Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 19:13

 

 

Հայաստանի ընդդիմադիր կյանքը կլիներ բավականին միապաղաղ` իր անվերջ կրկնություններով հանդերձ, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ: Արտահայտելով իր շեֆի մտածողությունը` սույն նախկին երիտասարդը զարմանալի կարծիք հայտնեց` փորձելով իբր հակադարձել ՀՀԿ-ականների մեկնաբանություններին` Ռոբերտ Քոչարյանի վերջին ինքնահարցազրույցի առնչությամբ. «Մեկնաբանելու նյութ առանձնապես չկա: Եթե այդ ընկերները փորձեն անկեղծ խոսակցության բռնվել գոնե իրենց հարեւանների հետ, ապա կհասկանան, թե ինչպես են մարդիկ վերաբերվում հանրաքվեին ու արդյունքներին: Եթե, իհարկե, նրանց հայտարարությունները միամիտ մոլորության հետեւանք չեն, ինչը գրեթե անհնար եմ համարում: Ի դեպ, այդպիսի զրույցների ընթացքում կարող են բազմաթիվ հետաքրքիր բաներ պարզել մարդկանց այսօրվա ապրելակերպի մասին»: Դե ինչ, ստացվում է, որ Սողոմոնյանը նոր-նոր է ծանոթանում մարդկանց ներկայիս ապրելակերպին, իսկ ինչ վերաբերում է «հարեւանների կարծիքին», ապա դա ցուցանիշ դարձնելը առնվազն զարմանալի է: Օրինակ, եթե վաղը հարեւաններն ասեն, որ պարոն Սողոմոնյանին քառատել է պետք, արդյո՞ք դա կարելի է ճիշտ համարել:


Հիշում եք Պանիկովսկու հայտնի տրտունջը` «Ինձ աղջիկները չեն սիրում»: Այն այժմ լրիվ սազում է ՀԱԿ-ին ու դժբախտ Լյովիկ Զուրաբյանին: Նրանց չեն սիրում նախկին զինակիցները, այդ թվում եւ զինակցուհիները ԲՀԿ խմբակցությունից, ու զարմանալիորեն այնքան չեն սիրում, որ դաժանաբար քաշում են: Այսպես, ըստ ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ. «Ընդունելով հանդերձ ՍԴ դիմելու ՀԱԿ նախաձեռնության հիմնավորումներն ու փաստարկները, հասարակական տրամադրությունները, այնուամենայնիվ, ես ոչ մի հույս չունեմ, որ այս հարցով Սահմանադրական դատարանը կկայացնի անկողմնակալ եւ լուծում պարունակող որոշում, եւ սա համարում եմ ուժերի անիմաստ վատնում: Այնպես, ինչպես միշտ է եղել: Ես կառաջարկեի նախաձեռնության բոլոր հեղինակներին միասին աշխատել` նույն ընտրակեղծիքների մեխանիզմի դեմ պայքարի այլ ուղիներ փնտրելու ուղղությամբ: Ես ինքս պատրաստ եմ հանդես գալ կոնկրետ առաջարկներով: Բայց եթե վերջին պահին իմ ստորագրությունը այս գործընթացում որոշիչ է լինելու, այդ ժամանակ ես, բնականաբար, կմիանամ նախաձեռնությանը»: Զարմանալի է, թե ինչ կեցվածք է ընդունում տիկին Վարդանյանը` ձեզ օգնելն անօգուտ է, սակայն, եթե պարզվի, որ մի բան ստացվում է, ապա կօգնեմ: Լավ, մի՞թե ավելի ազնիվ չէր լինի պարզապես ասել ՀԱԿ-իստներին` գնացեք գրողի ծոցը, այլ ոչ թե գեղեցիկ բառերով ինչ-որ ձեւակերպում տալ:
Տարվա վերջին ՏՄՊՊՀ նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ հաջողացրեց հանրությանը հրամցնել այնպիսի մի զարմանալի մեկնաբանություն, որ, կամա թե ակամա, դա կարող է դառնալ տարվա անեկդոտը: Պատասխանելով բոլորին հուզող հարցադրմանը, թե ինչու, թեեւ նավթը կտրուկ էժանանում է, սակայն դա չի բերում բենզինի էժանացմանը, նա ասաց. «...Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում վաճառվող բենզինի գների մեջ նավթի կշիռը փոքր է` 5-8 տոկոս: Հայաստանում վաճառվող բենզինի գնի մեջ էլ հարկերը բարձր են, լոգիստիկայի ծախսեր են կատարվում եւ այլն: Այս ամեն ինչով պայմանավորված` ստացվում է, որ նավթի տեսակարար կշիռը գնալով փոքրանում է»: Պատկերացնո՞ւմ եք, նավթամթերք հանդիսացող բենզինի մեջ նավթի տեսակարար կշիռը 5-8 տոկոս է, եւ մի բան էլ գնալով փոքրանում է: Լավ, հիմա ի՞նչ, ենթադրենք, որ բենզինի միջից ներկրողները նավթը քաշում են ու տեղն ուրիշ բա՞ն մտցնում: Դե հասկանալի է, որ պարոն Շաբոյանը նկատի ուներ գների տեսակարար կշիռը, բայց ակամա հնչեցրեց այն ճշմարտությունը, որ բենզինի մեջ ժուլիկավարի ինչ-որ բան խառնում են...
Եթե ԱՄՆ պետքարտուղարությունում ինչ-որ մեկը ինֆարկտ ստանա, ապա դա հաստատ հայերի երեսից կլինի: Հայտնի է, որ ԱՄՆ-ի համար վաղուց աչքի գրող է դարձել Մարգարիտա Սիմոնյանի կողմից ղեկավարվող «Ռուսաստանն այսօր» հեռուստաալիքը, որը վարժ անգլերենով ջարդում է «քեռի Սեմի» քարոզչությունը: Եվ ահա, զարմանալիորեն, այդ հեռուստաալիքի հայազգի թղթակից ԳԱՅԱՆԵ ՉԻՉԱԿՅԱՆԸ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբիին հղում է Իրաքում թուրքական զորքի գտնվելու մասին այնպիսի հարց, որ խոսնակը հունից դուրս է գալիս: Լրագրողի ուղղակի հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն հովանավորում է թուրքական ներխուժմանը, խոսնակը պատասխանում է անձնական վիրավորանքներով եւ խորհուրդ է տալիս ամաչել այդպիսի հարցերի համար: Մինչդեռ, պետք է ամաչի հենց խոսնակը, քանզի չգիտի հայտնի ասացվածքը, որ դուզ խոսելը շանտղություն չէ: Բայց դժվար թե ամաչի, ժողովրդական խոսքով ասած` սրանց երեսները «յոթը շերտ պադոշ են»:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ