Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԱՅԴ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԽՈՐԱՑՎԱԾ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ»


Արտաքին քաղաքական մի շարք գործընթացներին ու հայտարարություններին, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի Հանրապետությանը, երեկ կառավարության նիստից հետո լրագրողներիս հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ:

–Պարոն փոխնախարար, ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը ձեւական բնույթ է կրել:
– Այդ հայտարարությունը շատ հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը տրամադրված բանակցություններին: Դա արդեն բավարար է` հասկանալու այն մոտեցումը, որն ունի Ադրբեջանի ղեկավարությունը ԵԱՀԿ համանախագահների եւ հակամարտության կարգավորման սկզբունքների նկատմամբ: Սա է պատճառը, որ տարիների ընթացքում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա:

– Ի՞նչ է անհրաժեշտ, որ բանակցային գործընթացում առաջընթաց լինի:

– Հարկավոր է ոչ այնքան գործընթացի ակտիվացում, որքան կողմերի մոտեցումներում առաջընթաց: Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են, որ հնարավորինս հաճախ լինեն հանդիպումներ: Բայց եթե այդ հանդիպումները գնում են նույն ոճով, որը եղավ վերջին անգամ Բեռնում, եւ որը Ադրբեջանի նախագահը բնութագրեց որպես ձեւական, ուրեմն` առաջընթաց չի կարող լինել: Սա է խնդիրը, որն իր հերթին պարտադրում է նույն միջնորդներին, միջազգային հանրությանը եւս մեկ անգամ վերլուծել, անդրադառնալ այս ամենին: Այսպես շարունակելը որեւէ դրական արդյունք չի կարող բերել, իսկ սա նշանակում է որոշակի մոտեցումների փոփոխություն: Դրա ազդանշաններից մեկը մենք տեսանք հենց նույն Բեռնում, երբ առաջարկությունները ծանրացան այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ են համապատասխան հետաքննության մեխանիզմներ, այդ թվում` համապատասխան սարքավորումների ներդրում` գիտակցելով, որ ադրբեջանական կողմը, ըստ էության, բանակցությունների քողի տակ, շարունակելու է իր դեստրուկտիվ, ուժային քաղաքականությունը: Բնական է, որ դրան Ադրբեջանն ավելի է դիմադրում, բայց սա, այնուամենայնիվ, հուշում է, որ արդեն միջնորդներն են անհանգստացած եւ փորձում են նոր ուղիներ փնտրել: Եթե այս ուղղությամբ էլ հաջողության չհասնեն, ինձ թվում է` ուշ, թե շուտ, արդեն հասունանալու է այլ մոտեցում: Իսկ այլ մոտեցումը հետեւյալն է` կա՛մ Ադրբեջանին պարտադրանք, կա՛մ ուղղակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթաց:
– Իսկ ի՞նչ կասեք Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինի հարցազրույցի մասին, որտեղ վերջինս նշել էր, թե Օսմանյան կայսրությունում քրիստոնյաներին չեն ոչնչացրել:
– Դրանից հետո եղավ պատրիարքի մամլո խոսնակի մեկնաբանությունը, որ իբր դա չի վերաբերում Ցեղասպանությանը: Կարծում եմ` ամեն դեպքում, այդ հայտարարությունը շատ անհաջող էր: Ավելին չեմ կարող ասել:
– Անդրադառնանք նաեւ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառված երկու հակահայկական բանաձեւերի նախագծերին: Դրանց ընդունումը կանխելու համար ի՞նչ քայլ է ձեռնարկում ՀՀ արտգործնախարարությունը:
– Իհարկե, մենք հասկանում ենք, որ այդ հիվանդությունը, ցավոք սրտի, բավականաչափ խորացված է Եվրոպայի խորհրդում: Բայց այն մարդիկ, որոնք դարձել են թիրախը ադրբեջանական քաղաքականության եւ միանշանակ քվեարկող են, նրանք ամենեւին էլ մեծամասնություն չեն: Խնդիրն այն է, որ փորձենք մնացած պատգամավորներին, որոնք մեծամասնություն են, ներգրավել այս գործընթացին, ինչքանով կհաջողվի, ես կանխատեսումներ չեմ անի: Իսկ այն, որ այդ ուղղությամբ աշխատանք կատարում է ե՛ւ Արտգործնախարարությունը, ե՛ւ Ազգային ժողովի պատգամավորները, միանշանակ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հիշեցնենք, որ ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», իսկ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումներով բանաձեւերի նախագծերին: Երկու փաստաթղթերն էլ աչքի են ընկնում աննախադեպ միակողմանի եզրաբանությամբ եւ ակնհայտորեն հակասում են թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, թե՛ ԵՄ գործադիր մարմնի քաղաքականությանը, ինչի դեմ սկսվել է լայնածավալ ստորագրահավաք change.org կայքում: