Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Արտաքին Քաղաքականություն
Չորեքշաբթի, 23 Դեկտեմբեր 2015 19:18

ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐԻՑ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ Է

 

Վերջին օրերս Թուրքիայի գրեթե ողջ հարավ-արեւելյան հատվածն իսկական ռազմաճակատ է հիշեցնում: Համենայնդեպս, եթե նախկինում թուրք-քրդական պատերազմի հիմնական զինատեսակն ավտոմատներն ու ծայրահեղ դեպքերում՝ նռնականետերն էին, բուն գործողություններն էլ հիմնականում քրդական մանր ջոկատների դեմ թուրքական բանակային ու ոստիկանական ոչ մեծ խմբավորումների միջեւ հարվածների փոխանակման տեսքն ուներ, ապա արդեն բանը հասել է զրահատեխնիկայի եւ ավիացիայի գրեթե ամենօրյա կիրառմաբ, թատերաբեմն էլ ամբողջական տարածաշրջաններ ու քաղաքներ են:

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կարճ ասած՝ այն տպավորությունն է, որ Թուրքիան փորձում է քրդական հարցին լուծում տալ` հայկական հարցի օրինակով: Հասկանալի է՝ ժամանակներն այլ են եւ պետք է ուրիշ մեխանիզմներ եւ քարոզչական ֆոն ապահովել, բայց էությունը դրանից չի փոխվում. գրեթե միատարր քրդաբնակ տարածաշրջանները միշտ էլ օրակարգում կպահեն քրդական հարցը, եւ Թուրքիայի համար լուծումը նույնն է՝ վերացնել քրդական այդ միատարրությունը: Եթե հարյուր տարի առաջ հայկական նույն միատարրությունը վերացրեցին, նախ՝ հայերին դավաճան հռչակելով, ապա՝ այդ «բացատրական» հիմքով կազմակերպված կոտորածներով եւ զանգվածային տարհանումներով, ապա հիմա... Չնայած եթե ընդհանրական նայենք, էլի բան չի փոխվել. հիմա էլ քրդերին են հռչակել ահաբեկիչներ, բանակն ու տանկերն ուղղել են նրանց դեմ եւ ստեղծում են պայմաններ, որ քրդական տարրը փրկությունը տեսնի միայն հեռանալու մեջ: Մի խոսքով այն, որ Անկարան փորձում է հարյուրամյա վաղեմության նույն ցեղասպան քաղաքականությունը կրկնել, հատկապես վերջին շաբաթների ռազմական սրացումներից հետո` կասկածի տեղիք չի մնում: Եվ, թերեւս, նույնն են մնացել նաեւ թուրքական հաշվարկները. հարյուր տարի առաջ Թուրքիան շատ էր պետք իր թիվ 1 դաշնակցին՝ Գերմանիային, եւ վերջինս հանգիստ աչք փակեց հայերի կոտորածների վրա: Հիմա նույնպես Թուրքիան շատ է պետք ներկայիս թիվ 1 դաշնակցին՝ ԱՄՆ-ին: Եվ փաստն այն է, որ եթե Միացյալ նահանգներն այլ երկրներում ամեն մի մատ մտած փշի պատճառով սուպերդեմոկրատական ճառեր է հնչեցնում, ապա Թուրքիայի հետ կապված անգամ մի հասարակ հարց չի տալիս Անկարային՝ լավ, բա ինչո՞ւ եք տանկերն առած ընկել քրդերի հետեւից:

Այն, որ Անկարան պետք է փորձեր քրդական հարցին լուծում տալ, իր տրամաբանությունն ունի: Այս առումով հիշենք, որ դեռ երեք-չորս տարի առաջ Էրդողանն առաջ քաշեց խնդրին բանակցային լուծում տալու գաղափարը եւ նույնիսկ որոշ հարցերում քրդերին ընդառաջ քայլերի գնաց: Բայց այդ կիսալուծումներով էլ ամեն ինչ վերջացավ. քրդերին ռեալ զիջումներ էր պետք, որին Անկարան` գոնե ներկայումս ոչ մի դեպքում չի գնալու: Գումարվեց նաեւ Թուրքիայի հարեւանությամբ քրդական ինքնավարությունների ստեղծման հեռանկարը: Ընդ որում, եթե Իրաքում քրդական ինքնավարության հետ Էրդողանը նույնիսկ համագործակցության մեջ է, ապա սիրիական-քրդական ինքնավարությունը, որը նաեւ թուրքական քրդերի համար ռազմաքաղաքական բազայի դեր է կատարում, փաստացի տեսք ստանալու դեպքում դեպի Թուրքիա ծավալվելու ռեալ պոտենցիալ կունենա: Արդյունքում՝ հենց սիրիական եւ թուրքական քրդերի հետ այս պատերազմն ինչ-որ տեղ նաեւ անխուսափելի էր: Ի դեպ, այս տեսանկյունից կարելի է բացատրել նաեւ ՌԴ-ի հետ Էրդողանի այս հանկարծակի թշնամությունը. հենց ռուսական զորքերն էին, որ փրկեցին կործանման շեմին կանգնած Ասադին, իսկ նրա հաղթանակը միանգամից գործնականում անշրջելի է դարձնում սիրիական-քրդական ինքնավարության ստեղծումն ու այն դեպի Թուրքիա ծավալվելու հեռանկարը: Արդյունքում՝ Էրդողանի համար գրեթե միակ ելքի է վերածվել թուրքական քրդերի հարցն արագորեն լուծելը կամ, առնվազն, քրդական ռազմաքաղաքական պոտենցիալը զրոյացնելը, որն էլ ներկայիս մասշտաբներին հասցրեց Թուրքիայում ներքին պատերազմը:
Այլ հարց է, թե Էրդողանը ցեղասպանության քաղաքականության միջոցով քրդական հարցից պրծնելու ռեալ հնարավորություն ունի՞: Թուրքիայի տարիներով պայքարի փորձ ունեցող մոտ 20 միլիոնանոց քրդական զանգվածին «չոր» ռազմական մեթոդներով հաղթելը, թերեւս, Էրդոաղնի համար գործնականում անլուծելի խնդիր է: Եվ հիմա էլ 1915թ.-ը չէ, որ միլիոններով մարդ կոտորես. եթե չափն անցնի, անգամ ԱՄՆ-ի պես հզոր դաշնակիցը Էրդողանին չի փրկի, առավել եւս, որ Վաշինգտոնը վերջին ժամանակներս առավել քան հաճախ է ստիպված լինում նրա հիստերիկ արարքները ծածկել: Այսինքն՝ ներթուրքական այդ պատերազմի թեժացումը, թերեւս, քրդական թեմային Էրդողանի ծրագրած սխեմայով լուծում չի տա: Բայց այլ սխեմաներով լուծումները գնալով ավելի ռեալ են սկսում դառնալ:

ՄԵԾ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Գաղտնիք չէ, որ քրդական հարցին ԱՄՆ-ը եւս պարբերաբար փորձում է լուծում տալ: Ի դեպ, թեեւ իրաքյան քրդերի հետ Էրդողանն ունի բավականին լավ կապեր եւ նավթային բիզնես, բայց կասկածից դուրս է, որ այնտեղ գործում է ԱՄՆ-ի գրեթե անվերապահ քաղաքական ղեկավարությունը: Օրերս իրաքյան քրդերը սկսեցին խոսել անկախության հանրաքվե անցկացնելու ծրագրերի մասին, եւ ասել, թե դա նախօրոք չի ստացել Վաշինգտոնի «դաբրոն», միամտություն կլիներ: Անկարան, ինչպես նշեցինք, փորձում է ցույց տալ, որ իրաքյան Քուրդիստանն իրեն առանձնապես չի անհանգստացնում, նույնիսկ՝ օգտակար է: Բայց փաստը, որ վերջերս թուրքական զորքերը մտան այդ տարածք, հուշում է, որ որոշակի վերահսկողություն հաստատելու անհրաժեշտություն Էրդողանն ունի: Մյուս փաստը. Վաշինգտոնը թեեւ մեղմ տոնայնությամբ, բայց մինչեւ նախագահ Օբամայի մակարդակով զգուշացրեցին, որ իրաքյան Քուրդիստանում թուրքական բանակի «հակաահաբեկչական պայքարի» կարիքը չեն տեսնում: Եվ դժվար չէ հասկանալ Էրդողանի անհանգստության պատճառը. եթե անգամ Իրաքում ստեղծվի Քուրդիստան անունով անկախ պետություն, վաղ թե ուշ այն դեպի Թուրքիա ծավալվելու հայտ է ներկայացնելու: Առավել եւս, որ Իրաքում Քուրդիստանը ստեղծվելու դեպքում կունենա առավել քան ամուր ֆինանսական, տնտեսական եւ ռազմաքաղաքական բազա:
Մեկ գործոն կար, որ կարող էր այդ գործընթացն արգելակել. Ռուսաստանը, որի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում միտված էր Սիրիա-Իրաք-Իրան առանցքի ամրապնդմանը, եւ դրա նախապայմանն է, որ Իրաքն ու Սիրիան մնան որպես միասնական պետություններ: Այդ երեք երկրներից Իրաքը փորձեց տատանողական խաղերի մեջ մտնել միաժամանակ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի ուղղությամբ, եւ հիմա ինչ կերպ կարող է խանգարել իրաքյան Քուրդիստանի ստեղծմանը, դժվար է ասել: Առավել եւս, որ ՍՈւ-24-ի պատմությունից հետո ռուսները, որ բավականին զուսպ էին վերաբերվում Քուրդիստանի գաղափարին, հիմա արդեն առնվազն թուրքական եւ սիրիական քրդերին սկսում են նայել որպես Թուրքիայի դեմ պայքարում իր դաշնակիցների: Ամեն դեպքում փաստը, որ Սերգեյ Լավրովը նախատեսում է հանդիպել թուրքական քրդերի ներկայացուցիչների հետ, հուշում է, որ Ռուսաստանը կարող է առնվազն չեզոք դիրք գրավել, եթե Վաշինգտոնը շարունակի Մեծ Քուրդիստանի ստեղծման հին ծրագրերը: Ի վերջո, եթե անգամ Քուրդիստանը ստեղծվի ԱՄՆ-ի հովանու ներքո, որ հետագայում էլ ամերիկյան աշխարհաքաղաքական ուղղությամբ կշարժվի, դժվար է միանշանակ ասել:
Այլ հարց է, թե ԱՄՆ-ն կցանկանա՞ մինչեւ վերջ առաջ տանել Մեծ Քուրդիստանի գաղափարը, որը, ի վերջո, կնշանակի Թուրքիան մասնատել: Թուրքիայում, անշուշտ, ամերիկյան բազաներն են: Բայց այդ բազաները քրդական տարածքներում են եւ այնտեղ էլ կմնան, եթե այդ գոտին վերածվի Քուրդիստանի, իսկ մնացած հատվածը կդառնա ավելի հեշտ վերահսկելի: Մինչդեռ Թուրքիան քիչ էր մնում, որ ամբողջովին շրջվեր դեպի Ռուսաստան, եւ միգուցե շրջվեր, եթե ՍՈւ-24-ի դեպքը մեյդան չգար: Ընդ որում՝ խնդիրը միայն նրանում չէ, որ Էրդողանը սուլթանական երազանքներ ունի. Թուրքիան վերջին տասնամյակներին բավականին լուրջ տնտեսական հզորությունների է հասել, եւ Էրդողանի փոխարեն ով էլ այդ երկիրը ղեկավարի, ինքնուրույն աշխարհաքաղաքականություն վարելու հարցում գայթակղությունները կմնան: Քիչ չեն նաեւ ԱՄՆ-ի հակասություններն իր մյուս տարածաշրջանայն դաշնակիցների, ասենք՝ Սաուդյան Արաբիայի հետ, որը կարողացավ բառացիորեն ոչնչացնել ամերիկյան սլանցային նավթարդյունաբերությունը: Իսրայելի հետ եւս Վաշինգտոնը վեճերի պակաս չունի, եւ Քուրդիստանն ԱՄՆ-ի աչքին այդ ողջ դաշնակցային համակարգը վերախմբագրելու կամ բոլոր դաշնակիցներին գրողի ծոցն ուղարկելու համար լավ բազա կդառնար: Ընդ որում, այդ իրավիճակը ռուսներին եւս կարող է բավարարել, եթե Քուրդիստանի ստեղծումից հետո կարողանա պահպանել դիրքերը Սիրիայի եւ Իրաքի ոչ քրդական հատվածներում՝ դրանք կապելով Իրանի հետ: Միեւնույնն է՝ Մերձավոր Արեւելքն իր դեռ պաշտոնապես պահպանվող քաղաքական դիմագիծն արդեն ակնհայտորեն սպառել է, եւ երբ սկսում են խոսել սիրիական ճգնաժամը ՄԱԿ-ի մակարդակով կարգավորելուց, դա հուշում է, որ կարող են պայմանավորվածություններ լինել նաեւ տարածաշրջանի ստեղծվելիք քաղաքական դիմագծի մասով:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ