորեն նաեւ դրանից հետո Սիրիա անցնելու տրամադրությամբ: Եվ ահա այստեղ է, որ Էրդողանը, կարծես թե, լուրջ փաստի առաջ է հայտնվել: Պաշտոնական Բաղդադին թեեւ փորձում էին հրամցնել, թե թուրքական բանակն Իրաքին չի սպառնում, այսինքն՝ հիմնական թիրախը Սիրիան է: Բայց այդպես էլ չհաջողվեց  համոզել Իրաքին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ¥ԱԽ¤ բողոք չներկայացնի: Եվ ինչպես համոզեին, երբ իրաքյան կառավարությունը, թերեւս, վերջնականապես համոզվեց, որ թեեւ գտնվում է ամերիկյան պաշտոնական հովանու տակ, սակայն թուրքական ներխուժումը Վաշինգտոնին այդպես էլ առանձնապես չմտահոգեց, թե դա Անկարայի եւ Բաղդադի ներքին խնդիրն է: Իսկ ծայրահեղ թուլացած Իրաքն այդ ինչպե՞ս է այդ «ներքին խնդիրն» իր օգտին լուծելու: Գումարած դրան՝ օրերս նախագահ Օբաման հայտարարեց, թե ահաբեկչության դեմ պատերազմ կոչվածը դեռ երկար տարիներ է շարունակվելու: Բայց դրանից հետո ինչ կմնա Իրաքից: Արդյունքում՝ Բաղդադը ԱԽ բողոք ներկայացրեց, որը միջազգային իրավանորմերի տեսանկյունից այն աստիճան ամուր է, որ անգամ ԱՄՆ-ը ԱԽ-ում Թուրքիային աջակցելու որեւէ հնարավորություններ չունի. Թուրքիայի ռազմական ներխուժման վրա աչք փակելն արդեն հիմքերից կփլուզի առանց այդ էլ հազիվ գոյատեւող գլոբալ կառավարման համակարգը՝ ցանկացած պետության հնարավորություն տալով խելքին փչած պահին զորք մտցնել, ուր ցանկանում է:
Այսպիսով՝ թերեւս Էրդողանը ստիպված կլինի ետ քաշվել Իրաքից, թեեւ չբացառենք, որ մի վերջին ավանտյուրայի այստեղ դեռ գնալու է: Նաեւ այն առումով, որ եթե նույն ակտիվությամբ շարունակվի թուրքական սահմանը փակելու ուղղությամբ ընթացող հարձակումը, դա արդեն «Չորսի դաշինք» կարող է միանգամից գործնական օրակարգ բերել՝ Թուրքիայի հետ կապված բոլոր հետեւանքներով հանդերձ: Եվ հաշվի առնելով, որ նման դաշինքի ակտիվ դետալներից մեկն էլ հայաստանյան 102-րդ ռազմաբազան է, այս ուղղությամբ եւս թուրքական ավանտյուրան ամենեւին էլ պետք չէ բացառել: Համենայնդեպս՝ Ղարաբաղում նոր ճակատ Էրդողանը դեռ փորձում է: Թեեւ իրավիճակն այստեղ վերջին օրերին ինչքան էլ որ գերլարված է, սակայն գնալով ակնհայտ է դառնում, որ այս լարվածությամբ Բաքուն Անկարային սիրաշահելուց այն կողմ այդպես էլ չի անցնի: Առավել եւս, որ հայկական գործոնից զատ՝ Ալիեւը նաեւ պետք է աչքի առաջ ունենա այսպես ասած՝ կրոնական հանդուրժողականության եւ հակառակ դեպքում՝ հետեւանքների մասին այն ազդակները, որ համառորեն ստանում է Իրանից: Էլ չասած, որ առաջիկայում նաեւ նախագահների մակարդակով հանդիպումն է, որից թեեւ մեծ ակնկալիքներ չկան, բայց նման միջոցառումները մի որոշ ժամանակով ավելորդ լարվածությունները մեղմող գործոն են:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ