Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Չորեքշաբթի, 23 Դեկտեմբեր 2015 00:00

ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՇԱՏԵՐԸ ԿԴԱԴԱՐԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂ ԼԻՆԵԼ

 

Հունվարի 1-ից գործելու է  հեռուստատեսային հեռարձակման  թվային  համակարգը:  Չնայած այս մասին վաղուց է հայտնի, բայց ակնհայտ է, որ հայաստանյան շարքային հեռուստադիտողների մեծ մասը դեռ դրան պատրաստ չէ: Ստեղծված վիճակի հետ կապված` փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ընկերության գլխավոր տնօրեն ԳՐԻԳՈՐ ԱՄԱԼՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

Պետությունն ունի իր պարտավորությունները` բացառապես սոցիալապես անապահով քաղաքացիների նկատմամբ: Այն պահից, երբ պետությունը նման քաղաքացիներին կցորդ սարքերով ապահովելով` բավարարի իր պարտավորությունները, անալոգի անջատումներն արդեն կիրականացվեն: Մյուս քաղաքացիներն իրենց միջոցներով պետք է արդեն գնած լինեին համապատասխան սարքերը:
- Իսկ Ձեր նշած անապահով խավին ե՞րբ կտրամադրվեն այդ սարքերը:
- Նախ նշեմ, որ վերոհիշյալ քաղաքացիների ցանկերը սահմանելու է Հայաստանում միակ պետական լիազորված մարմինը` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Սարքերի ձեռքբերման տենդերը հայտարարվել է, հաղթող կա, վճարումն իրականացվել է, եւ մենք հույս ունենանք, որ ժամանակացույցին համապատասխան սարքերը կտարամադրվեն: Եթե կառաջանա իրավիճակ, որ որեւէ տեղ անապահով քաղաքացիների խնդիրները դեռեւս լուծված չեն լինի, այդ մասերում անալոգային համակարգի անջատումներ չենք կատարի:
- Ունե՞ք հստակ գնահատական, թե երբ այդ սարքերը կտրամադրվեն բոլոր անապահով քաղաքացիներին:
- Անկեղծ ասած՝ կդժվարանամ պատասխանել, որովհետեւ գործընթացի մեջ ներգրավված են տարբեր գերատեսչություններ. Կապի եւ տրանսպորտի նախարարությունը` տեխնիկական մասով եւ սարքերը ձեռք բերելու մասով, Աշխատանքի եւ սոցիալական նախարարությունը եւ ՏԿԱԻՆ-ը  ներգրավված են քաղաքացիների ցանկերի հստակեցման եւ նրանց այդ սարքերը բաշխելու հարցով: Այսինքն՝ միայն մեր գերատեսչությամբ չի սահմանափակվում այդ գործընթացը, որպեսզի ես Ձեզ հստակ ասեմ ժամանակացույցի մասին:
- Այսինքն` սարքերն արդեն տեղո՞ւմ են:
- Այո, օր օրի սպասում ենք, որ տրամադրվեն մեզ:
- Քանի՞ նման սարք եք նախատեսել անապահով խավի համար:
- Այս պահի դրությամբ՝ 48,7 հազար, բայց այդ քանակը վերջնական չի:
- Տիրապետո՞ւմ եք տեղեկատվության, թե այդ ցանկից դուրս քանի՞ քաղաքացիներ են մինչ օրս ձեռք բերել այդ սարքավորումներից:
- Ցավոք, մենք նման վիճակագրություն ձեռքի տակ չունենք:
- Կարելի՞ է ենթադրել, որ չի բացառվում հունվարի 1-ից սարքեր ձեռք չբերած բազմաթիվ քաղաքացիներ այլեւս զրկվեն հեռուստացույց դիտելուց:
- Իհարկե՝ ես չեմ բացառում: Սակայն հունվարի 1-ից անալոգային հեռարձակումը անջատելը սահմանված է օրենքով, եւ մեկ տարուց ավել այդ անջատման ժամկետի մասին քաղաքացիները տեղեկացվել են: Պետք է իրենք հարմար պահ գտնեին եւ ընթացքում ձեռք բերեին այդ սարքավորումը ¥խնդիրը հարմար պահը չէ, այլ այն, որ այդ սարքի գումարը զգալի է մեր բազում «ապահովված» քաղաքացիների համար- Հեղ.¤: Մեր խնդիրը, ըստ էության, պետական պարտավորության մասով սոցիալապես անապահով քաղաքացիներն են:
- Այդ դեպքում, ինչո՞վ է պայմանավորված, որ դեռ հունվարի 1-ը չի եկել, բայց որոշ մարզերում արդեն մի շարք հեռուստաալիքներ այլեւս չեն հեռարձակվում:
- Տեսեք՝ անալոգների հեռարձակումը ամբողջությամբ մենք չենք իրականացնում: Անալոգային հեռարձակումը իրականացնում են հեռուստաընկերություններից շատերը, եթե մեր պատվիրատուները չեն: Մենք ընդամենը պահպանում ենք այն հեռարձակումները, որոնք մեր պարտավորության մեջ են, եւ մեր մասով նման խնդիր չկա: Մենք մեր հեռարձակող ծավալները, եթե անգամ փոքրացրել ենք, ապա բացառապես պատվիրատուների պահանջով: Ենթադրենք, եթե նախկինում մի հեռուստաընկերություն մեզանից պատվիրում էր Հայաստանի թվով 150 բնակավայրերում հեռարձակում, հիմա պատվիրում է հեռարձակել 70-ում: Նման դեպքերում մենք ընդամենը կատարող հիմնարկ ենք, քանի որոշ որոշումները մեր կողմից չեն կայացվում, մենք այդ հարցին պատասխանելու անհրաժեշտություն չունենք: Ամեն դեպքում, հասկացեք, հեռուստաընկերությունների համար էլ է մեծ բեռ` նրանք գիտեին, որ դեռ ամառը պետք է անջատեին անալոգը, բայց առ այսօր ստիպված այն շարունակում են: Հիմա եթե նրանցից ոմանք ինչ-որ տեղ պակասեցնում են, դա էլ մեղադրելու չէ:
- Ինչո՞վ համոզված լինի սպառողը, որ իր հեռուստացույցի մեջ տեղադրվելիք սարքը որակով է, եւ կարճ ժամանակ անց ստիպված չի լինի նորը գնել:
- Աշխարհում չկա մի բան, որը պիտանելիության ժամկետ չունենա: Ինչ վերաբերում է երաշխիքին, ապա մեկ տարվա երաշխիք տրվում է հաստատ:
- Եթե անապահով խավին տրամադրած կցորդ սարքերը փչանան, նորը կտրամադրվի՞, թե՞ այդ դեպքում արդեն քաղաքացին պետք է գնի:
- Նման բան չկա, որ փչանալու դեպքում կառավարությունը պարտավորվում է նորը տրամադրել: Հետո էլ` անապահով անձինք միշտ նույն կարգավիճակում հո չե՞ն մնում, տարիների հետ նրանց սոցիալական վիճակը հնարավոր է փոխվի:
Այսպիսով` երեւում է, որ հունվարի 1-ից շատերն այլեւս կդադարեն մնալ հեռուստադիտողի կարգավիճակում: Իսկ հեռուստաընկերություններն ի՞նչ պետք է անեն, եթե արդյունքում մեծ լսարան կորցնելու հեռանկարի առաջ կանգնեն: Մի խոսքով՝ էս նեղ վիճակում ամեն ինչ տեղն էր, միայն թվային հեռուստատեսությունն էր պակաս:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ