Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

Անշուշտ, ինքնաքննադատությունը լավ բան է, սակայն այն, ինչ հնչել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ շուրթերից, զարմանալիորեն հիշեցնում է ոչ թե ինքնաքննադատություն, այլ ավելի շուտ մի տեսակ ինքնախարազանում. «Միշտ հարց են տվել ընդդիմությանը` ո՞վ է ձեր պաշտպանության նախարարի թեկնածուն, սակայն պատասխան չի եղել: Մեր առաջարկները  պետք է գրավիչ լինեն քաղաքացիների համար:

 

 

Կկարողանանք անել, բարի, չենք կարողանա, մեղքը մերն է: Մենք  երբեւէ չենք մեղադրի ՀՀ քաղաքացուն, օրինակ, 5000 դրամ վերցնելու համար: Նշանակում է` իմ ասածը չարժեր 6000 դրամ, որ քաղաքացին 5000 դրամ վերցրեց»: Դե ինչ, Սիմոնյանը լավ էլ բացահայտեց մեր ընդդիմադիր կուսակցություններից շատերի իրական գինը` 6000 դրամից պակաս, բայց հետաքրքիր է, ինչպե՞ս կվերաբերվի Նիկոլ Փաշինյանը քաղաքական մազոխիզմի այդ օրինակին: Հետաքրքիր է, 2017-ին կուսակցություններից քանի՞սը կարձանագրեն քաղաքական էժանության այդ ցուցանիշը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում, որ մեկնարկում է հունվարի 25-ին, կարող է քվեարկության դրվել միանգամից երկու հակահայկական նախագիծ: Դե ինչ, եթե ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ լավ բան լիներ, ապա այդ կառույցում ընդգրկվելու պահին մեր խորհրդարանի միջանցքներում ոչ պաշտոնապես չէր ծնվի «Դու հո Եվրախորհրդի անդամ չե՞ս» հայհոյանքը: Սակայն զարմանալին հետեւյալն է` այդ կոռումպացված, անհագորեն ադրբեջանական նավթաբույր սեւ խավիարով զխտկված կառույցի նիստերում մենք ի՞նչ անելիք չունենք: Ախր, սրանց համար Ադրբեջանն ավելի ժողովրդավարական երկիր է, քան` Հայաստանը, քանզի մշակութային բազմազանությունն այնտեղ հարգվում է` այլ ժողովուրդներին կոտորելով: Զարմանալի է, վերջապես ե՞րբ մեր իշխանությունը կորոշի հայտնի ռուսական հասցեով ուղարկել ԵԽԽՎ-ն, առավել եւս, որ մեր ռազմավարական դաշնակից ռուսներն այս անգամ էլ որոշել են չմասնակցել այդ խառնաժողովին ու ճիշտ էլ արել են:
Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ, ըստ ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ` ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերն ընդունվում են, քանի որ ՀՀ իշխանությունները ժողովրդավար չեն. «Եթե բանաձեւերն ընդունվեն, ոչ թե դիվանագիտության ձախողում կլինի, այլ խայտառակություն: Մենք պետք է փորձենք քայլեր կատարել, որքան էլ իրավիճակը անհույս թվա: Այս վիճակը ստեղծվել է ոչ միայն Ադրբեջանի նավթադոլարային դիվանագիտության պատճառով, իհարկե դա արվել է, բայց ԵԽԽՎ-ում կան լուրջ պատվիրակներ ու պատգամավորներ, որոնք նվիրված են մարդու իրավունքներին: Հայաստանի պատվիրակությունը` իշխանությունը, հեղինակություն չի ներկայացնում իրենից, որովհետեւ իրենք են ոտնահարում մարդու իրավունքները սեփական երկրում»: Ախր, ՀԱԿ խմբակցության ղեկավարի մոտ զարմանալիորեն լրիվ ՀԱԿմեջ տրամաբանություն է, ու ստացվում է, որ, օրինակ, եթե կալանքից ազատվի Գեւորգ Սաֆարյանի պես մեկը, ու այլեւս չոտնահարվեն նրա` ոստիկան քոթակելու իրավունքները, ԵԽԽՎ-ն վազեվազ կընդունի հայամետ բանաձեւեր:
Մենք առիթ ունեցել էինք անդրադառնալ խոզագրիպի հետ կապված հանրային տրամադրությունների: Զարմանալիորեն, անգամ մեր թղթակցին հաջողվել է տեսնել եւ ֆոտոխցիկով անմահացնել բժշկական դիմակով իր փեշակով զբաղվող մուրացկանի: Բայց զարմանալիորեն պարզվում է, որ մինչ մենք խոզագրիպային տագնապի մեջ ենք, Լատվիան լրիվ քաշվել է: Այդ երկրի նախագահ ՌԱՅՄՈՆԴ ՎԵՅՈՆԻՍԸ այժմ այդ հիվանդությամբ պառկած է հիվանդանոցում, սակայն շարունակում է աշխատել եւ իր հիվանդասենյակում: Հետաքրքիր է, ինչ անունով պատմության մեջ կմնան այդտեղ ստորագրված նախագահական հրամանագրերը` խոզագրիպային ակտե՞ր: Բայց միաժամանակ, կրկին անդրադառնալով մեր երկրին, չենք կարող չզարմանալ` ինչո՞ւ առողջապահական գերատեսչությանը այդպես էլ չի հաջողվում համոզել քաղաքացիներին չափազանցված, խուճապային քայլերի չգնալ: Վատ եք աշխատում, պարոնայք բժշկական չինովնիկներ, շատ վատ եք աշխատում:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ