Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Այն, որ Իրանը պատժամիջոցների չեղյալ համարելուց հետո պետք է սկսեր կտրուկ ակտիվանալ հարավկովկասյան տարածաշրջանում, սպասելի էր: Ո՞ր ուղղությամբ՝ Հայաստանի՞, թե Ադրբեջանի: Թեեւ նման հարցադրում եւս հրապարակային քննարկումների օրակարգում եղել է եւ պահպանվում է, սակայն այդ համատեքստում մեկ նրբերանգ չի կարելի հաշվի չառնել:ԻՐԱՆԸ ՉԻ ԿՐԿՆԻ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԽԱԼԸ
Խոսքը հետեւյալի մասին է. Իրանը, ի տարբերություն Թուրքիայի, աչքի է ընկել բոլոր հնարավորություններն օգտագործելու իր քաղաքականությամբ: Այսինքն՝ Հայաստանին կամ Ադրբեջանին ընտրելու հարցում եւս այդ մոտեցումը հազիվ թե փոխվի. երկուսի հետ էլ Իրանն, անշուշտ, իր հարաբերությունները կփորձի կառուցել սեփական շահն առավելագույնս պաշտպանելու տարբերակով: Բայց հենց դա է, որ ձեռնտու է նաեւ Հայաստանին:

 

 

Թուրքիան` ժամանակին ունենալով հարավկովկասյան տարածաշրջանում քաղաքական լիդերի վերածվելու հավակնություններ, ինչպես ժամանակը ցույց տվեց՝ կոպիտ սխալվեց` շեշտը դնելով բացառապես Ադրբեջանի հետ կապերի վրա. դա այսօր Անկարային սպառնում է առհասարակ դուրս մղել տարածաշրջանից: Սխալը՝ սխալ, սակայն այդ քաղաքականությունն անցած 25 տարիներին ծանր նստեց նաեւ Հայաստանի վրա: Ու, թերեւս, հարավկովկասյան տարածաշրջանում ակտիվանալով, Իրանը հենց թուրքական այդ սխալից է, որ կփորձի խուսափել՝ աշխատելով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ շահերի համահարթեցման եւ ոչ թե տարածաշրջանային հակամարտությունները դեռ մի բան էլ միակողմանի սրելու ուղղությամբ:
Այլ հարց, թե ի՞նչ կարգի շահեր այս պահին ունի Թեհրանը` Երեւանի եւ Բաքվի ուղղությամբ: Ադրբեջանի հետ կապված թեեւ պատժամիջոցների վերացումից հետո տնտեսական ուղղվածության որոշակի հայտարարություններ եղել են, սակայն քաղաքական հարթակում իրավիճակը դեռ միայն լարվում է՝ կապված շիա իսլամականների եւ իրանական ծագման կրոնական փոքրամասնությունների ճնշումների հետ: Թե այս հիմքով ուր կգնան Իրան-Ադրբեջան հարաբերությունները, ժամանակը ցույց կտա, հաշվի առնելով նաեւ, որ այստեղ դեռ Թուրքիան իր ասելիքն ունի:
ՈՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ
Իսկ ահա Իրան-Հայաստան հարաբերությունների առնչությամբ` այս նոր իրավիճակում երկու կողմերից միայն հուսադրող հայտարարություններ են եղել: Օրինակ՝ հիշեցնենք Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի` օրերս արված հայտարարությունը. «Պատժամիջոցների չեղարկումը եւ բանկային հարցերի կարգավորումը երկու երկրի բանկային համագործակցությունների համար նոր հնարավորություն են ստեղծում, եւ հետշրջափակումային փուլում հնարավոր է բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը»:եթե սրան ավելացնում ենք այն պայմանավորվածությունները, որ ձեռք բերվեց Ջահանգիրիի` անցած տարի Հայաստան կատարած այցի ընթացքում, ապա այս վերջին հայտարարությունն ավելի նման է այդ հին ծրագրերի վերահաստատմանը: Առավել եւս, որ դրանից հետո տեղի ունեցավ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որի ընթացքում եւս, ըստ պաշտոնական տեղեկությունների. «Իրանի նախագահն ընդգծել է Հայաստանի հետ բարիդրացիական, սերտ գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման եւ խորացման ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու իր երկրի պատրաստակամության  մասին... Համաձայնեցվել են առաջիկա հանդիպումների ծրագրերը»:
Սրանք, անշուշտ, ապագայի հետ կապված հուսադրող երանգներ են, բայց գործնական տեսանկյունից դրանք ի՞նչ տեսք կստանան, մի շարք գործոններից է մնում կախված: Տեսականորեն՝ հայ-իրանական տնտեսական հարաբերություններն այսպես թե այնպես, որոշակիորեն կզարգանան, եւ իր տնտեսական պոտենցիալը հետ ստացող Իրանի կարգի պետության հետ երկկողմ զարգացող հարաբերություններն արդեն իսկ Հայաստանի համար օգուտ են՝ անկախ նրանից, թե այդ հարաբերությունները մինչեւ ուր կհասնեն: Այլ հարց է միջազգային հարաբերությունների թեման...
Իհարկե՝ հարավկովկասյան տարածաշրջանից զատ՝ Իրանն ակնհայտորեն, առհասարակ է փորձում նույն բազմավեկտոր քաղաքականությունը կառուցել: Այսինքն՝ կան հստակ եւ զարգացող կապեր Ռուսաստանի հետ: Բայց միաժամանակ այս օրերին Թեհրանում էր Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպին, եւ Ռոուհանիի հետ հանդիպումից հետո հայտարարվեց երկկողմ առեւտրաշրջանառությունը` տարեկան 60 միլիարդ դոլարի հասցնելու ծրագրերի մասին: Անմիջապես էլ Ռոուհանին մեկնում է Եվրոպա, եւ այստեղ էլ թեման հիմնականում տնտեսական կապերի խորացման մասին է: Ընդ որում՝ Սի Ցզինպիի այցի օրակարգում, անշուշտ, դրված էր Իրանի հետ նավթագազային համագործակցության հարցը: Բայց նաեւ ընդգծված դիրքերում էր իրանական նավահանգիստների եւ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման, ազատ առեւտրի գոտիների ձեւավորման հարցը: Այսինքն դժվար չէ կռահել, որ խոսքը չինական «Մետաքսի ճանապարհի» իրանական ուղղության զարգացման մասին է, եւ Եվրոպայում էլ Ռոուհանին ամենայն հավանականության` այդ առեւտրային ուղիների զարգացման թեման է քննարկելու: Ընդ որում՝ նոր բան չէ, որ «Մետաքսի ճանապարհը» Իրանից Եվրոպա հասցնելու հարցում կան ուղիների սահմանափակության խնդիր, եւ այս տեսանկյունից եւս հարավկովկասյան տարածաշրջանի դերն առավել քան կարեւորվում է՝ այդ ամենից բխող քաղաքական խնդիրների մի ամբողջ փնջով, այդ թվում՝ Ղարաբաղով հանդերձ:
Հենց այս թեման է, որ արդեն իսկ Հայաստանի համար դառնում է օրակարգային, եւ Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը պետք է մոտենալ նաեւ «Մետաքսի ճանապարհի» տեսանկյունից:
Եվ մյուս կողմից. երեկ ադրբեջանական աղբյուրներն էլ իրենց կողմից էին հպարտորեն խոսում «Մետաքսի ճանապարհին» ներգրավվելու թեմայից: Այսպես՝ 10 վագոնանոց գնացքը ուկրաինական Իլյիչեվսկից ծովով՝ լաստանավով հասել է Բաթում, այնտեղից՝ Բաքու եւ պետք է նորից ջրային ճանապարհով՝ Կասպից ծովով հասնի Ղազախստան եւ Չինաստան: Եվ երբ Բաքվում այդպես ոգեւորվել են նման բարդ եւ թանկարժեք տրանսպորտային սխեմայով, դա հուշում է, որ մի կողմից՝ շատ ավելի պարզ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման հանդեպ էլ հավատ չկա, մյուս կողմից՝ քիչ են սպասելիքները, որ Իրանի միջոցով դուրս կգան Չինաստան: Եվ ամենահետաքրքիրը. Ուկրաինան էլ է ոգեւորվել, թե գտել է Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային սխեմա: Լուրջ է այդ ուղին, թե ոչ՝ մեկ է, այն ռուսների կողմից հաստատ սվիններով կընդունվի: Եվ դրանում Բաքվի ներգրավվածությունը նույնպես ռուսական որոշ աղբյուրներ սկսել են համարել հակառուսական: Այսինքն՝ սա եւս լավ առիթ է ռուսներին Իրան-Հայաստան գծի հարցով շահագրգռելու համար:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ