Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

Աչքներս լույս, արդեն վաղուց չէինք տեսել եւ նույնիսկ հասցրել էինք կարոտել ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ: Ու, բնականաբար, մեծագույն հաճույք ստացանք նրա զարմանալի, բայց խորիմաստ քաղաքական մտքից: Բայց անշուշտ, Կարապետիչի հայտնությամբ պետք է աչքալուսանք տալ «Նոր Հայաստանին». «Ես հավատում եմ Ժիրայր Սէֆիլյանին, ինքը մաքուր անձնավորություն ա: Իսկ «Ժառանգությանը», մյուս իշխանական, թե ոչ իշխանական ուժերին չեմ հավատում»: Բայց միաժամանակ Կարապետիչը հայտարարեց մի զարմանալի բան, ըստ որի ստացվում է, որ անցյալ տարի Բաղրամյան պողոտա դուրս եկած հազարավոր երիտասարդներ զբաղված էին մանր-մունր բաներով. «Դե գիտեք ինչ, առանձին խնդիրների դեմ չպետք է պայքարել, մարդիկ պետք է պայքարեն անարդարությունների դեմ, անարդար է մեր իշխանությունը: Թե չէ` գազի սակագին, էլեկտրաէներգիայի սակագին... Պետք է կանգնել ասպետական ձեւով եւ պայքարել իշխանության դեմ»: Դե ինչ ասես սրան, կարծում եմ, որ ավելի ճշգրիտ գնահատական կտան օրեր շարունակ Բաղրամյան պողոտայում մնացած երիտասարդները` ճշգրտորեն բացատրելով այդ նախկին կայարանցուն, թե որն է էական ժողովրդի համար, որը` երկրորդական:

 

 

Իսկ պառկացույցերի մեծագույն սիրահար ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ հերթական պառկացույցն արեց: Սակայն այս անգամ նա պառկել էր ոչ թե որեւէ իշխանական շենքի մոտ, այլ ընդդիմադիր պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի տան մուտքի մոտ. «Ես ընտրել եմ ՀԱԿ-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իսկ Ստեփան Դեմիրճյանն էլ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Այդ պատճառով հենց նրա տան դիմաց եմ բողոքի ակցիա իրականացրել, քանի որ ՀԱԿ-ը մարդու իրավունքների բնագավառում պասիվ գործունեություն է ծավալում»: Ու քանի որ փչացած ժամացույցն էլ օրը երկու անգամ ճիշտ ժամանակ է ցույց տալիս, այս անգամ զարմանալիորեն ճշգրիտ էր այն պաստառը, որն իր ձեռքին պահում էր Գասպարին. «ԱԺ մանդատը պատվոգիր չէ, ոչ էլ սեփական բարեկեցության հայթայթման միջոց»:
Ինչպես հայտնի է, Մատենադարան տանող ճանապարհը` ի դեմս Ընդունելությունների տան պարսպի, զարդարվել է հայոց գրերի պատկերներով: Անշուշտ, ճիշտ գաղափար է, բայց այնպիսի մոդեռն ոճով են սարքած տառերը, որ պետք է տեսողությունդ ու երեւակայությունդ լարես` դրանք ճանաչելու համար: Ուստի չենք կարող չհամաձայնել բազում տառատեսակների հեղինակ ՌՈՒԲԵՆ ԹԱՐՈՒՄՅԱՆԻ կարծիքի հետ` այս զարմանալի երեւույթի վերաբերյալ. «Եթե սա նվիրված է հայկական տառերին` որպես կոթողային գործ, տրամաբանական կլիներ, որ լինեին մեր ավանդական տառաձեւերը, որոնք հազարամյակներ շարունակ կոչվել են երկաթագիր: Ի վերջո, բավական է բարձրանալ Մատենադարան եւ տեսնել, թե ավանդական հայկական տառաձեւերն ինչպիսին են: Իհարկե, կարելի է բերել հարյուրավոր ոճավորումներ, բայց տվյալ դեպքում մենք գործ ունենք կոթողային գործի հետ, ոչ թե տառատեսակների ալբոմից վերցրած նմուշի»: Ու եւս մի զարմանալի փաստ չվրիպեց մասնագետի աչքից, որը թերեւս արգասիքն է դեռեւս խորհրդային ժամանակներից եկող անփույթ եւ անգրագետ վերաբերմունքի` Մաշտոցի տառերի նկատմամբ. «Հայոց այբուբենի մեջ չկա Ու տառը... Այստեղ պատկերված է ՈՒ երկգրությունը, որը տառ չէ, եւ այդ գրության տակ գրված է` «հիւն», այսինքն հենց այն տառի անունն է գրված, որը պետք է լիներ, ընդ որում, այդ տառն էլ ոչ թե պետք է Հ-ով գրված լիներ, այլ հենց Ւ-ով: Նույնը տեսնում ենք Ո տառի դեպքում….Եվ սա Մատենադարանի կողքին է, քաղաքի կենտրոնում, Մաշտոցի գործի հիշատակին է նվիրված, ու պիտի տեսնեն բազմաթիվ հյուրեր, երիտասարդներ, դպրոցականներ, որոնք այցելության են գնում Մատենադարան: Սա պետք է անհապաղ շտկվի»:
Համացանցում լայնորեն տարածվել է ադրբեջանական մի լուսանկար, որում Ադրբեջանի պաշտպանության նախարար ԶԱՔԻՐ ՀԱՍԱՆՈՎՆ է` հեռադիտակով նայելիս: Լուսանկարը ստացված է 2015թ. պատրաստված ադրբեջանական մի տեսանյութից, որը գովազդում է Ադրբեջանի բանակը, նաեւ հատվածներ ցույց տալիս զորավարժությունից: Եվ ինչն է ուշագրավ` հեռադիտակի մի աչքն է միայն բաց եւ այդ քաջարի ասկյարը ամեն ինչ դիտում է մի աչքով: Պարզ է, որ երբ մազութային սուլթանատում պատրաստում էին այդ տեսանյութը, այդ սխալմունքը աչքներից վրիպել է: Սակայն զարմանալի ճշգրտությամբ դա արտացոլում է ադրբեջանական բանակն ամբողջովին` ինչպես միաչքանի է պաշտպանության նախարարն իր հեռադիտակով, այնպես էլ կիսատ-պռատ ու պակասավոր է ադրբեջանական բանակը, ու այդ հանգամանքը չես շտկի ո՛չ թվաքանակով, ո՛չ էլ մեր պետական բյուջեն գերազանցող ռազմական բյուջեով, առավել եւս, որ ադրբեջանական բանակի գանձագողությունները առասպելի պես են հնչում: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է Հասանովին խորհուրդ տալ, որ հաջորդ անգամ հեռադիտակի երկրորդ աչքն էլ փակ թողնի, միեւնույնն է, տեսածից բան չի հասկանալու:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ