Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հանրություն
Չորեքշաբթի, 27 Հունվար 2016 15:20

 

«ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ԱՅՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՈՄԱԼ ՀԱՄԱՐԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ»

Եղանակային առումով այս ձմեռն առավել քան տարօրինակ տեսք ունի: Ողջ դեկտեմբերին զարմանում էինք տաք եղանակներից: Ապա մեկ օրում այնքան ձյուն եկավ, որ չգիտես երբվանից չէինք տեսել: Դրան էլի հաջորդեց տաք եղանակը, ապա՝ այս վերջին ձյունն ու ցրտերը, եւ դրան, կարծես, նորից հաջորդելու է հերթական կտրուկ փոփոխությունը՝ տաքության ուղղությամբ:
Այս ի՞նչ է կատարվում, այս ամենը պե՞տք է կապել կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ՝ հաշվի առնելով, որ իր այս փոփոխական եղանակով Հայաստանն ամենեւին էլ աչքի չի ընկնում: Որո՞նք են այս փոփոխությունների պատճառները, ի՞նչ եղանակ կարող ենք ակնկալել առաջիկա փետրվար ամսին: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության Օդերեւութաբանության կենտրոնի պետ ԶԱՐՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ:-Կխնդրեինք մեկնաբանել, թե ինչով են պայմանավորված այս զարմանահրաշ եղանակային կտրուկ փոփոխությունները:

 

 

- Անկեղծ ասած՝ եղանակային այս փոփոխությունները, ինչպես շատերն են ասում, անոմալ համարել չենք կարող, չնայած, որ իրոք՝ ոչ հաճախ դիտվող երեւույթ է: Հայաստանի կլիման շատ փոփոխական է, եւ տարբեր տարիների կարող են գրանցվել տարբեր եղանակային պայմաններ: Այսինքն՝ կարող ենք ունենալ ինչպես չափից դուրս տաք հունվարներ, այնպես էլ հակառակը` չափից ցուրտ հունվարներ: Ցուրտ հունվարների ամենավերջին օրինակներից` 2007-2008թթ. հունվարները: Ցրտի առումով կարելի է առանձնացնել նաեւ 2013թ. դեկտեմբերը, երբ ողջ ամսվա ընթացքում շատ ցածր եղանակային ջերմաստիճան էր գրանցվում: Իսկ նվազագույն ջերմաստիճանը 2008թ.-ին հասել է անգամ մինչեւ մինուս 20-29 աստիճանի: Իսկ ահա այս տարի, բարեբախտաբար, նմանատիպ ցածր ջերմաստիճան չի գրանցվել. առայժմ մինուս 20 աստիճանից ցածր հովտային շրջաններում, մասնավորապես՝ Երեւանում չի դիտվել, իսկ լեռնային շրջաններում գրանցվել է մինչեւ 29 աստիճան ցուրտ: Այս տարվա, այսպես ասած, առանձնահատկությունը կայանում է նրանում, որ տաք եւ սառը օդային հոսանքների փոխտեղումը շատ կտրուկ է տեղի ունենում: Այսինքն՝ ուժեղ ցրտին արդեն երկրորդ անգամ հաջորդում է տաք օդային հոսանքը: Այժմ էլ դարձյալ սպասում ենք սաստիկ ցրտեր, որին կհաջորդի տաք օդային հոսանքը: Այս տարվա առանձնահատկությունը դա է:
- Հետաքրքիր է՝ մեր եղանակային առանձնահատկությունները համահո՞ւնչ են աշխարհում տեղի ունեցող կլիմայական փոփոխություններին: Նկատի ունենք, որ այս տարի, եթե ոչ անոմալ, այլ գոնե արտառոց եղանակի մասին շատ երկրներում է խոսվում:
- Այո, համահունչ են. ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, տեղի է ունենում այդ փոփոխությունը: Մեր կլիմայագետները հաշվարկել են միջին տարեկան ջերմաստիճանի 1,03 աստիճանով բարձրացում մինչ այսօր, եւ ակնկալվում է եւս մինչեւ 2 աստիճանի բարձրացում առաջիկա երեսուն տարիների ընթացքում: Այս իմաստով, բնականաբար, համահունչ ենք համաշխարհային միտումներին: Բայց եկեք չմոռանանք, որ յուրաքանչյուր վայր ունի իր ինքնատիպ, ուրույն, առանձնահատուկ կլիման, իսկ Հայաստանի կլիման պայմանավորված է մթնոլորտի ընդհանուր շրջանառությամբ, ջերմաշրջանառությամբ, ջրաշրջանառությամբ, աշխարհագրական դիրքով, եւ միայն այս իմաստով է կարող մեր կլիման համահունչ չլինել ողջ աշխարհի կլիմայական փոփոխությունների հետ:
ՓԵՏՐՎԱՐԸ ԿԼԻՆԻ
ՍՈՎՈՐԱԿԱՆԻՑ ՏԱՔ
-Տիկին Պետրոսյան, կարող եք ասել՝ մոտավորապես ի՞նչ եղանակ կարող ենք ակնկալել փետրվար ամսից: Իհարկե՝ հաշվի առնելով, որ երկարաժամկետ կտրվածքով կոնկրետ կանխատեսումներ չեն արվում:
- Շատ լավ հարց տվեցիք, չնայած ես չէի ուզում շտապել եւ խոսել առաջիկա ամսվա եղանակային կանխատեսումներից: Բայց քանի որ Դուք տվեցիք հարց, որի պատասխանը ամեն մեկը փորձում է իր, այսպես ասած, կանխատեսումներով տալ, ես Ձեզ կպատասխանեմ, թե իրականում ինչ եղանակ է սպասվում փետրվարին: Ըստ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների՝ ողջ փետրվար ամսվա մեջ միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է դարձյալ նորմայից ավել: Ասեմ, որ ինչպես ցանկացած ամսվա ընթացքում, այնպես էլ փետրվար ամսին տարբեր գոտիներում ջերմաստիճանը տարբեր կլինի: Սակայն փետրվարին` կանխատեսելով նորմայից բարձր միջին ամսական ջերմաստիճան, դա չի նշանակում, որ առանձին ցուրտ օրեր չենք ունենա կամ առանձին տաք օրեր չենք ունենա. խոսքը միայն միջին ցուցանիշի մասին է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ