Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՕԶԲԻԼԻՍԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕԳՏԻՆ

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տրանսֆերային հարցերը նույնքան խճճվեցին, որքան որ Յուրա Մովսիսյանինը: Ու արդեն վաղուց պարզ էր, որ մոսկովյան թիմը ամենեւին էլ բարեխիղճ քաղաքականություն չի վարում այն ֆուտբոլիստների տրանսֆերային հարցերի հետ կապված, որոնք թիմը պետք է լքեն` ակումբի պահանջները չբավարարողների պիտակով: Ինչեւէ՝ Յուրա Մովսիսյանի տրանսֆերը վերջապես կայացավ. նա կմեկնի ԱՄՆ: Իսկ ահա Արաս Օզբիլիսը, որը կարիերան շարունակելու բավական տարբերակներ ուներ, ընտրեց ճանապարհը դեպի Թուրքիա, ինչի հավանականության մասին ժամանակին խոսելու առիթ ունեցել ենք: Ինչեւէ՝ թուրքական «Բեշիկթաշն» արդեն իսկ հրապարակել է հայ ֆուտբոլիստի լուսանկարն իր թվիթերյան էջում եւ հաստատել, որ բանակցությունների համար Օզբիլիսը ժամանել է Ստամբուլ: Ամբողջ 2015 թվականի ընթացքում թուրքական ակումբը ուշադրության կենտրոնում էր պահում Օզբիլիսին, օգտվելով այն իրավիճակից, որում հայտնվել էր հայ ֆուտբոլիստը մոսկովյան թիմում: Չմոռանանք նաեւ, որ Օզբիլիսը, խոսելով Թուրքիա հնարավոր տեղափոխության մասին, մշտապես նշել է, որ չի ցանկանում հանդես գալ այդ երկրի առաջնությունում: Բայց ինչպես երեւում է, անգամ այդ տաբերակը հայ ֆուտբոլիստի համար ավելի նախընտրելի էր, քան մոսկովյան թիմում մնալը:

 

 

 

Ինչեւէ, այն որ հայ ֆուտբոլիստի համար Թուրքիայում հեշտ չի լինելու, ենթադրելի է. թուրք երկրպագուները չեն մոռանում Օզբիլիսի հայ լինելու մասին, եւ համացանցն արդեն իսկ ողողված է նրան ուղղված ռասիստական արտահայտություններով: Հայ երկրպագուները նույնպես բացասական են ընդունել Օզբիլիսի որոշումը. ցանկացած տարբերակ, միայն ոչ Թուրքիա: Չնայած այդ բացասական ֆոնին, թուրքական մամուլի համաձայն, Օզբիլիսը բավականին երկարատեւ՝ 4,5 տարվա պայմանագիր է կնքելու «Բեշիկթաշի» հետ, իսկ նրա տրանսֆերը կազմելու է 3 միլիոն եվրո: Սակայն միաժամանակ կան նաեւ տեղեկություններ, որոնց համաձայն` «Բեշիկթաշը» մտադիր է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը Օզբիլիսին վարձավճարով տրամադրել Մադրիդի «Ռայո Վալյեկանոյին»:
Թե ի վերջո, ինչպես «Բեշիկթաշը» կօգտագործի Օզբիլիսի հնարավորությունները, ցույց կտա ընթացքը: Իսկ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Սելինա Դողանը հասցրել է իր ուրախությունն ու ողջույնի խոսքը հղել Ստամբուլ ժամանած Օզբիլիսին. «Բարի գալուստ, Արաս Օզբիլիս: Ուրախ եմ քո՝ «Բեշիկթաշ» տեղափոխության առթիվ: Հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը թուրքական ակումբ, ըստ իս, կարեւոր նշանակություն ունի երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու հարցում: Ցավալի է տեսնել, թե ինչպես են սոցիալական ցանցերում Օզբիլիսի նկատմամբ ռասիստական արտահայտություններ հնչեցնում նրա՝ հայ լինելու պատճառով: Մի՛ մոռացեք, որ Արասը ծնվել է Ստամբուլում եւ մեծացել է այստեղ: Թող ոչ ոք չմոռանա նաեւ, որ ֆուտբոլն այս երկրում առաջին անգամ ներմուծվել է ոչ մահմեդականների կողմից: Սիրելի Արաս, քեզ հաջողություն եմ մաղթում «Բեշիկթաշում»: Բարով ես եկել քո տուն»:
Բայց այն, որ ինչպես Օզբիլիսի Թուրքիա գնալը, այնպես էլ՝ տիկին Սելինայի այդ բարեկամական հարաբերությունների ամրապնդում» արտահայտությունն  Հայաստանում առնավազն տարօրինակ է թվում, արդեն իսկ խոսվում է: Եվ ավելին, ՀՖՖ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը նույնիսկ նկատեց, որ Օզբիլիսը կարող էր եւ այլ տարբերակ գտնել, եւ նրա այս որոշումը կարող է եւ ֆուտբոլիստի առաջ փակել ՀՀ հավաքականի դռները:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ