Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Թեմա
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 19:22

ԵՐԲ ՔՈ ԿՅԱՆՔԸ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ, ԿԱՄ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՎԵԼՈՐԴ ԾԱԽՍԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱՆ

 

Նվերներ հարազատներին, ուտելիք սեղաններին, Նոր տարին հունվարի 1-ին, աշխատանքային շաբաթը` ծանրաբեռնված, մի խոսքով` ամեն ինչ ինչպես ամեն տարի. մնում է հասկանալ, թե Նոր տարու էլ ի՞նչն է նոր, եթե ամեն ինչ այնպես է, ինչպես ամեն տարի: Ընդհանրապես շատ հարցեր կան, որոնք մենք մեզ չենք տալիս տարբեր պատճառներով` ժամանակ չկա խորանալու, իմաստ չկա հարցադրելու, ավելի հեշտ է ընդհանուր հոսանքով գնալ: Բայց այ մի պահ կանգնում ու հարց ես տալիս` լավ, ինչո՞ւ Նոր տարին պիտի սկսվի ոչ թե, ասենք, գարնան գալուստով, երբ ամեն ինչ սկսում է ծաղկել-լցվել կյանքով, ու իրոք մինչեւ ոսկոր լցվում ես ինչ-որ նոր բան սկսելու ցանկությամբ, այլ հունվարի 1-ին` ձմեռվա գրեթե ուղիղ մեջտեղը… Երբ դեռ չգիտես ավելի ցուրտ ու ավելի մութ հունվա՞րն է լինելու, թե՞ փետրվարը, ու մի տեսակ անկողնուց էլ չես ուզում դուրս գալ, էլ ուր մնաց ինչ-որ նոր բան սկսես: Էլ չեմ խորանում սնունդի ու նվերների պարտադիր առկայության մեջ, որ մենք մեզ լավ համոզենք, որ իրոք տոն է, ու էդ տոնական տրամադրությունը ստեղծենք` ինչ-որ նոր, բայց անպիտան բաներ գնելով: Դե, իսկ գնելու համար էլ պարզ է, պիտի մի լավ աշխատենք, որ փող ունենանք` մյուսներին կամ մեզ լավ զարմացնելու համար: Մնում է հասկանանք` շատ աշխատել մի՞նչ Նոր տարի, թե՞ Նոր տարին պարտքով դիմավորել ու շատ աշխատել Նոր տարուց հետո:

ԱՆՊԻՏԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Արեւմուտքում մեծ բիզնեսը հանրության մեջ տարածել է ոչ անհրաժեշտ ծախսերով լի կենսակերպ: Չէ՞ որ նման անխնա ծախսերից օգուտ են քաղում հենց իրենք` մեծ բիզնեսները: Դրա համար էլ նրանք հանրության մեջ զարգացնում են ոչ անհրաժեշտ ծախսերի սովորությունը: Օրինակ, The Corporation ֆիլմում մարկետինգային հոգեբանը մի մեթոդի մասին է պատմում, որը նպաստում է եկամուտների աճին: Նրա անձնակազմը ուսումնասիրել է, թե ինչպես երեխայի նվնվոցը ավելի հավանական է դարձնում, որ ծնողը կգնի որեւէ խաղալիք: Նրանք պարզեցին, որ իրենց խաղալիքների վաճառքը 20-ից 40 տոկոսով քիչ տեղի կունենար, եթե չլիներ երեխաների նվնվոցը: Ուստիեւ, օգտվելով այս ուսումնասիրության արդյունքներից, նրանք սկսեցին մարկետինգային մեթոդներ կիրառել` ուղղված անմիջապես երեխաներին, որ նրանք ստիպեն ծնողներին որեւէ բան գնել:
Ինչպես իրենք են նշում. «Դու կարող ես սպառողներին մանիպուլացնել այնպես, որ նրանք ցանկանան եւ հետեւաբար գնեն քո ապրանքները: Դա խաղ է»:
Եվ սա ընդամենը մեկ օրինակ է: Մեծ ընկերությունները իրենց միլիոնները ստեղծել են` ոչ թե ազնվորեն իրենց ապրանքները գովազդելով, այլ ստեղծելով մի մշակույթ, ուր միլիոնավոր մարդիկ ձեռք են բերում ավելին, քան կարիքն ունեն, իսկ եթե մնում են անբավարարված, գնում են նորը:
Մենք իրեր ենք գնում` մեզ ուրախացնելու, հարեւանների հետ մրցելու, մանկությունում մեծահասակների կյանքի մասին ունեցած մեր պատկերացումները իրականացնելու, աշխարհում մեր տեղի մասին հայտարարելու եւ մի շարք այլ հոգեբանական պատճառների համար,  որոնք ամենեւին էլ կապ չունեն ապրանքի արդյունավետության հետ:
Կյանքս լիարժեք դարձնող զբաղմունքները դուրս են մնում` քայլելը, մարզվելը, կարդալը, մտածելը, գրելը: Դրանք պահանջում են ժամանակ ու գրեթե ոչ մի դրամ: Եվ ահա ունես լիքը փող եւ շատ քիչ ժամանակ: Վերջին բանը, որ կուզես անել աշխատանքից տուն վերադառնալիս` մարզվելն է: Մարզվելու ցանկությունը բացակայում է նաեւ ճաշից հետո, քնելուց առաջ կամ հետո: Մինչդեռ աշխատանքային օրերին դրանք միակ ազատ ժամերն են:
Եվ այստեղ է, որ խնդրին որպես լուծում գալիս է ավելի քիչ ժամեր աշխատելու պատասխանը: Ու թեեւ տեխնոլոգիաները եւ մեթոդները զարգացել են եւ ավելի կարճ ժամանակում ավելի շատ բան է հիմա հնարավոր, ինչը ենթադրում է, որ աշխատանքային ժամերն էլ պիտի որ քչանան, այնուամենայնիվ, նման բան տեղի չի ունեցել: Պատճառն այն է, որ օրինակ 8-ժամյա եւ ավելի երկար աշխատանքային օրը եկամտաբեր է մեծ բիզնեսի համար ոչ թե նրա համար, որ 8 ժամում աշխատողները ավելի շատ բան են հասցնում անել (միջին աշխատողը 8 ժամում անում է 3 ժամվա աշխատանք), այլ նրա համար, որ որքան քիչ լինի ազատ ժամանակը, մարդիկ ավելի շատ գումար կծախսեն հարմարավետությունների, հաճույքների եւ այլ հանգստացնող բաների վրա: Հոգնածությունը նրանց ստիպում է շարունակել հեռուստացույց եւ հետեւաբար ապուշ գովազդները դիտել, գործից դուրս շատ ձգտումներ չունենալ, ձգտել գնել իրեր, որոնք չունեն: Ի վերջո, մենք այդքան գնումներ ենք անում, քանի որ մի տեսակ զգացում կա, որ ինչ-որ մի բան պակասում է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԴԱՌԵԼ Է «ՔՐԻՍԹՄԱՍ»

Եթե նկատել եք` մեզ մոտ էլ Ամանորը (ինչպես Արեւմուտքում) դարձել է ոչ այլ ինչ, քան մարկետինգային քայլ` Ձմեռ պապիկի (հիմա ավելի շատ Սանտա Կլաուսի) եւ տոնածառի շղարշի ներքո վաճառել որքան հնարավոր է շատ` սնունդ, նվերներ, կենցաղային տեխնիկա, զարդարանքներ: Դե, ի վերջո տարին մի անգամ է Նոր տարի լինում, ինչո՞ւ չծախսել որ: Կարեւորը մյուսներին ու ինքդ քեզ էլ ապացուցես, որ դու դա կարող ես: Մեզ մոտ էլ շուկան իր ուշադրության կենտրոնում է պահում երեխաներին եւ հատկապես Ամանորին նաեւ երեխաների միջոցով է մանիպուլացնում ծնողներին: Դե, իսկ ծնողներն էլ օրնիբուն պատրաստ են աշխատել այս մրցավազքում: Մնում է հարց տալ, իսկ ո՞ւմ համար է մրցավազքը, ո՞վ է կազմակերպիչը, ո՞ւմ է պետք հերթական iPhone-ը կամ նոր կահույքը, եթե հինն էլ վատ չի ծառայում: Բայց դե, էսպիսի հարցեր տալու համար ժամանակ պետք է ունենալ: Իսկ դա քիչ հնարավոր է, երբ երկուշաբթի օրը մտքերդ միայն ուրբաթ օրվա մասին են, իսկ 8-16 ժամ աշխատելուց հետո միակ երազանքդ անկողինն է ու բարձդ:

Ըստ ArmLabour բլոգի նյութերի