Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հանրություն
Չորեքշաբթի, 27 Հունվար 2016 15:16

 

«2015Թ.-ԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԱՐՏԱԳԱՂԹԻ ՏԵՄՊԵՐԻ ՄԻ ՓՈՔՐ ԱՃ»

«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ, ում հետ փորձեցինք զրուցել  2015 թվականի միգրացիոն տեղաշարժի, ՌԴ մուտքի արգելանքի վերացմանն ուղղված աշխատանքների եւ ներկայիս իրավիճակի վերաբերյալ:-Հասցրե՞լ եք ամփոփել տարին, ինչպիսին է իրավիճակը միգրացիոն տեղաշարժի առումով:
- Պետք է ասեմ, որ  համեմատած նախորդ տարվա, 2015 թվականին արձանագրվել է արտագաղթի տեմպերի մի փոքր աճ, բայց թե ինչով է պայմանավորված` դեռ վերջնական ասել չենք կարող: Պետք է սպասենք մինչեւ ամսվա վերջ, երբ ԱՎԾ-ն էլ կհրապարակի իր տվյալները: Սա ընդամենը` սահմանահատումների թվի վրա հիմնված նման եզրահանգում է, եւ այս պահին խոսել արտագաղթի տեմպերի ավելացման պատճառների մասին, այդքան էլ ճիշտ չէ:  Ինչպես գիտեք՝ ՌԴ-ի կիրառած մուտքի արգելանքներից հետո, 2014թ.-ին բավական թվով մարդիկ չէին կարողանում լքել երկիրը: Այսինքն՝ այս գործոնն ինչ-որ տեղ պետք է դանդաղեցներ արտահոսքի տեմպը, բայց, փաստորեն դա էլ չի խանգարել: Եթե արտահոսքը պակասեր, կարող էինք ասել, որ դա է պատճառը, բայց հիմա դժվարանում եմ ասել:

 

 

- Անդրադառնանք նաեւ ՌԴ մուտքի արգելանքներին: Դեռ շարունակվո՞ւմ է «դեպորտները» չեղյալ համարելու դիմումների հոսքը:
- Այո, ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի շարունակում ենք ՌԴ մուտքի արգելանքի վերացման համար դիմումներ ստանալ: Այս տարի արդեն հասցրել ենք ստանալ բավական թվով դիմումներ, արդեն մի քանի փաթեթ ուղարկել ենք ՌԴ՝ մուտքի արգելանքը վերացնելու առաջարկով: Այսպես ասեմ՝ ՌԴ մուտքի արգելանքը վերացնելու խնդիրը դեռ առկա է. քաղաքացիները շարունակում են պարբերաբար բախվել այդ խնդրին:
- Այս տարի արդեն քանի՞ դիմում եք հասցրել ստանալ:
- Այս տարի արդեն հասցրել ենք ստանալ 137 դիմում, որից 106-ը արդեն ուղարկել ենք վերանայման:
- Կա՞ն դիմումներ, որ առհասարակ դրական լուծում չեն ստանում:
- Այո, իհարկե: Եթե քաղաքացին ունենում է արտաքսման հետ կապված դատական որոշում, դա արդեն հաստատ մերժված դիմում է: Եվ շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն ասում, որ կա դատարանի որոշումը, բայց եթե ազնվորեն ասում են, մենք գործերն անիմաստ տեղը ՌԴ չենք ուղարկում` փոխարենը խորհուրդ տալով, որ տվյալ քաղաքացու լիազորված անձը ՌԴ-ում դիմի դատարան՝ որոշումը բեկանելու խնդրանքով:
- Իսկ ունե՞ք վիճակագրություն, թե որ մարզերից են առավել շատ դիմումներ ստացվում:
- Անկեղծ ասած՝ հստակ վիճակագրություն այդ առումով չունենք. բոլոր մարզերից էլ պարբերաբար դիմումներ ստանում ենք: Այս տարվա սկզբին էլ արդեն հասցրել ենք դիմումներ ստանալ Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզերից: Ավելի շատ դիմումներ, ամեն դեպքում, ստանում ենք երեւի հենց Շիրակի մարզից:
- Դիմումների արձագանքը շո՞ւտ է ստացվում:
- Մեկ-երկու ամսվանից ոչ ուշ:
- Իսկ ե՞րբ խնդիրը քիչ թե շատ կլուծվի:
- Դժվարանում եմ ասել: Քաղաքացիներին միակ հորդորս է, որ օտար երկրում հայտնվելով՝ նախ ծանոթանան իրենց իրավունքներին եւ պարտականություններին, չխախտեն ՌԴ միգրացիոն օրենսդրությունը, որպեսզի հետագայում նման խնդիրների առաջ չկանգնեն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ