Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի ընդմիջումից հետո էլ շարունակում է ապացուցել, որ, անկասկած, իր լավագույն շրջանն է ապրում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Համենայնդեպս՝ այս մրցաշրջանի մեկնարկից սկսած` Մխիթարյանը, ով անցած տարի երբեմն քննադատների թիրախում էր հայտնվում, գերմանական ակումբի համար, իրոք, դարձավ առանցքային խաղացող: Փաստ է նաեւ, որ Մխիթարյանը ոչ միայն «Բորուսիայի» կազմում, այլ, առհասարակ, Բունդեսլիգայում է իր ցուցանիշներով առաջնային դիրքերում: Այսպես՝ «Whoscored.com»-ի վարկածով՝ Հենրիխը 17 խաղի արդյունքներով ստացել է 8.05 գնահատական եւ ճանաչվել է ամենաբարձր միջին գնահատականն ունեցող ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնությունում: Ամենահետաքրքիրն այն է, որ Մխիթարյանն այս ցուցանիշով առաջ է անցել Մյունխենի «Բավարիայի» երեք ֆանտաստիկ ֆուտբոլիստներից՝ Դուգլաս Կոստայից, Ռոբերտ Լեւանդովսկուց եւ Թոմաս Մյուլերից:

 

 

 

Արձակուրդային փուլում Մխիթարյանի հնարավոր տրանսֆերային խոսակցություններից զատ՝ շրջանառվում էր այն հարցը, թե արդյոք հայ ֆուտբոլիստը կկարողանա՞ մրցաշրջանի վերսկսվելուց հետո պահել նույն տեմպն ու շարունակել թարմացնել իր արդյունավետության ցուցանիշները: Բունդեսլիգան վերսկսվեց, իսկ Մխիթարյանը շարունակեց ամրապնդել դիրքերը: Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հանդիպեց Մյունխենգլադբախի «Բորուսիային» եւ հաղթեց 3:1 հաշվով: Մխիթարյանն այս հանդիպմանը դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ եւ «Whoscored.com»-ի վարկածով ստանալով 9.55 գնահատականը՝ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Ինչպես նաեւ «Whoscored.com-ի» եւ «Kicker»-ի վարկածով՝ ընդգրկվեց Բունդեսլիգայի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Ընդ որում՝ գոլային փոխանցումներ կատարելու վարպետությունը Մխիթարյանին դարձրել է Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստը. այս մասին հայտնում է Բունդեսլիգայի թվիթերյան պաշտոնական էջը: Կարիերայում իր լավագույն շրջանի «մեղավորը» ըստ Մխիթարյանի՝ Թոմաս Տուխելն է. «Շատ ուրախ եմ, որ նրա հետ աշխատելու հնարավորություն ունեմ: Որովհետեւ իսկապես, մեր առաջին զրույցի ժամանակ նա ինձ ասաց. «Միկի, ես կարող եմ քեզ բարձրակարգ խաղացողի մակարդակի հասցնել»: Եվ այո, մի կողմից կասկածներ ունեի դրա հետ կապված, որովհետեւ ես իսկապես վստահ չէի, որ վատ մրցաշրջանից հետո նա կարող էր ինձ բարձրակարգ խաղացող դարձնել: Բայց նա արեց դա, ու ես երախտապարտ եմ նրան»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է Deutsche Welle-ը: Հենրիխ Մխիթարյանը նաեւ հույս է հայտնել մրցաշրջանն ավարտել մրցաշարային աղյուսակի վերնամասում. «Ուզում եմ մեզ ամենաբարձր տեղերում տեսնել, որովհետեւ, իսկապես, այսպիսի ֆուտբոլով մենք արժանի ենք ամենաքիչը երկրորդ հորիզոնականին: Ամենաքիչը: Մենք պայքարելու ենք եկող տարի Չեմպիոնների լիգայում տեղ գտնելու համար, հետո վերադառնանք Բեռլին DFB-Pokal-ի համար, Եվրոպա լիգայում էլ հնարավորինս առաջ գնանք»:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ