Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հարցազրույցներ
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 00:00

ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ 90 ՏՈԿՈՍԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՌԴ

 

Հաշվի առնելով աշխարհում միգրանտների թվի աննախադեպ աճը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 18-ը հռչակել է Միգրանտների միջազգային օր: Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով` այսօր աշխարհում միգրանտների թիվը 234 միլիոնի է հասնում, նրանցից կեսը կանայք են, յուրաքանչյուր տասներորդը` երեխա է կամ  մինչեւ 15 տարեկան դեռահաս: Իսկ թե ոչ պաշտոնական տվյալներով, հատկապես՝ այս տարվա աննախադեպ միգրացիոն հոսքերից, մինչեւ Եվրոպայի խորքերը հասնելուց հետո ինչ փաստացի մակարդակի է հասել այդ ցուցանիշը, դժվար է ասել:

Միգրանտների միջազգային օրը Հայաստանում եւս իսկական «տոն» պետք է համարվի: Հաշվի առնելով, թե մեր երկրի բնակչության որ մասն է բռնել մշտական գաղթի կամ, լավագույն դեպքում, «խոպանի» տեսքով ժամանակավոր միգրացիայի ճանապարհը: Ու թե ինչ պատկեր ունենք, մեր հայրենակիցներից  քանի՞սն են հեռացել Հայաստանից, քանի՞սն են վերադարձել, ի՞նչ նպատակով, ու հատկապես ո՞ր երկրներն են մեկնում հայ միգրանտները, փորձեցինք պարզել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ ԻՐԻՆԱ ԴԱՎԹՅԱՆԻՑ:
- Պետք է նշեմ, որ մեր բոլոր տվյալները հիմնված են հետազոտությունների վրա, որովհետեւ միգրացիոն վիճակագրություն` որպես այդպիսին, չկա: Եթե կա էլ, շատ անկատար է: Վերջին ամենաթարմ հետազոտությունը կատարվել է 2007-2014թթ.-ի համար: Այս տարի նույպես իրականացվել են հետազոտություններ, սակայն վերջնական տվյալները կլինեն հաջորդ տարվա սկզբին: Հաշվի առնելով դա՝ կանդրադառնամ նախորդ տարիներին կատարված հետազոտությունների արդյունքներին: Ըստ այդ տվյալների` Հայաստանի միգրացիոն պատկերը հիմնականում արտահայտվում է աշխատանքային միգրացիայի տեսքով, այն էլ՝ սեզոնային: Այսինքն՝ մարդիկ հիմնականում գնում են վեցից ինը ամիս ժամանակահատվածով եւ կրկին վերադառնում: Հայաստանից տասը մեկնումներից ութն աշխատելու նպատակով է:
- Հետաքրքիր է՝ ինչո՞վ են պատճառաբանում իրենց մեկնումները երկրից:
- Նախկին հետազոտություններում, որպես կանոն, առաջին տեղում լինում էր աշխատանքների բացակայությունը, հիմա էլ, իհարկե, կա այդ գործոնը: Բայց հիմա առաջին տեղում է գտնվում ¥46 տոկոս¤ ոչ բավարար վարձատրվող աշխատանքների պակասը: Այսինքն՝ նախորդ տարիների համեմատ, հիմա ավելի հեշտ է աշխատանք գտնել, բայց այսօր էլ չկա նորմալ, բավարար վարձատրություն: Բայց սրա հետ մեկտեղ՝ միգրանտների 30 տոկոսն էլ պատճառաբանում են, որ չեն կարողացել աշխատանք գտնել: Դրանից հետո գալիս են միգրացիան ընտանեկան հանգամանքներով  բացատրողները՝ 10,4 տոկոս եւ 7,8 տոկոսը հեռանում են սոցիալ-հոգեբանական պատճառներով:
Այս հետազոտությունը հետաքրքիր էր նաեւ նրանով, որ սեզոնային միգրանտներին հետեւյալ հարցներն էր ուղղվել` ի՞նչ պայմանների դեպքում Դուք չէիք մեկնի արտագնա աշխատանքի: Պատասխանել են, որ արտագնա աշխատանքի դեպքում նրանց վաստակը միջինը կազմում է 350 հազար դրամ, որն էականորեն գերազանցում է Հայաստանում իրենց հնարավոր եկամուտները: Եվ այստեղից եզրակացություն, որ եթե Հայաստանում մարդիկ ունենան որակավորում չպահանջող մասնագետների նման վարձատրությամբ աշխատանք, հնարավոր է, որ աշխատանքային միգրանտներ մեծ մասը մնային եւ աշխատեին հայրենիքում:

«ՀՀ ԵԿՈՂ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ»

-Հիմնականում ո՞ր երկրներ են վերջին տարիներին մեկնում հայ միգրանտները: Ռուսաստա՞ն:
- Աշխարհագրությունը մեծ է, բայց հիմնականում միգրանտները մեկնում են դեպի Ռուսաստանի Դաշնություն: Ավելին` այս տարիներին դեպի ՌԴ մեկնողների թիվն ավելացել է: Եթե նախկինում հայ միգրանտների մոտավորապես 70 տոկոսն էր մեկնում ՌԴ, հիմա արդեն այդ թիվը մոտենում է 90 տոկոսի: Հայաստանից մեկնումների թվով երկրորդը ¥1,5 տոկոսը¤ Ֆրանսիան է, հետո միայն ԱՄՆ-ն եւ ԱՊՀ մյուս երկրները:
- Իսկ դեպի Հայաստան հիմնականում ո՞ր երկրներից են առավել շատ միգրանտների հոսք:
- Դեպի Հայաստան եկող միգրանտները հիմնականում փախստականներն են` ապաստան հայցելու նպատակով եկած անձինք: Հիմնականում Հայաստան են գալիս Սիրիայից: Այսօրվա դրությամբ Հայաստանում կան 17 հազար սիրիահայ միգրանտ, որոնց մի մասը ապաստան է հայցել եւ ստացել փախստականի կարգավիճակ, մի մասը՝ քաղաքացիություն, մի մասն էլ այստեղ է գտնվում կացության այլ կարգավիճակներով:
Մինչ օրս, ցավոք, շարունակում է արդիական մնալ նաեւ Բաքվից եկած փախստականների կացարանների խնդիրը: Հարցն այն է, որ եթե նախորդ տարիներին Կառավարությունը իր բյուջեում ներառում էր որոշակի գումարներ` փախստակաների բնակարանաշինության համար, դրան գումարած նաեւ միջազգային դոնոր կազմակերպություններն էին աջակցում, ապա վերջին տարիներին այդ աջակցությունը չկա: Այդ իսկ պատճառով՝ ունենք հաշվառված Բաքվից եկած մոտ հազար փախստականներ, ովքեր ունեն բնակարանի կարիք, եւ ովքեր մինչ օրս շարունակում են ապրել հանրակացարաններում:

«ՎԵՐՋԻՆ ՏԱՍԸ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ 2400 ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ Է ԿԻՐԱՌՎԵԼ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼԱՆՔ»

-Դեռեւս նախորդ տարվա կեսերից սկսած` արտագնա աշխատանքների մեկնող մեծ թվով հայերի մուտքը դեպի ՌԴ արգելվեց: Կխնդրեինք մանրամասնել, թե ի՞նչ ընթացքի մեջ են այդ արգելանքը վերացնելու մասին բազմաթիվ քաղաքացիների դիմումները:
- Ինչպես գիտեք՝ այդ խնդիրները լուծելու համար դեռեւս անցյալ տարվա հունիս ամսից տարվում են բանակցություններ ռուսական կողմի հետ: Արդյունքում՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի քաղաքացիների դիմումներն ուղարկենք ՌԴ: Նշեմ, որ Երեւան քաղաքում քաղաքացիները դիմում են մեր ծառայությանը, իսկ մարզերում` մարզպետարաններ:
Միեւնույն ժամանակ՝ այս տարվա ընթացքում ՌԴ-ից մեզ տրամադրած տվյալների համաձայն` մոտ 2400 ՀՀ քաղաքացու նկատմամբ է կիրառվել մուտքի արգելանք՝ անցյալ տարվա 25 հազարի դիմաց: Ամփոփելով խոսքս` կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ մենք ստացել ենք 11  հազար 283 դիմում, որից 7563-ը` այս տարի: Դրական պատասխան են ստացել 4155 դիմում, ինչը կազմում է դիմումների ընդհանուր թվի մոտ 40 տոկոսը:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ