Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

ԱՅՍՊԻՍՈՎ՝ ԲԵՆԶԻՆՆ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է 8 ՏՈԿՈՍ ՆԱՎԹԻՑ ԵՎ 92 ՏՈԿՈՍ ՀԱՐԿԵՐԻՑ

Ամբողջ աշխարհում նավթի գները ռեկորդային անկումներ են արձանագրում: Բայց մեկ է՝ դա այդպես էլ գրեթե չի նկատվում Հայաստանում: Եվ ինչպես նկատվի, երբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը, ով պետք է մի քիչ սպառողների մասին մտածեր, նորից լծվել է բենզինավաճառներին արդարացնելու գործին, թե՝ ի՞նչ էժանացում, Հայաստանում վաճառվող բենզինում նավթի բաժինը միայն 7-8 տոկոս է կազմում:

 

 

Զավեշտի է նմանվում, բայց նույն պարոն Շաբոյանն անմիջապես էլ ինքն իրեն հերքեց, թե՝ անցած տարի մեր երկրում բենզինը 13 տոկոսով էժանացել է` 470-ից հասնելով 410-ի: Բա որ նավթի գինը բենզինի մեջ ընդամենը 7-8 տոկոս է, այդ ինչպե՞ս է 13 տոկոսով էժանացել: Եվ բնական է, որ սպառողներն էլ շաբոյանական այդ թվաբանությունից գլուխ չհանելով՝ շարունակում են տրտնջալ բենզինի գներից: Իսկ Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ, ի տարբերություն պարոն Շաբոյանի, պատճառները բոլորովին այլ հարթությունում է տեսնում. «Բենզին եւ նավթամթերքներ ներկրողների խումբը մեր երկրում շատ փոքր է եւ վայելում է այդ մենաշնորհի բոլոր հնարավորությունները: Առողջ չէ նաեւ մրցակցությունը, գնային քաղաքականության հետ կապված`  կան ներքին պայմանավորվածություններ: Այդ պատճառով էլ, տնտեսվարողներն իրենց ապրանքը վաճառում են միայն իրենց ուզած գնով: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք չէ տրամաբանություն փնտրել, թե ինչու նավթի եւ բենզինի գների անկումը չի ազդում հայաստանյան շուկայի վրա: Մեզանում նավթի եւ բենզինի շուկան ազատականացնելու համար անհրաժեշտ է միայն քաղաքական կամք եւ ցանկություն»: Գ. Մակարյանը նաեւ ավելացրեց, որ եթե տնտեսվարողները գիտակցում են, որ շահույթ ստանալու մեծ հնարավորություններ ունեն, ապա այս մտքից երբեք չեն հրաժարվում: Նրա կարծիքով` բենզինի եւ նավթի գները 13 տոկոսով չեն նվազել, եւ Ա. Շաբոյանը նման եզրակացության է եկել` վերցնելով միջինացված թիվ. «Հիմնական օգտագործվող բենզինը 13 տոկոսով չի էժանացել, եթե նույնիսկ էժանացել է, ապա սա շատ չնչին տոկոս է: Որովհետեւ համաշխարհային շուկայում էժանացման տոկոսն ահռելի է»:
Մեր զրուցակիցը նաեւ նկատեց, որ բոլորին անհանգստացնում են միայն բենզինի գները, սակայն ոչ ոք չի խոսում դրանց որակից, քանի որ բարձր գնի հետ միասին սպառողներին վաճառվում է ցածր որակի վառելանյութ. «Մարդիկ Վրաստանից գնված վառելանյութի որակի դրական տարբերությունն անմիջապես նկատում են, իսկ Հայաստանում որակը զրոյական է: Դրանով էկոլոգիան վնասելուց զատ, մեծ վնաս է կրում նաեւ սպառողը: Այս ամենը պետք է վերահսկի ՀՀ էկոնոմիակայի նախարարության վերահսկողության տեսչությունը: Ինչո՞վ է զբաղվում տվյալ մարմինը: Ամեն ինչ գտնվում է մեկ շղթայի մեջ, եւ այդ թատերականացված ելույթներն ու կարծիքները հնչում են զուտ ասելու եւ տպավորություն գործելու համար: Շատ մարմիններ ու մարդիկ իրենց տեղում չեն գտնվում, այդ պատճառով էլ այսօր շուկայում ունենք այն, ինչ ունենք»:
Մեր զրուցակիցը նաեւ նկատեց, որ համապատասխան մարմինները ճիշտ չեն իրականացնում պետական շահի պաշտպանությունը: Մարդկանց տուգանելու փոխարեն, ճիշտ ժամանակին չեն կանխում այն գործընթացները, որոնք վնասում են պետական շահին, եւ չեն աշխատում այնպես, որ տնտեսական ոլորտները չլինեն մենաշնորհային, այլ մնան ազատ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ