Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՓԱԿՈՒՂԻ ՄՏԱԾ ԱԼԻԵՎԸ ԿԱՐՈՂ Է ԵՎ «ՎԱ ԲԱՆԿ» ԳՆԱԼ

 


Այստեղ է, որ նախ՝ կանգնած ենք հարյուրամյակներ անց մեր առաջին տարածքային ձեռքբերումը պահպանելու, իրավիճակի բարեհաջող ընթացքի դեպքում ավելացնելու եւ վատթարագույն սցենարների դեպքում՝ կորցնելու վտանգի առաջ: Եվ հենց այս ուղղությամբ է, որ ընդհանրականից զատ ունենք կոնկրետ կորուստներ՝ սահմաններին մեր զինվորների զոհվելու եւ սահմանամերձ բնակավայրերին հասցված հարվածների տեսքով: Իհարկե՝ հուսադրող է, որ մի բան էլ ավել պատասխանում ենք, բայց դրանից հետո անգամ կորուստը մնում է կորուստ. գնա ու զոհված զինվորի մորն ասա, թե՝ որդուդ վրեժը լուծված է:

 

 

Ուրեմն, ի՞նչ սպասենք ղարաբաղյան ուղղությունից այս ծանր աշխարհաքաղաքական վիճակում: Մեկ բան հաստատ է. նավթի համաշխարհային գներն իրենց ամենաուղղակի ազդեցությունն են թողնում Ղարաբաղի վրա, քան նույնիսկ անցած 20 տարիների բանակցությունները: Նկատի ունենք այն ազդեցությունը, որն Ադրբեջանի վրա ունենում է արդեն 1 բարելի դիմաց մինչեւ 30 դոլար նվազած նավթի համաշխարհային գնանկումը: Արդյունքում, եթե մեկ տարի առաջ 1 դոլարն արժեր մոտ 0,75 ադրբեջանական մանաթ, ապա ներկայումս պաշտոնական փոխարժեքը մոտենում է 1.55-1.6 մանաթի. մոտ կրկնակի արժեզրկում: Նախօրեին Իլհամ Ալիեւը ստիպված էր դադարեցնել փոխանակման կետերի գործունեությունը, ինչը միանգամից ստեղծեց փոխարժեքի ստվերային շուկա, եւ շատ փորձագետներ պնդում են, որ այստեղ արդեն դոլարն արագորեն կհասնի 2-2.5 մանաթի: Իմաստը պարզ է. նավթադոլարային եկամուտները կատաստրոֆիկ կերպով նվազել են, դա դեռ անցած տարվանից էականորեն նվազեցրել է ադրբեջանական ռեզերվային ֆոնդը: Ընդ որում, անցած տարի նավթի 1 բարելը միջին հաշվով դեռ 45-50 դոլարի շրջակայքում էր, եւ թե ինչ ավերածություններ է Ադրբեջանում առաջ բերելու 30 դոլարանոց նավթը, կարելի է կռահել: Արդյունքում՝ արդեն իսկ բուռն տեմպով զարգանում է սոցիալական դժգոհությունը՝ համեմված ազգամիջյան, կրոնական, «գունավոր» բաղադրիչներով: Եվ, որ ոչ պակաս կարեւոր է, նավթադոլարների հաշվին ճոխ կյանքի վարժված չինովնիկական, մասնավորապես, որ մեզ համար ամենաէականն է, բարձր ու միջին բանակային հրամկազմը սկսել է անթաքույց տրտնջալ փողի պակասից:
Չենք չարախնդում. ներկայացվածը պարզապես այն ռեալ իրավիճակն է, որ այսօր ստեղծվել է Ադրբեջանում՝ Իլհամ Ալիեւին ավելի ու ավելի խորացնելով ներքին տնտեսաքաղաքական փակուղու մեջ: Եվ գումարած դրան՝ կա նաեւ արտաքին տնտեսական փակուղին:
ԽՈՐԸ ՓԱԿՈՒՂԻ
Եվ այստեղ միանգամից ընդգծենք, որ այս տարի Հայաստանի համար երկրորդ կարեւորագույն քաղաքական ուղղությունը մնում է թուրքական իրավիճակը: Այստեղ, իհարկե, իրավիճակը մեզ համար ավելի հանդարտ է: Մի կողմից՝ ռուս-թուրքական հակամարտությունը եւ, մասնավորապես, դրա արդյունքում լրջորեն ամրապնդված ռուսական ռազմաբազան գործնականում Հայաստանին ապահովագրում են անցանկալի սցենարներից: Մյուս կողմից՝ Թուրքիայում արդեն գրեթե ամեն օր սկսել են Անկարայից ահաբեկչական որակավորվող տարբեր պայթյուններ տեղի ունենալ: Քրդերն էլ իրենց հերթին են ակտիվանում, էլ չասած, որ Թուրքիային հարեւան սիրիական քրդերն էլ իրենց հերթին են օրեցօր ավելի ծանր սպառնալիք դառնում Անկարայի համար: Եվ դա գրեթե անլուծելի խնդիր է, հաշվի առնելով, որ ռուս-թուրքական հակամարտության արդյունքում ցանկացած թուրքական օդանավ, որ կփորձի հարձակվել սիրիական քուրդիստանի ուղղությամբ, միանգամից կդառնա ռուսական C-400-ների թիրախը: Եվ, վերջապես, սիրիական բանակն էլ կամաց-կամաց վերահսկողության տակ է առնում թուրքական սահմանները, այսինքն՝ Էրդողանի «ահաբեկչական նավթի» բիզնեսն է մեռնում, եւ, առհասարակ, Սիրիա թուրքական ցամաքային «ստվերային» ներխուժումները վերջին մոտ են:
Ի պատասխան՝ դեռ անցած տարվանից Էրդողանը փորձում է օգտագործել ղարաբաղյան խաղաքարը՝ իր համար ամենացանկալի այստեղ պատերազմ վերսկսելու եւ ռուսներին այս ուղղությամբ շեղելու սխեմայով: Եվ հենց սա է, որ Ալիեւին միանգամից թողնում է երկու քարի արանքում: Թուրքիայի հետ թշնամանա՞լ. բայց դա Ալիեւի համար նավթն ու գազն արտաքին աշխարհ հանելու միակ ուղին է: Հավատարի՞մ մնալ Անկարայի հետ եղբայրությանը. այս դեպքում էլ նախ՝ հայկական բանակն է վտանգավոր, երկրորդը՝ դա բացահայտ թշնամանք է ռուսների հետ, էլ չասած, որ պարսկական վտանգն էլ կա: Եվ մեկ այլ նյուանս եւս սկսել է տեսանելի դառնալ. Վրաստանը ակտիվորեն խորանում է Իրանից գազ գնելու ավելի շատ՝ քաղաքական եւ ոչ թե տնտեսական ուղով: Եվ ավելին. օրերս Վրաստանի էներգետիկայի նախարարը հայտարարեց նաեւ, որ ռուսներն իրենց առաջարկում են ավելի էժան գազ, քան Ադրբեջանը: Այսինքն՝ Թբիլիսին ամեն պահ կարող է շուռ գալ դեպի Մոսկվա-Թեհրան առանցքը, իսկ այդ դեպքում արդեն Ադրբեջանն է Վրաստանից կախման մեջ հայտնվում՝ էներգետիկ ուղիների առումով, եւ արդեն հանուն Անկարայի Մոսկվայի հետ թշնամանքը միանգամից դառնում է մահացու: Իրավիճակի վրա ինչ-որ կերպ ներազդելու միակը դարձող տարբերակն այն է, որ Ալիեւը վրացիներին «Գազպրոմի» համեմատ էականորեն ցածր գին առաջարկի: Բայց ինչպե՞ս, երբ ամեն մի դոլարն արդեն հաշվի մեջ է:
Այս բարդ իրավիճակում Ալիեւը փորձում էր հավասարակշռություն պահպանել` սահմանային իրավիճակը սրելով. կիսապատերազմ-կիսախաղաղությունը յուրօրինակ «ոսկե միջինի» պես մի բան էր դարձել: Բայց ահա տնտեսական եւ Ադրբեջանի ներքաղաքական իրողությունները շատ բան են փոխում: Ներքին հակաալիեւյան շարժումներն, անշուշտ, կփորձեն ղարաբաղյան ուղղությամբ ամեն մի վրիպակ մի բան էլ ծաղկեցնելով նրա դեմ ուղղել: Օրինակ՝ ունեցել են 5 զոհ, կներկայացնեն 10-ը: Հաջորդը. ֆինանսների պակասը պարզապես հնարավորություն չի տալու նույն թափով շարունակել «խավիարային դիվանագիտությունը»: Իսկ ահա քսանամյա ներքին քաղաքականությունը, թե՝ պետք եղավ, պատերազմով էլ կվերադարձնի Ղարաբաղը, տնտեսաքաղաքական այս վիճակում պարզապես Բաքվում անգամ ծիծաղ կառաջացնեն: Վերջապես՝ Ալիեւի այս ծանր վիճակը պարզ տեսնում են նաեւ համանախագահող երկրները: Ճիշտ է՝ նրանք էլ Ղարաբաղի շուրջ ունեն հակադիր շահեր, եւ դրանց արանքում Ալիեւը դեռ կկարողանա մանյովրել: Բայց ահա մեկ շաբաթից Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները չեղյալ համարելու պահն է: Իսկ իրանական շուկայի բացվելու դեպքում այս ուղղությամբ տնտեսական շահը կարող է եւ ԱՄՆ-ին ու Ռուսաստանին պարտադրել դեպի Իրան տանող ճանապարհին «ընկած» ղարաբաղյան «քարի» հետ կապված թեկուզեւ միջանկյալ լուծումների գնալ:
Մի խոսքով՝ քանի դեռ ներադրբեջանական տնտեսաքաղաքական ճգնաժամը խորանում է, Ալիեւը հազիվ թե մտածի անցած տարվա ինտենսիվությամբ սահմանները թեժ պահելու մասին: Բայց կա նաեւ փոքր հավանականություն ունեցող վա բանկի տարբերակը. Ալիեւի մտքով կարող է եւ անցնել Ղարաբաղում նոր պատերազմ սկսել՝ ներքին այդ ողջ քաոսային վիճակը շեղելու հույսով: Այն հաշվարկով, որ Թուրքիան եւս կգնա նույն վա բանկին՝ հույսը դնելով ՆԱՏՕ-ի վրա. միգուցեեւ Անկարան հաշվարկի, որ դա ԱՄՆ-ի համար հարավկովկասյան տարածաշրջանն ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ չթողնելու միակ տարբերակն է: Սա, անշուշտ, ավելի շատ նման է հուսահատական սցենարի, բայց ներադրբեջանական սրացումները հենց նման հուսահատական քայլերի հավանականությունն է, որ մեծացնում են:
Ամեն դեպքում, 2016թ. ղարաբաղյան հարցով խոստանում է որոշիչ լինել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ