Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հանդիպում
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 19:16

«ԱՄԵՆԱՄԵԾ ՎՏԱՆԳԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԵՑՈՂ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆ Է»

 

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաջորդած քաղաքական ներկա իրավիճակի եւ առաջիկա զարգացումների մասին «Իրավունքը» զրուցել է ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ հետ:

 

«ՊԱՐԶ Է, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԱՅԴՔԱՆ ՄԱՐԴ ՉՈՒՆԵՆ»


–Պարոն Քոքոբելյան, «դեմ» լինելով սահմանադրական հանրաքվեին` ինչո՞ւ «Ազատ դեմոկրատների» «ոչ»-ը չտեղավորվեց ո՛չ «Նոր Հայաստան» ճակատի, ո՛չ էլ դեմ արտահայտված այլ ուժերից որեւէ մեկի ձեւաչափում:
– Տեղավորվել-չտեղավորվելու խնդիր չկա: Այդ խնդիրը նաեւ արհեստական եմ համարում, որ ասում են, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը չկարողացան ընդհանուր հայտարարի գալ: Նախ ընդդիմադիր այն քաղաքական ուժերը, որոնք դեմ էին, ամեն մեկն էլ իր «ոչ»-ը քարոզեց, ի վերջո, այդ ձայները գումարվեցին: Իսկ ընդհանրապես քաղաքական գործընթացներում ապագայի տարբեր տեսլական եւ մեթոդաբանություն ունեցող քաղաքական ուժերի մեկտեղումը համարել եմ եւ համարում եմ խիստ արհեստական: Խոսքը չի վերաբերում սոսկ ինչ-որ խնդրի, օրինակ, ընտրությունների օրը ընտրախախտումների դեմ պայքարելուն, որովհետեւ կոնկրետ մասնավոր խնդրի դեպքում եթե այն չի առնչվում գաղափարական արտահայտումներին, բնականաբար, կարող են նույնիսկ տարբեր բեւեռներում գտնվող ուժերը համագործակցել: Որեւիցե մեկը մեզ չի խոչընդոտում, որ, ենթադրենք, ՀՅԴ-ի հետ, ունենալով խիստ տարբեր հայացքներ եւ գաղափարախոսություն, ՀՀ-ում արդարադատության հաստատման ուղղված գործողություններում միասնական լինենք: Բայց սա այդ դեպքը չէ: Եվ ավելորդ չեմ համարում նշել, որ քաղաքական գործընթացներում, այդ թվում` հետընտրական, հասարակության մոբիլիզացիան պայմանավորված չէ միայն քաղաքական ուժերի դրսեւորումներով, այլ պայմանավորված է նաեւ քաղաքական խնդրով` թե ինչքանով է մեր հասարակությունը այդ փուլում իրատեսական համարում այդ մոտեցումները եւ որքան է կարեւորում համախմբումը` միտինգներով եւ այլ մեթոդներով: Սովորաբար, անկախ Հայաստանի կարճ պատմության ընթացքում հաջողվել է այդ համախմբումը միայն այն դեպքերում, երբ համապետական այնպիսի քվեարկություն կամ ընտրություն է եղել, որտեղ քաղաքացիները իշխանափոխության շանսեր են տեսել: Մնացած բոլոր պարագաներում հանրությունն իր քաղաքացիական դիրքորոշումը համաչափորեն նույն կերպ է արտահայտել, այսինքն` ընդդիմության հատվածի ձայները միշտ նույն թվաքանակի վրա են եղել: Ցավոք, կեղծարարության արդյունքում այդ պատկերը փոխվում է... Միշտ ասել եմ` ընդդիմություն չի կարելի համարել միայն ընդդիմադիր հարթակում հանդես եկող քաղաքական ուժերին կամ լիդերներին: Այս պարագայում պետք է դիտարկել նաեւ ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր չեն կիսում իշխանության մոտեցումները: Իսկ այստեղ մենք գործ ունենք մոտ 500 հազար քաղաքացիների հետ, եւ պարզ է, որ քաղաքական ուժերը այդքան մարդ չունեն եւ չեն էլ ունեցել:


«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ԻՐ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՄԻՏԻՆԳՆԵՐԻՆ»


–Փաստորեն, համակարծի՞ք եք, որ «ոչ» քվեարկած ձայների իրավատերը ամենեւին էլ ընդդիմությունը չէ:
– Իհարկե, շատ դեպքերում փորձում են ասել, որ «ոչ»-ի իրավատերը ընդդիմությունը չէ, այլ իշխանությանն են դեմ: Այո, կա մի հատված, որոնք դեմ են քվեարկել իշխանությանը չընդունելով, եւ այդտեղից չի բխում, որ նրանք ընդդիմադիր քաղաքական ուժերի համախոհներն են: Դա եւս ընդդիմություն է, որովհետեւ այդ մարդիկ այլ մոտեցում ունեն եւ իրենց պատկերացումներով ու համոզմունքներով չեն կիսում իշխանության այսօրվա վարած քաղաքականությունը, մնացածն այլ խնդիր է: Իրավագիտակցության առումով մեր քաղաքացիների մասին միշտ բարձր կարծիքի եմ եղել, եւ որքան էլ փորձեն շատուշատ քաղաքական գործիչներ իրենց ձախողումները պրոեկտել քաղաքացիների ոչ ակտիվության հետ, այդպես չէ: Մեր հանրությունն իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնում է քվեարկության միջոցով, իսկ մնացածը քաղաքական ուժերի խնդիրն է: Որեւիցե մեկը, եթե նա քաղաքականապես ակտիվ չէ, պարտավոր էլ չէ իր քվեարկությունից հետո մասնակիցը դառնալ Ազատության հրապարակի միտինգներին կամ այլ քաղաքական ակցիաներին: Սա քաղաքականապես ակտիվ շրջանակի պարտավորությունն ու գործընթացն է: Իհարկե, ցավալի է, որ այդ ամենը մինչեւ այսօր ՀՀ-ում ձախողվել է, որովհետեւ Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկը ընտրախախտումներն են եղել:


«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՏԻՑ ՊԵՏՔ Է ԻՋՆԵԼ ԻՐԵՂԵՆ ԴԱՇՏ»

 

- Ձեր խոսքում նշեցիք, որ այս կամ այն քաղաքական ուժի հետ կարելի է համագործակցել մասնավոր խնդիրների շուրջ: Արդյոք կարելի է ենթադրել, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատներն» այլեւս չեն ուզում վարկաբեկված ընդդիմության որեւէ մի ուժի հետ միասնական հանդես գալ:

- Իհարկե, հասկանում եմ Ձեր հարցի ուղղվածությունն ուր է տանում եւ ընդդիմությունը, այդ թվում նաեւ ես եւ բոլորս պետք է հասկանանք, որ ընդդիմությունն էլ, ինչպես իշխանությունը, բառացիորեն ժողովրդի կողմից ընտրվող քաղաքական ինստիտուտ է, թե որ կուսակցության կամ քաղաքական ուժի տեսքով, այլ հարց է: Սակայն, մեզ մոտ երբեմն մոռացվում է այն եւ շատերին թվում է, թե ընդդիմադիր լինելը միայն իշխանության դեմ հանդես գալու գործընթացն է: Ինչպես իշխանությունը պետք է օրինական ճանապարհով ընտրվի, այնպես էլ ընդդիմությունը պետք է ընտրության արդյունքում ձեւավորող ուժ լինի: Բնական է, որ այստեղ էական է, թե ով ինչ տեսլական ունի ՀՀ զարգացման մասին: Ու բոլոր քաղաքական ուժերը` իշխանական, թե ընդդիմադիր, հայտարարում են, որ իրենք դեմ են ընտրակեղծիքներին,  ցանկանում են արտագաղթ չլինի, Հայաստանը զարգանա, բայց հայտարարությունների մակարդակից պետք է իջնել իրեղեն դաշտ եւ հստակ նշել, թե որն է այդ ճանապարհը եւ ով ինչպես է տեսնում այդ ամենի իրացումը:

Ընտրախախտումները եւ այն իրավիճակը, որ Հայաստանում կա, դրանք ոչ մրցակցային քաղաքական դաշտի հետեւանքներ են, որի պատճառով էլ ունենք ոչ մրցակցային տնտեսական դաշտ: Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, մենք երբեք չենք խուսաբել դրանից, ընդորում` ոչ միայն քաղաքական ուժերի հետ, այլեւ անհատների, որոնք երբեւիցե որեւէ քաղաքական ուժում հանդես չեն եկել, բայց իրենց քաղաքական մոտեցումներով եւ ակտիվությամբ նվազ դեր չեն ունեցել, քան կուսակցությունների մեջ ընդգրկված շատ քաղաքական գործիչներ:


«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՐՀԵՍՏԱԾԻՆ ԼԻՆԵԼ»


–Տարվա ընթացքում այդ անհատների մեջ եղան նաեւ մարդիկ, ովքեր կուսակցություններ հիմնեցին: Տեսնո՞ւմ եք նրանց մեջ լրջագույն ներուժ...
– Եկեք անուններ չշոշափենք, խոսքս չի վերաբերում քաղաքական ուժերի ծնվելուն: Քաղաքական ուժերը արհեստածին չեն կարող լինել, հակառակ դեպքում` դրանք քաղաքական ուժ չեն: Ցանկացածը կարող է ինչ-որ բան արտագրել եւ հայտարարել, որ այլեւս ինքը ներկայացնում է այս կամ այն ուղղությունը: Իհարկե, Հայաստանում կա 70-80 քաղաքական ուժ, բայց անգամ այդ թվին հետեւելն եմ համարում ավելորդ մտքի վարժանք, որովհետեւ քաղաքական ուժը պետք է ունենա հստակ մոտեցումներ` թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության վերաբերյալ: Այդ դասագրքային, աքսիոմատիկ մոտեցումները չեն, որ պետք է հիմա շարադրել: Վերջին հաշվով դրա գնահատողը ՀՀ քաղաքացին է` իր քվեարկության միջոցով: Որքան էլ շատ-շատերը, այդ թվում նաեւ իշխանությունները փորձեն աղճատել քաղաքական դաշտը, նաեւ տարբեր վերադասավորումներով, միեւնույնն է, քաղաքացիներն իրենց քվեարկությամբ իրենք են որոշում, թե ում ինչքան են վստահում: Տեղին է նաեւ նշել, որ այսօր հայաստանյան քաղաքական մթնոլորտում այնքան ռեսուրսների խնդիր չէ` ֆինանսական եւ այլ, որքան կազմակերպչական եւ, ուղղակի, քաղաքական ռեսուրսի խնդիր: Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցների, սոցցանցերի առկայությունը եւ Հայաստանի, ցավոք սրտի, փոքր լինելը բերել է նրան, որ բոլորն էլ գիտեն` ով ինչ մոտիվացիա ունի, եւ ով որ գործընթացն ինչու է անում:

- Հետեւելով ձեր հորդորին ու անուներ չնշելով` հետաքրքիր է Ձեր կարծիքը, թե որքանո՞վ է իրական, որ արեւմտյան գաղափարախոսություն ունեցող նոր կուսակցությունները կարող են այսօր տեղ գտնել ԵԱՏՄ անդամ Հայաստանի քաղաքական դաշտում:

- Նախ ՀՀ քաղաքական ուժերը ինքնին պետք է լինեն հայաստանյան ծագումով եւ սա, ուղղակի, սահմանադրության թե՛ հին, թե՛ այսօրվա հրամայականն է: Ինչ վերաբերում է արեւմտյան արժեհամակարգին, այն ընդունելի է ամբողջ աշխարհի համար, այդ թվում նաեւ Ռուսաստանի այն քաղաքական խմբերի, որ իրենց համարում են ժողովրդավար: Այսօր զուտ գաղափարական առումով սոցիալ-դեմոկրատական եւ ազատական ուղղվածություններն այնքան են մոտեցած եվրոպական քաղաքական կուսակցությունների դասին, որ նույնիսկ մեր հայաստանյան կամ հետխորհդրային քաղաքական դաշտերում է այն երբեմն ծայրահեղության հասնում: Եվ խնդիրն այն չէ, թե ով ինչ գաղափարախոսւթյան է հետեւում, այլ այն, թե նա ինչպես է փորձում իրացնել իր քաղաքական գաղափարները: Միայն հայտարարելով, որ այս ուժը եվրոպական ուղղվածություն ունի, մյուսը` «կիրգիզական», ոչինչ է: Ցավում եմ, որ այսօր Հայաստանում գաղափարական պայքարը մինչեւ այսօր բացակայում է: Կրկնում եմ` մրցակցայն դաշտի բացակայություն ամենամեծ վտանգն է, որը նաեւ ազգային անվտանգության խնդիր է, որովհետեւ այն բերում է ոչ մրցակցային գաղափարական պայքարի: Նույն մեր Ազգային ժողովում 131 պատգամավորից քանի՞սն են, որ գաղափարական մոտեցումներ ունեն խնդիրների վերաբերյալ: Ոչ մեկին վիրավորելու խնդիր չունեմ, բաց սա անզեն աչքով անգամ տեսանելի է: Մարդիկ կան, ովքեր կուսակցական պատկանելիություն ունեն, բայց այն ոչ թե գաղափարական մոտեցում է, այլ, ուղղակի ցուցակներում եղել են գրված մարդիկ, որոնք ամենեւին էլ գաղափարական հետեւորդներ չեն:


«ԵՐԲԵՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԷԼ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ ԿՐԿԵՍԻ»


–Ի դեպ, վերջերս ծայրահեղության հասնող ազատականության դրսեւորումների ականատեսը լինում ենք նաեւ Ազգային ժողովում, որտեղ կին պատգամավորը կարող է ամբիոնն օգտագործել այնպես, ինչպես այդ պահին «խելքին փչում է»:
– Գաղտնիք չէ, որ երբեմն Ազգային ժողովն էլ է վերածվում կրկեսի: Եվ երբեմն դրան նպաստում է ընդդիմությունը, երբեմն` իշխանությունը: Եվ բնական է, որ դա ձեռնտու է ոչ գաղափարական մարդկանց, որովհետեւ եթե մարդիկ ասելիք չեն ունենում, կամ մոտեցումները հստակ չեն լինում, միշտ կարելի է մի թել բռնել ու այդ թելից կախված մնալ: Սա մեր քաղաքական ամբողջ գործընթացի ամենամեծ աղբն է, որ տեղի չեն ունենում գաղափարական մոտեցումների բախումներ, որտեղ կարող է մեկը մյուսին համոզել: Բանավեճը նրա համար չէ, որ իրար հայհոյեն, այլ կարողանան երրորդ կողմի համար տեսանելի դարձնել իրենց մոտեցնումների մրցակցային լինելը, որի արդյունքում քաղաքացիները կորոշեն, թե որն է ավելի նախընտրելի: Ցանկացած ծայրահեղական մոտեցում անընդունելի եմ համարում` անկախ ամեն ինչից: Ընդհանրապես, շատ հստակ է, որ ցանկացած մարդու ազատության աստիճանը իր ընդունակության չափն է, եւ կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է:
– Ամփոփելով զրույցը` ո՞րն եք համարում մեր քաղաքական դաշտի առկա ամենամեծ վտանգը:
– Կլինի ընդդիմություն, թե իշխանություն, ցավոք, ունենք այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք չունեն հայրենիք: Ինձ համար սա ընդունելի չէ:  Թող իմ հակառակորդը լինի, կամ` համախոհը, դրա մասին չէ խոսքը, որը տարբեր գաղափարներ կունենա կամ տարբեր մոտեցումներ, այդ թվում` նաեւ կողմնակից կլինի ԵԱՏՄ-ին (թեպետ ես չեմ ընդունում, այլ ընդունում եմ Եվրոպական ուղղվածությունը), բայց երբեմն մենք գործ ենք ունենում այնպիսի քաղաքական գործիչների եւ, հատուկ եմ ասում` այնպիսի դեպքերի հետ, որոնք հայրենիք չունեն: Իսկ ամենամեծ վտանգը հայրենիք չունեցող քաղաքական գործիչն է ու հայրենիք չունեցող քաղաքացին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ