Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒԲԼՈՒ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ՑՆՑՈՒՄԱՅԻՆ ՉԻ ԼԻՆԻ»

 

 

Նավթի գների շարունակական գերանկումներին` ռուսական շուկան շարունակում է արձագանքել ռուբլու նույնքան հաստատուն արժեզրկմամբ: Բայց թեեւ անցած տարվա դեկտեմբերի օրինակով 1 դոլարը նորից անցավ 70-71 ռուբլու սահմանագծից այն կողմ, սակայն նույն խուճապային տրամադրություններն այս անգամ չկան: Դա հասկանալի է. եթե անցած տարի դոլարը մոտ 35 ռուբլու սահմաններից հասավ 70-ի, ապա այս տարի աճը մոտավորապես 65-ից էր:

 

 

Արդյունքում՝ թեեւ ընդհանուր ոչ վառ տրամադրություններին, ռուսական տնտեսությունը եւս խուճապային տրամադրությունների մեջ չէ: Այսինքն՝ թեեւ այդ մթնոլորտը հայտնի մեխանիզմներով նաեւ տարածվում է դեպի Հայաստան, սակայն մեր ներքին ֆինանսական շուկայում դա դեռ ասոցացվում է միայն դրամի նկատմամբ ռուբլու արժեզրկման տեսքով՝ համեմատաբար կայուն թողնելով դրամ-դոլար փոխարժեքը: Իսկ թե հետագայում ինչ զարգացումների կարող ենք սպասել, փորձեցինք պարզել տնտեսագետներից:
ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ այն կարծիքին է, որ ռուսական ռուբլու արժեզրկումն իր ազդեցությունը կթողնի հայկական դրամի վրա, բայց ոչ այն ցնցումային տեսքով, ինչպես նախորդ տարի.
- Ինչ խոսք, այն, որ ռուսական ռուբլու արժեզրկումն իր որոշակի ազդեցությունը կթողնի հայկական դրամի վրա, դա միանշանակ: Բայց այդ ազդեցությունը նախկինի նման սրընթաց ու նույն ուժգնությամբ, ինչպես տեղի է ունենում, ՌԴ-ում, դրամի նկատմամբ չի լինի: Սակայն հստակ կանխատեսել, թե այդ ընդհանուր իրավիճակն ինչ վերջնական անդրադարձ կունենա դրամի վրա, դժվար է: Բայց, որ Հայաստանում ռուսական ռուբլու արժեզրկումը ցնցումային չի լինելու, դա հստակ է:
Բոլոր դեպքերում, բնական եւ հասականալի է, թե ինչով է պայմանավորված ռուսական ռուբլու անկումը: Առաջին հերթին՝ այն կապված է միջազգային շուկաներում նավթի գների անկման հետ, եւ քանի որ Ռուսաստանի Դաշնությունում պետական գործառույթների համար հիմնական ֆինանսավորման միջոցը նավթն է, բնականաբար, հենց նավթի գների անկումն է բերել ֆինանսական ռեսուրսների անկման: ՀՀ դրամն էլ ռուսական ռուբլու հետ ունի որոշակի կապ, որը որոշակիորեն կթուլանա` կապված տրանսֆերների նկատելի պակասի հետ: Այլ կերպ ասած՝ ամեն դեպքում դրամի փոխարժեքի կտրվածքով ՀՀ-ում կնկատվի որոշակի տատանումներ, բայց ոչ ցնցումային:

«ԽՈՒՃԱՊԻ ՀԻՄՔ ՉԿԱ»

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ խնդրին այլ կողմից է մոտենում, որ իրականում տեղի է ունեցել ոչ թե ռուսական ռուբլու արժեզրկում, այլ ամերիկյան դոլարի արժեւորում.
- Ռուսական ռուբլու արժեզրկումը սկսվել է դեռ անցյալ տարվա ամռանից: Բայց ավելի ճշգրիտ լինելու համար՝ իրերն իրենց անուններով կոչենք. դա ոչ այնքան ռուսական ռուբլու կամ հայկական դրամի արժեզրկում էր, որքան ամերիկյան դոլարի արժեւորում: Այսինքն՝ անխտիր բոլոր, նույնիսկ՝ բարձր գնողունակություն ունեցող արժույթները չխուսափեցին արժեզրկումից: Հենց դա էլ ցույց է տալիս, որ իրականում տեղի է ունեցել թիվ մեկ միջազգային արժույթի արժեւորման գործընթաց: Պարզապես Ռուսաստանի տնտեսության առանձնահատկությունն այն է, որ գազ եւ նավթ արդյունահանող եւ արտահանող երկիր է, եւ այստեղ ոչ միայն դոլարի արժեւորումը, այլեւ նավթի գների տատանումներն են լուրջ ազդեցություն թողել: Ընդ որում, նույն բանը կարելի է նկատել նաեւ նավթի խոշոր արտահանում ունեցող այլ երկրներում:
Հայաստանն էլ, իհարկե, Ռուսաստանի ռազմավարական գործընկեր երկիր է եւ չի կարող խուսափել այդ ազդեցությունից: Այնուամենայնիվ՝ Հայաստանի տնտեսությունը փոքր-ինչ այլ կառուցվածք եւ առանձնահատկություններ ունի: Այս առումով հիշենք, որ եթե անցած տարվա այս ամիսների ընթացքում ռուբլին արժեզրկվեց գրեթե երկու անգամ,  ապա հայկական դրամի արժեզրկումը 15 տոկոսից չանցավ, արժեզրկվեց, էլ չասած, որ հետո նորից արժեւորման գործընթաց գնաց:
Ամեն դեպքում՝ խուճապի հիմք չկա: Իսկ առհասարակ՝ այս հարցը կարող ենք դիտարկել երկու հարթության վրա` մեկ ամենակարեւոր դրական եւ մեկ ամենակարեւոր բացասական: Բացասականը նա է, որ Ռուսաստանից ստացվող տրանսֆերները կարող են կրճատվել: Բայց մյուս կողմից Հայաստանի տնտեսության համար, ինչպես ցանկացած ճգնաժամային իրավիճակում, կարող են լինել նաեւ դրական ակնկալիքներ. հիմա հայ գործարարները պետք է փորձեն արժեզրկված ռուբլու գոտուց գնել հումք, նյութեր եւ դրանք հնարավորինս օգտագործեն վերամշակման ճյուղերում: Իսկ պատրաստի արտադրանքը ներքին սպառողից բացի, փորձեն ուղղել նաեւ դոլարային կամ եւրոյի գոտի: Այս դեպքում, կարծում եմ, Հայաստանը կարող է նաեւ շահեկան վիճակում լինել: Ավելին ասեմ, եթե մենք ստեղծված իրավիճակում կարողանանք էժան ռուբլով գազ գնել, սա կարող է ազդել եւ բնակչության սոցիալական խնդիրների լավացման, ինչպես նաեւ՝ մեր տնտեսության մրցունակության մակարդակի բարձրացման վրա:

«ՌՈՒԲԼԻՆ ՄԵԶ ՄՈՏ ԵՎՍ ԿԱՐԺԵԶՐԿՎԻ»

Իսկ ահա ՎԻԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ռուբլու արժեզրկումից որոշ վտանգ տեսնում է. դա կարող է բերել Հայաստանի Կենտրոնական բանկի պահուստների կրճատման.
- Ռուբլու արժեզրկումն անխուսափելի է, քանի որ նավթի գների անկման պատճառով Ռուսաստանը որոշակիորեն զրկվել է երկիր դոլարային մուտքերից:
Ինչ վերաբերում է հայկական դրամի վրա ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությանը, ապա, բնականաբար, լողացող փոխարժեքի պարագայում ռուբլին մեզ մոտ եւս կարժեզրկվի: Մյուս խնդիրը կայանում է նրանում, որ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները եւս ունեն որոշակի խնդիրներ, այսինքն՝ կնվազեն նրանցից ստացվող տրանսֆերները: Դրանից զատ դա կազդի նաեւ մեր ներքին գնողունակության վրա. եթե նախկինում ՌԴ-ից 1000 ռուբլի տրանսֆեր ստացող ՀՀ քաղաքացին այստեղ դրա դիմաց ունենում էր 12 հազար դրամ, հիմա արդեն՝ 7 հազար, եւ նրա գնողունակությունը 5 հազար դրամով կնվազի: Կա նաեւ այն վտանգը, որ երբ Ռուսաստանում դոլարը պակասում է, ապա  Հայաստանում գործող ռուսական տնտեսվարողները իրենց միջոցները կուղղեն դոլար առնելուն եւ այն դեպի Ռուսաստան ուղարկելուն, որովհետեւ այնտեղ, բնականաբար, այդ դոլարն ավելի թանկ կլինի, քան Հայաստանում: Այսինքն՝ այս արժեզրկման գործընթացը հնարավոր է ազդի նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի պահուստների կրճատման վրա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ