Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՀԻՄԱ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿԱ՞, ԹԵ ՉԷ

 

Օրերս խորհրդարանում «ժառանգական» Զարուհի Փոստանջյանը բողոքում էր, թե էլեկտրական էներգիայի դիմաց կառավարության փոխհատուցումները բաժանորդներին չի հասնում: Տիկին Զառայի հաճախակի ոչ ադեկվատ պահվածքը հաշվի առնելով՝ կարելի էր եւ ուշադրություն չդարձնել: Բայց ահա վերջին ժամանակներս քիչ չեն նման բողոքներ հայտնող քաղաքացիները, եւ դա արդեն լուրջ պարզաբանումների անհրաժեշտություն է առաջ բերում: Ուստիեւ՝ դիմեցինք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, որի լրատվական ծառայությունից ի պատասխան ասացին.

 

 

Կառավարությունը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ շարունակում է էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցում տրամադրել բնակիչ-բաժանորդներին եւ ՓՄՁ-ներին: Նոյեմբերին ծախսված էլեկտրաէներգիայի համար սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 509,4 մլն դրամ: Անցած չորս ամիսներին կառավարությունը հոկտեմբերի 29-ին որոշում ընդունեց բնակչության մասով բարձրացնել սուբսիդավորման հասցեականությունը եւ այն տրամադրել միայն առավել քիչ սպառում ունեցող խմբերին: Խոսքն ամսվա ընթացքում մինչեւ 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդների մասին է: Չնայած դրան, բնակիչ-սպառողների մեծ մասը` շուրջ 70 տոկոսը, շարունակում է օգտվել փոխհատուցումից: Այդպիսի սպառողների թիվը նոյեմբերին եղել է ավելի քան 543 հազար:  Այդ ամսին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 487 մլն դրամ:
Միգուցե: Բայց փաստն այն է, որ շատ բաժանորդներ բողոքում են, որ էլեկտրաէներգիայի դիմաց վճարման անդորրագրերից նույնիսկ գլուխ չեն հանում, թե  ինչքան են ծախսել, ստացե՞լ են փոխհատուցում եւ այլն: Այն պարզ պատճառով, որ հաճախ այդ անդորրագրերում ամեն բան շատ խառն է ներկայացված, ինչն առաջ է բերել խոսակցությունների շարան, որ հատուկ է արված, որ մարդիկ չհասկանան էլ, թե ինչի համար, ինչ վճարեցին: Մեր այդ հարցին ի պատասխան նախարարությունից միայն արձագանքեցին.
- Այդ հարցով դիմեք ՀԷՑ-ին:
Այսինքն` նախարարությանը չի՞ հետաքրքրում, թե ՀԷՑ-ը՝ տնտեսվարողը ինչ կերպ է աշխատում բնակչության հետ. առնվազն տարօրինակ է: Ամեն դեպքում՝ ՀԷՑ-ին եւս դիմեցինք, որտեղից մամուլի պատասխանատու ՆԱՏԱԼՅԱ ՍԱՐՋԱՆՅԱՆԸ հակադարձեց.
- Կարո՞ղ եք նմանատիպ մի կտրոն ցույց տալ, որտեղ ամեն բան խառն ու անհասկանալի է գրված:
- Այո, բազմաթիվ:
- Հստակ նշված է ամեն բան: Մենք երբվանի՞ց ենք այդ նոր սիստեմով աշխատում:
- Արդեն մի քանի ամիս:
- Այո, սկզբում ուղղակի բաժանորդները չէին կարողանում հասկանալ, բայց մենք բացատրեցինք: Դրան գումարած՝ մեր կայքում էլ կա, եւ յուրաքանչյուր բաժանորդ, եթե իր անդորրագիրը վերցնելով որոշակի բաներ չի հասկանում, կարող է հավաքել իր բաժանորդական քարտի համարը, մտնել եւ մեր կայքում էլ նայել: Այնպես որ, ամեն բան հստակ տարանջատված է, չկա նման խնդիր:
Երբ այս պատասխանը փոխանցեցինք անդորրագրերի խուճուճ լինելուց մեզ բողոք հայտնած քաղաքացուն, վերջինս միանգամայն տրամաբանական արձագանք հայտնեց.
- Ինձ, որպես սպառողի, ՀԷՑ-ը ոչ մի բան էլ չի բացատրել: Իսկ եթե մի քանիսին բացատրել է, թե ինչպես պետք է բառիս բուն իմաստով՝ վերծանել գաղտնագրի նմանվող այդ արտոնագրերը, կնշանակի, որ իմ եւ նրանց միջեւ, որպես հավասարազոր սպառողների, ջոկողություն է դրել:
Դրանից զատ՝ ես ինչ-որ բան, տվյալ դեպքում՝ էլ.էներգիա գնելու համար պարտավոր չեմ մասնավոր տնտեսվարողի կայքերում տվյալներ փնտրել: Պարզապես նրանք պետք է յուրաքանչյուր սպառողի տան այնպիսի վճարման կտրոն, որ միանգամից երեւա՝ այս ամսվա ընթացքում օգտագործել եմ այսքան հոսանք, որի գինն այսքան է, եւ այս մասն էլ փոխհատուցվել է: Դա անելը շատ հեշտ է, եւ երբ փոխարենը այնպիսի խուճուճ անդորրագրեր են տալիս, որ մի բան էլ պետք է բացատրեն, թե ինչն ինչ է, ապա նշանակում է, որ կա՛մ որոշ պաշտոնյաների մասնագիտական ունակությունն է կաղում, կա՛մ՝ դիտավորյալ են խճճում:
Ի դեպ, այս ամենի հետ մեկտեղ շրջանառվում է նաեւ այն խոսակցությունը, որ ՀԷՑ-ի էլեկտրիկները, բաժանորդների ցուցմունքները գրանցելիս, մի երկու օրվա տվյալ էս կողմից են ավելացնում, մի երկու օրվա՝ այն կողմից, որ 250 կՎտ-ն անցնի: Այդպես՝ մի ամիս «կգերազանցի», եւ սպառողը փոխհատուցումից դուրս կմնա, մյուս ամիս, ոչինչ, թող ստանա, մեկ ամիս անց՝ էլի կարող է գերազանցել...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ