Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ԿԼՈՐ ՇԵՆՔԻ ՔԱՆԴԵԼԸ ԶՈՒՏ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է»

Վերջին օրերին հերթական անգամ օրակարգ մտավ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդել-չքանդելու հարցը: Այս անգամ այն տոնայնությամբ, որ քանդելու հարցը վերջնականապես որոշված է: Եվ հերթական անգամ հին վեճը շարունակվեց: Քանդելուն ընդդիմացողները պնդում են, թե մայրաքաղաքի խորհրդանիշներից հանդիսացող շենքը հնարավոր է վերակառուցել ու շահագործել՝ թեկուզ ոչ որպես օդանավակայան: Իսկ շենքի սեփականատեր հանդիսացող արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի ներկայացուցիչները հակառակն են պնդում` «Զվարթնոցի» հին շենքը դարձել է վտանգավոր կառույց եւ շահագործողը պատասխանատվություն չի կրի, եթե այնտեղ տեղի ունենա որեւէ վթար: Ավելին, որ չեն պատրաստվում ֆինանսներ տրամադրել` շենքը վերակառուցելու համար, ուստի պետք է այն քանդել: Այսպիսով ի՞նչ՝ պե՞տք է հին համարել ու քանդել «Զվարթնոցը», թե՞ մայրաքաղաքային այս վերջին դիմագծերից մեկի համար պայքարն է ճիշտ: Հարցը, թերեւս, խորը ուսումնասիրության կարիք ունի, եւ այս պատմությանը դեռ կանդրադառնանք: Իսկ մինչ այդ փորձեցինք լսել մասնագետ եւ հեղինակավոր անձանց:

 

 

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ ԱՐՏԱԿ ՂՈՒԼՅԱՆԸ նշեց.
- «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը ոչ թե պետք է քանդեն, այլ քայլեր ձեռնարկեն պահպանելու համար: Այն մեր ճարտարապետական լավագույն գործերից մեկն է եւ այդ ժամանակաշրջանի սերնդի լավագույն նախագծերից: Շենքը կառուցված է բարձր պրոֆեսիոնալիզմով` իր ժամանակի մեջ շատ համարձակ: Հայաստանի համար դարձել է մեծ խորհրդանիշ, որը անկախ բոլոր հանգամանքերից պետք է պահպանել: Եթե շենքը թույլ է, անհրաժեշտ է ամրացնել: Ճիշտ է, որպես օդանավակայան այն չի կարող այժմ ծառայել, բայց մեր օրերում շենքերը վերակառուցում ու հարմարեցնում են, այլ ոչ թե հիմնահատակ քանդում: Կարծում եմ՝ «Զվարթնոցի» կլոր շենքի քանդելը զուտ կամայական որոշում է, եւ այն, հավանաբար, շենքի սեփականատիրոջ համար ո՛չ հոգեւոր, ո՛չ էլ մշակութային որեւէ արժեք չի ներկայացնում: Այն պահպանել է պետք, որի կարիքն ուներ նաեւ Երիտասարդական պալատը: Հայաստանում շատ տարածքներ կան տարբեր կառույցներ ստեղծելու համար, սա այն դեպքը չէ, որ անպայման պետք է «Զվարթնոցի» շենքը քանդեն, որ փոխարենն այլ շենք կառուցեն:
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ փաստեց.
- Որպես Հայաստանի քաղաքացի եւ երեւանցի, կարծում եմ, որ «Զվարթնոցի» կլոր շենքը չպետք է քանդեն, որովհտեւ կարող է արժանանալ Երիտասարդական պալատի ճակատագրին: Եթե հարցերը պետք է լուծվեն միայն հին կոթողները քանդելով, ուրեմն Պիզայի աշտարակն էլ ժամանակին պետք է քանդեին: Չգիտեմ, թե այսօր շենքը որքանով է օգտագործվում, բայց այն հետաքրքիր կառույց է, որի վրա հիանալիորեն աշխատել են անվանի ճարտարապետներ: Ամեն ինչ պետք է անեն, որ շենքը պահպանվի, եթե նույնիսկ այն չծառայի իր նպատակին: Մարդիկ մինչեւ այսօր պահպանել են Պիզայի աշտարակը, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում աշխարհում, ինչո՞ւ ենք ուզում այսպես ամեն ինչ քանդել:
«Զվարթնոց» օդանավակայանի մամլո խոսնակ ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հավելեց.
- Այս հարցին հստակ կարող են պատասխանել քաղաքապետարանը եւ կառավարության ներկայացուցիչները: Այս պահին չեմ կարծում, որ մեր մեկնաբանությունը տեղին կլինի: Երբ հարցի հետ կապված որեւէ հստակ որոշում լինի, այն ժամանակ էլ մենք հանդես կգանք հայտարարությամբ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ