Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՌԵԱ՞Լ Է ՀՈՍԱՆՔԻ ԵՎ ԳԱԶԻ ԷԺԱՆԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Վերջերս նախ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ապա՝ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պաշտոնապես խոսեցին Հայաստանին` Ռուսաստանի կողմից մատակարարվող բնական գազի սակագների հնարավոր նվազեցման մասին: Ինչքանո՞վ է դա ռեալ եւ նվազեցման դեպքում ներհայաստանյան էներգետիկ շուկայում ի՞նչ էֆեկտ կարող ենք ունենալ:ԶԱԽԱՐՅԱՆԱԿԱՆ

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այն, որ միանգամից երկու նախարարներ պաշտոնապես խոսեցին գազի գների մասին, դա, անշուշտ, առնվազն գների նվազեցման հավանականության մասին ակնարկող գործոն է: Անգամ այս պարագայում, երբ Ե.Զախարյանը փորձեց զերծ մնալ ավելորդ լավատեսությունից. «Դժվար է ասել, թե ինչ սպասենք: Կտեսնենք: Աշխատում ենք»: Մյուս կողմից էլ՝ պարոն Զախարյանի այդ «աշխատում ենք» արտահայտությունն այնքան էլ հուսադրող տեսք չունի: Նկատի ունենք, որ դեռ հասկանալ է պետք, թե այդ ի՞նչ է նախարարն անում այդ ուղղությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը ռուս գործընկերներին է դիմել այդ գնի վերանայման հարցով: Դրանից միայն այն տպավորությունն է առաջանում, որ ի դեմս կառավարության՝ Էներգետիկայի նախարարությունը, ասենք, պաշտոնական նամակով դիմել է ՌԴ էներգետիկայի նախարարությանը, միգուցե նաեւ՝ միաժամանակ «Գազպրոմին», թե՝ խնդրում ենք գազի գինը վերանայել: Ինչպե՞ս է հիմնավորված այդ առաջարկը: Ենթադրաբար, քանի որ այդ մասին խոսում է նաեւ էկոնոմիկայի նախարարը, հայկական կողմը հիմնականում շեշտը պետք է, որ դրած լինի այն բանի վրա, թե՝ ներկայիս գազի գներով հայաստանյան տնտեսության մրցունակությունը թույլ է:

 

 

Մյուս կողմից՝ ռուսական կողմին նման հիմնավորումը որքանո՞վ կբավարարի: «Գազպրոմը», իհարկե, ՌԴ իշխանությունների համար նաեւ քաղաքական գործիք է, բայց նաեւ չմոռանանք, որ այն քաղաքականից զատ նաեւ տնտեսական կառույց է՝ իր շահերով առաջնորդվող: Իսկ դա նշանակում է, որ եթե Հայաստանը գնի նվազեցման թեման մտցնի «չոր» տնտեսական հարթություն, ապա պետք է առաջին հերթին լրջորեն, անհերքելիորեն հիմնավորի, որ, այո, աշխարհի գների համեմատ նկատելիորեն ցածր մեր ներկայիս 1000 խմ գազի դիմաց 165 դոլար գինը, իրոք, մեծ հարված է հայաստանյան տնտեսական մրցունակությանը: Բայց, դուզը խոսենք, իրոք այդպե՞ս է. կարելի է ցանկացած տնտեսական ոլորտի օրինակով հիմնավորել, որ մեր սահմանին գազի ասենք՝ 10-15 տոկոսանոց էժանացումն այդ տնտեսական ճյուղում մեր ներքին արտադրանքի ինքնարժեքի վրա լավագույն դեպքում միայն 1-2 տոկոսի նվազման էֆեկտ կարող է ունենալ: Մեզ համար, անշուշտ, դա էլ է ցանկալի: Բայց ահա «Գազպրոմը», որ նույնիսկ պարտավոր է մեր Էներգետիկայի նախարարության պաշտոնական դիմումին արձագանքել ոչ թե քաղաքական հարթությունից, այլ բացառապես իր տնտեսական շահերի տեսանկյունից մոտենալով, կարող է շատ հանգիստ արձագանքել՝ հանուն այդ ինքնարժեքային 1-2 տոկոսի՞ եք այս ծանր վիճակում գազի էժանացում պահանջում, արդյոք դա լո՞ւրջ խոսակցություն է: Եվ վերջ, բանակցությունները միանգամից կմտնեն փակուղի: Այսինքն՝ գազի էժանացման խնդրանքը «չոր» քաղաքական դաշտ տանելը, մեղմ ասած, հազիվ թե հայկական կողմի լավագույն ռազմավարությունը լինի: Թեպետ այս դեպքում էլ լուծում կա. մեր պատկան կառույցները, կոպիտ ասած, այս օրերին պարտավոր էին ՌԴ էներգետիկայի նախարարության եւ «Գազպրոմի» դռները «կոտրեին», բան չստացվելու դեպքում՝ պատուհաններից ու ծխնելույզներից ներս մտնեին: Այս փուլում՝ ՀՀ էներգետիկայի եւ էկոնոմիկայի նախարարները, որ կարծես թե միայն նստել ու սպասում են ռուսների արձագանքին, պետք է շաբաթներով Մոսկվայում գտնվեին՝ ռուսական էներգետիկ համակարգի բոլոր բարձր շեմերը մաշելով, այս ամենի մեջ ներքաշելով Եվրասիական կառույցներին այն աստիճան, որ ռուսական էներգետիկ վերնախավում ստեղծվեր այն հոգեբանական տպավորությունը, թե մեկ է, պոկ չենք գալու: Դա էլ, անշուշտ, սակագնի նվազեցման չէր բերի, սակայն հարցը պետական վերին ատյանների կողմից քաղաքական հարթությունում լուծելու համար լուրջ հիմք կնախապատրաստեր:
ՎՐԱՑԱԿԱՆ ՏՐԱՆԶԻՏԻ ՍԽԵՄԱՆ
Առավել եւս, որ ռուսական կողմից սակագինը նվազեցնելու հոգեբանական պատրաստակամություն նկատվում է: Խոսքը Վրաստանի տարածքով Հայաստան գազի տարանցման սակագնի նվազեցման թեմայի մասին է, որը վերջին ժամանակներս բավականին ընդգծված կերպով օրակարգ մտավ: Դեռ 1990-ականներից սկսած` տարանցման համար «Գազպրոմը» վրացիներին, ինչպես հայտնի է, վճարում է գազով՝ հայաստանյան մատակարարման 10 տոկոսի չափով: Նույնիսկ Հայաստանին մատակարարվող գազի ներկայիս էժան սակագնի պարագայում՝ 1000 խմ-ի հաշվով Վրաստանը տարանցումից ստանում է 16,5 դոլար: Իսկ իրականում՝ «Գազպրոմը» վրացիներին տված այդ գազը հանգիստ կարող էր վաճառել մոտ 200-210 դոլարով, այսինքն՝ Վրաստանը փաստացի տարանցման համար ստանում է 20-21 դոլար այն դեպքում, երբ նույն 1000 խմ-ն 100 կմ տարանցելու համաշխարհային ամենաճոխ գները 2-3 դոլարից ավել չեն կազմում, այսինքն` էլի շքեղ հաշվարկներով, Հայաստան եկող գազը համաշխարհային ռեալ գներով հաշվարկելով՝ Վրաստանը պետք է ստանար մոտ 10 դոլար: Այսպիսով՝ մեր ավանդականից միջազգային գնացուցակների անցնելով՝ «Գազպրոմը» կխնայի առնվազն 6-7, իսկ ավելի ռեալ՝ մոտ 10 դոլար, եւ միանգամից այդ չափով հայաստանյան գազամատակարարումն էժանացնելն առավել քան խելքին մոտ կդառնար: Եվ նկատենք, որ ինչպես հուշում է Վրաստանի հետ բանակցությունների անցած շաբաթ տեղի ունեցած փուլը՝ «Գազպրոմը» հենց այդ ուղղությամբ էլ մինչեւ վերջ «սեղմում» է: Համենայնդեպս՝ դա է հուշում նաեւ այն նրբերանգը, որ նախորդ բանակցային փուլերի օրինակով Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կ. Կալաձեի հետ հանդիպեց ոչ թե «Գազպրոմի» նախագահ Ա. Միլլերը, այլ նրա ենթակաները. դա նման է «Գազպրոմի» կողմից ակնարկի՝ մենք մերն ասել ենք, մնում է, որ դուք կողմնորոշվեք: Այսինքն՝ չհամաձայնվելու դեպքում «Գազպրոմը» ամենայն հավանականությամբ կգործադրի իր սպառնալիքը՝ Հայաստանի գազամատակարարումը կիրականացնի Իրանից:
Վրացական էներգետիկայի նախարարությունում, թերեւս, կար այն մտավախությունը, որ Իրան-Հայաստան գազատարը պարզապես այդ հնարավորությունը չի տալիս: Սակայն կան տվյալներ, որ հենց դա է բացատրվել Կալաձեին՝ Իրան-Հայաստանը ոչ միայն տեխնիկական, այլ՝ քաղաքական եւ մնացած բոլոր առումներով կարող է բավարարել հայաստանյան պահանջարկը, եւ, որ «Գազպրոմը» պատրաստ է դրան գնալ: Վիճակը կհասնի՞ այդ ծայրահեղությանը. դա արդեն կախված է վրացիներից: «Գազպրոմի» պայմանին համաձայնվելով՝ Վրաստանը մի քանի տասնյակ միլիոն դոլարի ֆինանսական կորուստ կունենա, որը, իհարկե, ներքին հարթությունում դժվար է «մարսել»: Բայց չհամաձայնվելու դեպքում, եթե «Գազպրոմը» դադարեցնի վրացական տրանզիտը, կորուստները կկրկնապատկվեն: Էլ չասած, որ այդ դեպքում միանգամից կզրոյանա Հայաստանի միջոցով Իրանից գազ ստանալու ծրագիրը, իսկ «Գազպրոմից» հավելյալ ծավալներ ձեռք բերելու գործընթացը միանգամից կմտնի ծայրահեղ բարդ փուլ այն դեպքում, երբ առանց այդ էլ Վրաստանում դեֆիցիտը մոտենում է ներքին սպառման մոտ 10 տոկոսի շեմին, եւ դա ներկայումս առանց «Գազպրոմի» լուծելը` գործնականում անհնար է:
Այսպիսով՝ ավելի հավանական է թվում, որ մի փոքր ժամանակահատված՝ մի քանի շաբաթով վրացական տրանզիտը միգուցեեւ դադարեցվի: Դա Վրաստանի ներսում կսրի տրանզիտի պայմանների փոփոխության հետ հաշտվելու գաղափարը՝ որ ավելի լավ է տրանզիտային եկամուտների մի մասից հրաժարվել, քան ամբողջից: Չնայած՝ տրանզիտային նոր պայմաններն ընդունելով՝ վրացիները կարող են նաեւ «Գազպրոմից» ներկայիս տրանզիտային ծավալների մոտ կրկնակի չափով արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորություն ստանալ, որը նախ կմեղմի այդ եկամուտային կորուստը, երկրորդը՝ ներքին դեֆիցիտը կփակի: Եվ ամենաէականը. դա Վրաստանի համար ադրբեջանական գազային մահակի տակից դուրս գալու միջոց է, որին, ի դեպ. Թբիլիսիում բավականին լուրջ են մոտենում:
Իսկ ահա Հայաստանի համար տրանզիտային այդ սխեման` գազը 10, թերեւս նաեւ մոտ 15 դոլարով էժանացնելու հեռանկար է: Ու, թերեւս, այս անգամ դա գրեթե ամբողջությամբ կարտացոլվի նաեւ ներքին շուկայում: Եվ, եթե հաշվի առնենք նաեւ էլեկտրաէներգետիկ համակարգում նոր սեփականատիրոջ օրոք արդեն իսկ նկատվող կորուստների կրճատումն ու ֆինանսական վիճակի կարգավորումը, գազի էժանացումն էլ կարող է նաեւ էլեկտրաէներգիայի սակագների նվազման լրացուցիչ հնարավորություն տալ: Համենայնդեպս՝ առավել քան ծանրակշիռ հույսեր կան, եւ հուսանք, որ պատկան պետական այրերը կկարողանան այս շանսը ճիշտ օգտագործել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ