Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻԱԿ ԵՒ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՄԵԹՈԴԸ ԴՐԱՆՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿԱՆԽԵԼՆ Է` ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԱՆՑՆԵԼՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության աճ: Ինչպես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներն են փաստում, մեր երկրում բնակչության մահացության 80%-ը պայմանավորված է 3 առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններով, որոնց թվում առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են: Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման, բնակչության առողջության պահպանման եւ մահացության նվազեցման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվում են կանխարգելիչ ծրագրեր: Դրանց թվում են «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագիրը:
Մեզ հետ զրույցում` Առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն ՆԵԼՍՈՆ ԶՈՒԼՈՅԱՆԸ ներկայացրեց «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակներում իրականացվող սքրինինգային հետազոտությունների ընթացքը:

 

 

Նելսոն Զուլոյանի խոսքերով, ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության ուշադրության կենտրոնում: Ըստ նրա, 2010 եւ 2011 թվականների կառավարության արձանագրային որոշումներով հաստատվել են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ բուժման հայեցակարգը եւ առավել բարձր մահացության բերող երեք հիվանդության` արյան շրջանառության համակարգի, չարորակ նորագոյացությունների եւ շաքարային դիաբետի ազգային ռազմավարական ծրագրերն ու միջոցառումների ժամանակացույցը:
«2015 թվականի հունվարի 1-ին մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի այս բաղադրիչը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությանը եւ ՈՎՀ-ի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման ռազմավարական ծրագրերին: Մեր կողմից իրականացվող ծրագիրն ուղղված է արյան գերճնշման, շաքարային դիաբետի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը եւ կանխարգելմանը»,- պարզաբանեց պարոն Զուլոյանը:
Մեր այն հարցին, թե որո՞նք են թիրախային խմբերը, եւ քաղաքացիները հետազոտության համար որտե՞ղ պետք է դիմեն, Նելսոն Զուլոյանն ասաց, որ սքրինինգները տեւելու են երեք տարի 2015-2017թվականների ընթացքում, եւ 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվել զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` ՊԱՊ թեստի հետազոտության միջոցով արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման եւ քաղցկեղի կանխարգելման նպատակով:
Ըստ պարոն Զուլոյանի, հետազոտություններն անցկացվում են առողջության առաջնային պահպանման օղակի բուժհաստատություններում` մասնավորապես տեղամասային պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում` լիովին անվճար:
Նելսոն Զուլոյանը նաեւ ներկայացրեց, թե ինչպիսի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել մինչեւ սքրինինգների մեկնարկը:
«Նշեմ, որ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը նախքան ծրագրի մեկնարկը` մի շարք նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել։ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ մշակվել են գործնական ուղեցույցներ եւ կրթական նյութեր ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ` նախատեսված բժշկական անձնակազմի համար: 2014թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին Երեւանում եւ մարզերում վերապատրաստվել են ավելի քան 2700 առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկներ, ինչպես նաեւ ծրագրին առնչվող դասընթացներ են կազմակերպվել շուրջ 900 ադմինիստրատիվ անձնակազմի համար: Վերապատրաստումներին զուգահեռ մեր կողմից գնահատվել են նաեւ մարզերի եւ Երեւան քաղաքի լաբորատոր ստորաբաժանումների կարիքները, եւ մի շարք լաբորատորիաներ համալրվել են անհրաժեշտ սարքավորումներով:
2014թ. մշակվել է ամբուլատոր պոլիկլինիկական հաշվետվական վերլուծական պորտալը (pbf.am), որը նախատեսված է տարատեսակ հաշվետվությունների ստացման, տվյալների վերլուծության, ինչպես նաեւ ծառայելու է միջոց հանրային իրազեկվածությունը բարձրացնելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:
Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ արդյունքներ ունեք ծրագրում բնակչության ընդգրկվածության վերաբերյալ: Նելսոն Զուլոյանի տվյալներով, 2015 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում` շուրջ 50000 կին Երեւան քաղաքում եւ մարզերում անցել են Պապ թեստի հետազոտություն: Նույն ժամանակահատվածում շուրջ 178000 քաղաքացիների մոտ իրականացել է արյան մեջ քաղցրի գլյուկոզի հետազոտություն եւ շուրջ 245000 քաղաքացիներ անցել են զարկերակային գերճնշման հայտնաբերման սքրինինգ:
Մեր այն հարցին, թե որքանով է տեղեկացված մեր ազգաբնակչությունը իրականացվող սքրինինգների վերաբերյալ, պարոն Զուլոյանն ի պատասխան վստահեցրեց, որ սկսած ծրագրի նախապատրաստական փուլից աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ. «Մասնավորապես մշակվել է ծրագրի հանրային իրազեկման ռազմավարությունը եւ ծրագրի մեկնարկից շարունակաբար իրականացվում է լայնածավալ հանրային իրազեկում: Մենք փորձում ենք օգտագործել հանրությանը հասանելի բոլոր հարթակները: Նկարահանվել եւ տարբեր հեռուստալիքներով հեռարձակվել են ծրագրի սոցիալական գովազդները: Տպագրվել եւ բնակչությանն են բաշխվել տեղեկատվական նյութեր, օգտագործվել է արտաքին գովազդը, տպագիր եւ էլեկտրոնային լրատվական միջոցները, ռադիոն եւ այլն»:
Նելսոն Զուլոյանը համոզված է, որ հիվանդություններից խուսափելու միակ եւ ապացուցված մեթոդը դրանք ժամանակին կանխելն է` պարբերաբար անցնելով համապատասխան հետազոտություններ. «Ինչպես արյան ճնշման եւ գլյուկոզի մակարդակի որոշման նպատակով, այնպես նաեւ քաղցկեղի զարգացման սկզբնական փուլում կանխարգելման համար»:

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ