Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԵԽԽՎ-Ն ԴԱՐՁԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՀԱՐԹԱԿ»


Ռուսաստանը կրկին իր խոսքի տերը եղավ, ու ՌԴ Պետդումայում եւ Դաշնային խորհրդում ռուս խորհրդարանականները միասնաբար որոշում կայացրին` չմասնակցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին` անվերադարձ կերպով շրխկացնելով այդ կառույցի դուռը: Սա ԵԽԽՎ նախկին նախագահ Աննե Բրասորին խոստացել էր ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն` նշելով, որ այդպես կվարվեն ռուս պատգամավորները, եթե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը շարունակի Ռուսաստանի հանդեպ երկակի ստանդարտների քաղաքականությունը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները լարվեցին այն ժամանակ, երբ 2014 թվականի գարնանը Ղրիմի ինքնորոշմամբ` այն վերամիավորվեց Ռուսաստանին, ինչը առ այսօր չի կարողանում մարսել վերոնշյալ եվրակառույցը: Այս, ինչպեն նաեւ ԵԽԽՎ-ի կեղտոտ սավանի ու ռուս-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն, անկախ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻԽԵԵՎԻ հետ:

 

«ԵԽԽՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ` ՄԵՆՔ ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ»


Պարոն Միխեեւ, ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը չմասնակցելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին` ի՞նչ կկորցնի կամ ճիշտ հակառակը` ի՞նչ ձեռք կբերի:

– ԵԽԽՎ-ն, ուղղակի, դատարկ զազրախոսության տեղ է: Անկեղծ ասած, նախորդ տարիներին էլ Ռուսաստանին այն ոչինչ չի տվել: Մենք վճարում էինք լուրջ գումարներ` ԵԽԽՎ-ում անդամակցության համար, բայց այնտեղ մեր օգտին ոչ մի որոշում այդպես էլ չընդունվեց: Այնպես որ, Ռուսաստանի Դաշնության համար չկա որեւէ իմաստ` մասնակցելու ԵԽԽՎ նիստերին` ծեծվող տղաների կարգավիճակում: Այն պարզապես վերածվեց Ռուսաստանին քննադատող հարթակի: Եվ եթե առավել անկեղծ լինեմ, ըստ իս, ԵԽԽՎ աշխատանքներին չմասնակցելով` մենք ոչինչ չենք կորցնում ու դրա համար էլ ՌԴ խորհրդարանականները որոշում կայացրին կամավոր չմասնակցել հերթական նստաշրջանին: Շեշտում եմ` ՌԴ-ն ինքնակամ է հրաժարվել ԵԽԽՎ նիստերից, ոչ ոք չի կարող ռուսական պատվիրակությանը դուրս հրավիրել այդ կազմակերպությունից:

Բազմիցս հրապարակվել է այն մասին, որ ներկայիս ԵԽ խորհրդարանական վեհաժողովը շեղվել է իր հիմնարար արժեքներից: Ասվածի վառ օրինակն էլ այն է, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում են հայտնվել երկու հակահայկական բանաձեւերի նախագծեր, որոնք ակնհայտորեն հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու ԵՄ գործադիր մարմնի քաղաքականությանը: Ի՞նչ կասեք այս մասին:

– ԵԽԽՎ-ն պետք է լիներ իրավահավասար քննարկումների հարթակ, բայց այն դարձավ քաղաքական հաշվեհարդարի տեղ, որտեղ արեւմտյան, եվրոպական երկրները սկսեցին գնահատականներ հնչեցնել մյուսների հասցեին: Այդպիսի քննարկումները ոչ մեկին պետք չեն: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-յան բանաձեւերին, չմոռանանք, որ նրանց ընդունած որոշումները երբեք չեն եղել պարտադիր կիրառման համար, դրանք զուտ խորհրդատվական բնույթ են կրում:

«ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԴԱԺԱՆ ԷՐ»

Ի դեպ, գաղտնիք չէ նաեւ, որ ԵԽԽՎ կոռումպացված եվրապատգամավորների շրջանում այս կամ այն հարցի վերաբերյալ վճռորոշ դեր է կատարում դոլարը: Այսքանից հետո արժե՞ ընդհանրապես վստահել ԵԽ խորհրդարանական վեհաժողովին:

– ԵԽԽՎ-ին վստահել, թե չվստահել, սա ամենքի անձնական գործն է, բայց այն այսօր դարձել է քաղաքական ճնշման գործիք: Մասնակցել այդ կազմակերպության աշխատանքներին ու վստահել, կներեք, ես չեմ հավատում եւ վերջ:

Շարունակելով Եվրոպայի վարած քաղաքականության թեման` եւս մեկ հարց. ըստ Ձեզ` ո՞ւր է գնում Եվրամիությունը, երբ անգամ Ավստրիան է լրջորեն մտադիր դուրս գալ այդ միությունից:

– Եվրամիությունը վերածվել է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի միգրանտների համար մի մեծ ճամբարի, ինչի արդյունքը մենք տեսնում ենք ահաբեկչությունների տեսքով: Իրենք կարծում էին, որ ամենալավն են աշխարհում, բայց նրանք ավերեցին մի շարք երկրների, ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Հյուսիսային Աֆրիկայում: Իսկ այսօր քաղում են դրա արդյունքները: Նրանց թվում էր` աշխարհն այլ ուղղով է ընթանալու, բայց ստացվեց, որ իրականությունը շատ ավելի դաժան էր: Եվ հիմա եվրոպական մեխանիզմները դեռես չեն կարողանում դրա դեմն առնել:


«ԱՅՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԻ ՈՒՆԵՆԱ»


Եվ վերջում հետաքրքիր է Ձեր քաղաքագիտական տեսակետը` Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ:

– Բայց ի՞նչ է փոխվել Ղարաբաղյան հակամարտության գործընթացում: Այս հակամարտությունը ոչ մի լուծում չի ունենա եւ ինչպես կա, այդպես էլ կմնա, որովհետեւ դրա շուրջ չեմ տեսնում ոչ մի հնարավորություն, որ այդ հարցը կլուծվի: Պետք է լինի փոխզիջում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց ես դեռ այդ փոխզիջման հնարավոր տարբերակը չեմ տեսնում:

Իսկ ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլն ինչպե՞ս կգնահատեք:

– Վատ եմ գնահատում եւ, ընդհանրապես, այս հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Ընդ որում` սա նոր երեւույթ չէ, այլ վերջին 30 տարիների ընթացքում այդպես է եղել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ