Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

 

Դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում` մեկ տարի դադարից հետո, կկայանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը: Իսկ թե ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկա հանդիպումից` հատկապես սահմանային լարվածության ֆոնին, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներից, որը ներկայացնում ենք «Կլոր սեղան» ձեւաչափով:

 

ՆՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԻՋԵՑՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ


Ըստ ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ` այդ հանդիպումից առանձնապես որեւէ բան ակնկալել պետք չէ. «Բայց այն կարեւոր է, որովհետեւ նման հանդիպումներն իջեցնում են սահմանային լարվածության աստիճանը` հաշվի առնելով, որ վերջերս շատ սանձարձակ է Ադրբեջանը: Նրանց կողմից խախտումներն աննախադեպ քանակի են հասել եւ նույնիսկ զրահատեխնիկա են օգտագործում ու տանկեր կիրառում: Հետեւաբար, լարվածությունն իջեցնելու եւ այդ մտահոգությունները բարձրաձայնելու առումով կարեւոր է այս հանդիպումը»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նույնպես կարծում է, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կգրանցի գոնե դրական տեղաշարժ նրանով, որ սահմանում համեմատաբար խաղաղ իրավիճակ կլինի. «Ինչպես փորձն է ցույց տալիս, այդ հանդիպումներին նախորորդող եւ հաջորդող օրերին սահմանի լարվածությունը փոքր-ինչ թուլանում է: Միգուցե, մի քիչ հոռետեսորեն եմ տրամադրված, բայց այս պահի դրությամբ միայն դա եմ պատկերացնում, իբրեւ դրական տեղաշարժ, քանի որ բազմիցս Ալիեւն իր դեստրուկտիվ պահվածքով ցույց է տվել, որ այդ հանդիպումներին սայլը տեղից չի շարժվում, ու ամեն ինչ շարունակում է դոփել տեղում: Բայց, միեւնույն ժամանակ, ուզում եմ փաստել, որ ցանկացած նման բարձր մակարդակով հանդիպում մեկ քայլ է դեպի Մինսկի խմբի աշխատանքների բարեհաջող ավարտ: Վերջիվերջո, նման հանդիպումները միջազգային հանրությանը ցույց են տալիս, որ Մինսկի խումբն է այն միակ մարմինը, որն ունի մանդատ` զբաղվելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հիմնախնդրով»:


«ԱԼԻԵՎՆ ԷԼ Է ԳԻՏԱԿՑՈՒՄ, ՈՐ ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԼԱՎ ՉԻ ԸՆԿԱԼՎԻ»


Անդրադառնալով այս օրերին շրջանառվող ամենատարածված տեսակետին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ամեն ինչ կանի, որպեսզի հնարավոր հանդիպումը ձգձգվի կամ ընդհանրապես չկայանա` ԱԳ նախկին նախարարն ընդգծեց. «Ես Ալիեւի անունից չեմ կարող որեւէ բան ասել, բայց կարծում եմ` Ալիեւն էլ է գիտակցում, որ խուսափողական դիրքորոշումը լավ չի ընկալվի միջազգային  հանրության կողմից: Ի վերջո, մեկ տարի է հանդիպում չի եղել, եւ Մինսկի խմբի համանախագահները տարբեր առաջարկներ են ներկայացրել, մասնավորապես` միջադեպերի հետաքննման հետ կապված, որոնք մերժվում են հենց Ադրբեջանի կողմից: Այնպես որ, չմասնակցությունը չեմ կարծում, որ ճիշտ կլինի, բայց, իհարկե, սա իրենց որոշելիքն է»: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը գտնում է, որ Ալիեւը կհանդիպի, բայց որեւէ տեղաշարժ չի գրանցվի. «Ալիեւը հանդիպմանը կգնա, որովհետեւ մի քիչ շատ է իր հեղինակությունը խարխլվել համաշխարհային կառույցների աչքերում, ու նա ավելի ապակառուցողական ու մերժողական կերպարի մեջ է մտել: Եվ եթե նա կողքին ունի դիվանագիտական խորհրդատուներ, ապա ֆիզիկապես գոնե ներկա կգտնվի»:


«ՀՈՒՍՈՎ ԵՄ` ՇՈՒՏՈՎ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԱՍՑԵԱԿԱՆ ԿԼԻՆԵՆ»


Ամեն դեպքում, նկատի ունենալով այն, որ վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների հայտարարությունները որպես վերջնագիր են հնչում, թե որքանո՞վ է հնարավոր, որ հանդիպումը բեկումնային շրջադարձ ունենա, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ  պատգամավորը նշեց. «Դուք իրավացի եք, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները մի քիչ ամորֆ եւ անդեմ իրավիճակից փոխվել են ավելի հասցեականի, ինչը եւս դրական տեղաշարժ է: Եվ գտնում եմ, որ սա Ադրբեջանի վարած մերժողական քաղաքականության արդյունքն է: Այս հարցում ես ավելի լավատես եմ տրամադրված եւ հուսով եմ, որ շուտով Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն ավելի հասցեական կլինեն ու ավելի կոնկրետավորված»: Խոսելով իր սպասելիքների մասին` տիկին Կարապետյանը հավելեց. «Սպասում եմ` ԵԽԽՎ զեկույցների մասով, Մինսկի խմբի համանախագահների ավելի կտրուկ հայտարարության, քանի որ թվիթերյան գրառումները եւ լղոզված ձեւակերպումները, թե եթե զբաղվում եք հիմնախնդրով, մեզ հետ պետք է գոնե համագործակցել, կարծում եմ` կարելի է փոխարինել ավելի կոշտի ու շեշտել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է զբաղվում այդ հիմնախնդրով: Չէ՞ որ մանդատը տրված է հենց նրանց»: Եզրափակելով թեման` Ա. Արզումանյանն էլ ասաց. «Այս հանդիպումը կլինի կարեւոր` հերթական լարվածությունն իջեցնելու համար որպես բանակցային գործընթացը շարունակելուն ուղղված քայլ, բայց ոչ բեկումնային շրջադարձ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ