Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Հարցազրույցներ
Երեքշաբթի, 22 Դեկտեմբեր 2015 00:00

ՈՃՐԱԳՈՐԾԸ ՍԱՏԱՆԱՅԻՆ ԶՈՀԵ՞Ր ԷՐ ԽՈՍՏԱՑԵԼ

 

Դեկտեմբերի 18-ին Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազամաբազայում մեկնարկեց եւ մեկ ամսով հետաձգվեց տարեսկզբին՝ հունվարի 13-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 հոգանոց սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով առաջին դատական նիստը: Ենթադրվում է, որ այս դատավարությամբ վերջապես կտրվի այն հարցի պատասխանը, թե ի վերջո ո՞րն է Պերմյակովի այդչափ դաժան սպանությունների դրդապատճառը, ինչո՞ւ հենց Ավետիսյանները: Նկատի ունենք, որ թեեւ նախաքննության վերջնամասին մոտ հիմնականում շրջանառության մեջ մտցվեց, թե Պերմյակովը պատահաբար է թալանի համար մտել Ավետիսյանների տուն, սակայն գրեթե ամնիջապես էլ Ավետիսյանների փաստաբաններն ակնարկեցին, թե կան գործով ի հայտ եկած նոր հանգամանքներ, որոնք կարող են այդ ընդհանուր պատկերը հիմնովին փոխել:

ՈՃՐԱԳՈՐԾԸ ՆԱԵՎ ՍԱՏԱՆԱՅԱՊԱՇՏ Է

Ի՞նչ կարեւոր հանգամանքներ են բացահայտվել՝ փորձեցինք պարզել Ավետիսյանների ներկայացուցիչ, փաստաբան ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԻՑ:
- Քննության ընթացքում մեղադրանքի կողմը հաստատված է համարել, որ Պերմյակովը նպատակ է ունեցել լքել զորամասը, ինչի համար իրեն անհրաժեշտ են եղել որոշակի գումար ու հագուստ: Դրանով էլ պատճառաբանվում է, որ զորամասը թողնելով, նա սկսել է փնտրել տուն, որի դարպասները բաց կլինեն, եւ արդյունքում հայտնվել է Ավետիսյանների տանը:
Սակայն, բնականաբար, դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ անձը գումարի կամ հագուստի համար կարող է 7 անձ, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխա գնադակահարել: Եվ այս տեսակետից մենք շատ ենք կարեւորում քրեական գործում առկա բոլոր հանգամանքների համակողմանի վերլուծությունը, որպեսզի հասկանանք, թե ինչ անձի հետ գործ ունենք, եւ ինչը կարող է նրա կողմից կոնկրետ գործողություններ կատարելու դրդապատճառ հանդիսանալ: Այդ կապակցությամբ, իհարկե, առաջին կարեւոր նշանակությունը ունի դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվել է, որ Պերմյակովն ունի որոշակի հոգեկան շեղումներ, որոնք կարող էին, այսպես ասած, ոչ սովորական վարքագծի պատճառ հանդիսանալ: Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ քրեական գործում առկա են տեղեկություններ այն մասին, որ Պերմյակովը դեռեւս նախքան զորակոչվելը` արդենիսկ սատանայապաշտական մղումներ ունեցող անձ է հանդիսացել: Դա էր պատճառը, որ հենց առաջին դատական նիստին տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներս հանդես եկանք մեղադրող կողմին ուղղված հարցադրումով, կարելի է ասել՝ նաեւ պահանջով, որպեսզի պարզենք` քննություն այս ուղղությամբ կատարվե՞լ է: Իսկ, որ քննություն կատարվել է, գործում առկա փաստաթղթերից դա ակնհայտ երեւում է: Դրա հետ մեկտեղ՝ մենք շատ ենք կարեւորում, որ այդ ուղղությամբ կատարված քննության  արդյունքները եւս ներկայացվեն եւ կցվեն քրեական գործին: Այս բոլորը մեկ համատեքստում դիտարկելով՝ նոր կարող ենք պատասխան ստանալ, թե ինչ տեղի ունեցավ եւ ինչու:
- Ի՞նչն է պատճառը, որ քրեական գործին այս պահին կցված չէ այդ մասը:
- Այդ ուղղությամբ քննությունն իրականացրել է ռուսական կողմը. քննել են սոցիալական ցանցում Պերմյակովի էջը եւ հայտնաբերել այն գրառումները, որոնք խոսում են նրա սատանիստական մղումների մասին: Եվ երբ ռուսական կողմը որոշեց քրեական գործի մի մասը փոխանցել հայկական կողմին, հանձնեցին ընդամենն այն հատորները, որոնք, ըստ իրենց, վերաբերում էին բուն սպանությանը: Այսինքն՝ ռուս քննիչները, թերեւս, սատանայապաշտ լինելու հանգամանքը չեն կապել սպանությունների հետ: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է նրանց հետ համաձայնենք:
- Իսկ ռուսական կողմի իրականացրած քննության ժամանակ Պերմյակովը ընդո՞ւնել է, որ ինքը սատանայապաշտ է:
- Այս պահի դրությամբ մենք ունենք միայն հետեւյալ տեղեկատվությունը. Վալերի Պերմյակովի մասնակցությամբ զննության է ենթարկվել նրա կողմից օգտագործվող «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի հաշիվը: Զննմամբ պարզվել է, որ Վալերի Պերմյակովը նամակագրություն է ունեցել «Պալիչ Նեպոսրեդսվեննո» էջի հետ: Քննիչի հարցին, թե ո՞ւմ է պատկանում այդ էջը, Պերմյակովը պատասխանել է, որ այդ էջից օգտվում են մեծ թվով անձինք, այդ էջը ձեւակերպված է իր անունով, «կապված է» իր հեռախոսահամարին: Պերմյակովը, ստեղծելով այդ էջը, որը նախատեսված էր մի խումբ անձանց համար, նաեւ ինքն է որպես անհատ ծանոթություն հաստատել եւ այդտեղ ներկայացրել, այսպես կոչված, պայմանագիր սատանայի հետ՝ մասնավորապես  հետեւյալ ձեւակերպմամբ. «Խոստումների փոխարեն ես երդվում եւ խոստանում եմ քո տնօրինությանը հանձնել մի քանի կանանց եւ տղամարդկանց: Բացի այդ` ես հրաժարվում եմ Աստծուց, ինքը Սուրբ Երրորդությունից, ես ամբողջովին հրաժարվում եմ այն երդումներից, որոնք տրվել են հանուն ինձ՝ մկրտության ժամանակ, եւ ենթարկվում եմ քեզ մարմնով եւ հոգով ընդմիշտ եւ հավերժ»: Հարցին, թե ինչպե՞ս կարող է բացատրել սա, Վալերի Պերմյակովը պատասխանել է, որ դա գրել է ուղղակի` առանց որեւէ իմաստի: Քննիչի հաջորդ հարցին, թե ո՞ւմ է ուղղված այս պայմանագաիրը եւ ո՞վ է Պալիչ Նեպոսրեդստվեննոն, Պերմյակովը պատասխանել է. «Էջը կա, իսկ նա չկա: Պետք էր, իմ էջն է»: Սա է պատճառը, որ  մենք գտնում ենք, որ այս ուղղությամբ իրականացված ամբողջական քննության արդյունքները պետք է ներկայացվեն:

ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ՈՏՔՈՎ Է ՀԱՍԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆ
-Պարոն Վարոսյան, դեպքից անմիջապես հետո լուրեր շրջանառվեցին, որ ոճրագործին Ավետիսյանների տուն է հասցրել ինչ-որ տաքսիստ: Այդ առումով ի՞նչ պարզեց նախաքննություն իրականացնող մարմինը:
- Քննությամբ պարզվել է, որ Պերմյակովն ոտքով է գնացել Ավետիսյանների տուն:
- Նախորդ գործով դատական նիստին Պերմյակովը իրեն բավական անտարբեր ու սառն էր պահում, այս անգամ ինչպե՞ս կնկարագրեք իր պահնվածքը դատարանում:
- Այս դատական նիստի ընթացքում, մի քանի դրվագներում նկատվեց, որ Պերմյակովը երբեմն-երբեմն հետաքրքիր հայացքով փորձում էր նայել դեպի դահլիճ, դեպի մեղադրանքի կողմ, երբեմն դեպի դատավորը. որոշակի հետաքրքրություն, այնուամենայնիվ,  կար: Չնայած հիմնականում նա այնպիսի դիրք էր ընդունել, որ ո՛չ իր աչքերը, ո՛չ դեմքը՝ չերեւան:

«ՎԱԼԵՐԻՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ»
Պերմյակովի շահերը դատարանում պաշտպանում են երկու հանրային պաշտպաններ` ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, ով նոր է ներգրավվել այս գործում: Ինչպե՞ս են փորձում պաշտպանել մեղադրյալին, եւ ինչո՞վ է վերջինս պատճառաբանում իր կատարած ահասարսուռ սպանությունները: Արմեն Պողոսյանը կտրուկ հրաժարվեց պատասխանել մեր այդ հարցերին՝ նշելով. «Խնդրում եմ հասկացեք, ես առհասարակ չեմ ցանկանում այս գործով շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ»:
Իսկ փաստաբան Էդուարդ Աղաջանյանն էլ նկատեց. «Նախաքննության ընթացքում պաշտպանյալս ընդունել է իրեն առաջադրված մեղադարնքը: Բայց, թե դատաքննության ընթացքում նա կրկին կընդունի՞ իրեն մեղասագրվող արարքը, չեմ կարող ասել: Ես Վալերիի հետ հանդիպել եւ բավական երկար զրուցել եմ, բայց մանրամասները հրապարակել չեմ կարող: Կասեմ միայն, որ Վալերին անտարբեր չէ դատավարության ընթացքին»:
Ինչ վերաբերում է ոճրագործի սատանիստ լինելու հանգամանքին` փաստաբանը նշեց. «Ես նոր եմ ներգրավվել, որպես Վալերի Պերմյակովի փաստաբան եւ ծանոթ չեմ գործի նյութերին: Ուստի այդ առումով դեռ ոչինչ ասել չեմ կարող»:
Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ