Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Արտաքին Քաղաքականություն
Ուրբաթ, 29 Հունվար 2016 16:03

ԲԱՔՈՒՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՆ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ

Մեր վերջին համարում առիթ էինք ունեցել ենթադրություն ներկայացնել, որ Թուրքիան սիրիական մեծ խաղի առնչությամբ գտնվում է աշխարհաքաղաքական ծանր պարտության շեմին: Եվ ահա` նախօրեին Անկարան ստացավ հերթական ծանր հարվածը:

ԻՍՐԱՅԵԼԻ ԱՉՔԻՆ ԷԼ Է ԷՐԴՈՂԱՆՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ

 

 

Այսպես՝ Իսրայելը՝ պաշտպանության  նախարար Մոշե Յալոնի միջոցով, այն էլ՝ Թուրքիայի հետ, մեղմ ասած, ոչ լավագույն հարաբերությունների մեջ գտնվեց` Հունաստան կատարած այցի ընթացքում Անկարային մեղադրեց «Իսլամական պետություն» ¥ԻՊ¤ ահաբեկչական խմբավորմանը  միջնորդավորված ֆինանսավորելու մեջ: Այն է՝ Թուրքիան նավթի «լեւի» բիզնես ունի ԻՊ-ի հետ, ինչից ստացած եկամուտներն այդ իսլամիստ ծայրահեղական խմբավորման ֆինանսավորման կարեւորագույն աղբյուրներից է: Դա նոր բան չէ, այդ մասին Ռուսաստանը դեռ ամիսներ առաջ էր պաշտոնապես խոսում՝ «լեւի» նավթը կապելով անձամբ նախագահ Էրդողանի անվան հետ: Եվ հիմա, երբ այդ մեղադրանքներին միացավ նաեւ Իսրայելը, դա բավականին հեռուն տանող հետեւությունների տեղիք է տալիս: Նկատի ունենք, որ Ռուսաստանի հետ ներկայիս կոշտ հակամարտության մեջ մտնելով՝ Թուրքիան սկսել է ակտիվորեն իր համար այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ փնտրել եւ հիմնականում կանգ էր առել Իսրայելի վրա: Այս ընթացքում Անկարայից մի գլուխ հայտարարություններ էին լսվում, որ պատրաստ է մոռանալ հրեաների հետ հայտնի հակամարտությունը, վերականգնել երբեմնի «եղբայրական» կապերը նաեւ այն տրամաբանությամբ, որ Իսրայելը, որ նոր-նոր է սկսում մտնել գազի գլոբալ շուկա, անպայման կցանկանա օգտվել թուրքական ուղղությունից, որն ապագայում նաեւ Եվրոպա գազ հասցնելու հեռանկար է խոստանում: Եվ ահա Մոշե Յալոնն իր այդ հայտարարությամբ հերթական անգամ ցույց տվեց, որ Իսրայելում տնտեսությունն է գնում քաղաքականության հետեւից: Ավելի կոնկրետ, որ հրեաները իրենց երկարաժամկետ տնտեսաքաղաքական շահերը շատ լավ են պատկերացնում այն առումով, որ Թուրքիան եթե կարողանա դիմակայել այս բարդ վիճակին եւ սիրիական գլոբալ խաղն ավարտել իր օգտին, ապա լուրջ հզորություն ձեռք կբերի՝ փաստացի հավակնելով սունի իսլամի առաջնորդի դերին: Ավելին՝ Սիրիայում իր դիրքերն ամրապնդելու դեպքում՝ իր այդ ծանր դերով հանդերձ Թուրքիան կհայտնվի Իսրայելի հարեւանությամբ: Իսկ Անկարան ներկայիս եւ հզորանալու դեպքում՝ հաստատ բազմապատկվելու ունակ հավակնություններով հաստատ միանգամայն վտանգավոր հարեւան կլինի Իսրայելին:
Այս, թե այլ հաշվարկներ էին դրած, քիչ բան է փոխում. ԻՊ-ի հետ կապերի մեջ լինելու իսրայելյան մեղադրանքն ամեն դեպքում՝ լուրջ հարված էր Թուրքիային այնքանով, որ դրան չէր կարող չանդրադառնալ նաեւ ԱՄՆ-ը, եւ ահա Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոների արձագանքն էլ ավելի բարդ վիճակում է դնում Անկարային: «Մենք համաձայն չենք այդ գնահատականի հետ: Մենք այդ մեղադրանքի օգտին ապացույցներ չունենք»,- ասում է Թոները: Եվ այն, անշուշտ, «վերեւից» Էրդողանին ցուցաբերված ծանրակշիռ աջակցություն է, բայց ահա «տակից»... Ի՞նչ մեծ բան է ապացույց ունենալը. այս պահին Վաշինգտոնն ապացույց չունի, բայց մեկ ժամից Կենտրոնական հետախուզական վարչությունը կարող է չէ՞, օրինակ, նման հայտարարություն անել՝ «Մենք երկար ուսումնասիրեցինք եւ նման ապացույցներ գտանք: Իսրայելի մեր գործընկերները եւս ապացույցներ են տրամադրել»: Եվ այդ դեպքում, հաստատ, միանգամից ապացույցներ կգտնեն նախ՝ բրիտանական եւ դրանից հետո՝ նաեւ աշխարհի մնացած բոլոր հատուկ ծառայությունները, որից հետո Էրդողանին կմնա միայն կախվել. հակառակ դեպքում պարզապես նրա գլխին կջարդվի ԻՊ-ի թիվ 1 ֆինանսավորողի ողջ պատասխանատվությունը, եւ այդ դեպքում, եթե անգամ Սադամի ճակատագիրը չլինի, Էրդողանն ընտանյոք հանդերձ է տասնամյակներով հայտնվելու մի մեկուսի գաղութում: Չնայած՝ չէ, նա շատ բան գիտի, նմաններին գլխից խփում են, գաղութում կհայտնվեն նավթային այդ բիզնեսի մեջ մեղադրվող նրա հարազատները:
Կարճ ասած՝ Պետքարտուղարությունն այդ հայտարարությամբ հերթական անգամ այնպիսի ծանր Դամոկլյան սուր է կախում Էրդողանի գլխին, որ նրան արդեն վերջնականապես է դնում վաշինգտոնյան բոլոր պահանջների` հլու-հնազանդ կատարողի դերում: Եվ նման պահանջ կարող է լինել, օրինակ, պետք եղած պահին Սիրիա ցամաքային զորքեր մտցնելը:
ԻՍԿ Ո՞Վ Է ԵԽԽՎ-Ի ՏԵՐԸ
Մյուս կողմից էլ՝ ԵԽԽՎ-ի վերջին հակահայկական բանաձեւն է որոշակի մտորումների տեղիք տալիս: Ճիշտ է՝ դա համարվում է ադրբեջանական լոբբինգի հետեւանք, սակայն այն, որ անգամ ադրբեջանական ողջ խավիարն ու նավթը եվրոպական կառույցներում որեւէ դեր չեն խաղա, եթե այդ կառույցները չստանան ամերիկյան ազդակներ, հազիվ թե մեկը կասկածի: Առավել եւս այնպիսի աղմկոտ հարցերով, որի հետ կապված անգամ Մինսկի խումբն էր հարկ համարել հատուկ հայտարարությամբ հանդես գալ:
Ընդ որում՝ ԵԽԽՎ-ի այս պատմությանը Մինսկի խմբի խառնվելն արդեն իսկ հետաքրքիր ենթադրությունների տեղիք է տալիս: Իհարկե, պաշտոնական առումով պետք է խառնվեին եւ հենց այն ձեւով, ինչպես որ արվեց, թե ԵԽԽՎ-ում կամ այլ կառույցներում նման քննարկումները կբարդացնեն ղարաբաղյան բանակցային գործընթացը: Բայց մյուս կողմից էլ, եթե դա այդքան մտահոգել էր մասնավորապես՝ ամերիկյան համանախագահ Ուորլիքին, ապա պետք է, որ նույնքան էլ մտահոգված լիներ նրա ներկայացրած Պետքարտուղարությունը: Իսկ այդ կառույցը, եթե այդպես մտահոգված էր, բավական է մեկ հրահանգ իջեցներ, որ ամեն մի քննարկում օրակարգից դուրս գար:
Եվ ահա այս երկակի մոտեցումը նաեւ նման ենթադրության տեղիք է տալիս. Վաշինգտոնը մի կողմից Ուորլիքի միջոցով սրում է բանակցային թեման, մյուս կողմից էլ՝ իրավական առումով իրենից բան չներկայացնող ԵԽԽՎ-ի այդ բանաձեւը ոչ այլ ինչ է, քան ղարաբաղյան թեմայով Հայաստանին ուղղված քաղաքական ճնշում: Իհարկե՝ միամտություն կլիներ ենթադրել, թե այս կարգի ճնշումներով Վաշինգտոնում կամ ասենք՝ Բրյուսելում մտածում են, թե կպարտադրեն Հայաստանին՝ Ղարաբաղում էական զիջումների գնալ այն կարգի, որ Ադրբեջանն էլ համաձայնվի եւ իրավիճակը գնա ամերիկյան սխեմայով` հաշտության պայմանագրի ուղղությամբ: Բայց ահա Հայաստանի կողմից փոքր զիջումների հույսեր կարող են ունենալ, թեեւ իրականում դա էլ ռեալ չէ: Իսկ այդ դեպքում, հաշվի առնելով նաեւ Էրդողանի ներկայիս վիճակը, հնարավոր կդառնար կրկին օրակարգ բերել հայ-թուրքական հաշտեցման այն հին թեմաները: Եվ նման ծրագրի տապալման դեպքում՝ դեռ ամենեւին էլ պետք չէ օրակարգից հանել Ադրբեջանի պատերազմ սկսելու հարցը նաեւ այն իմաստով, որ ներկայումս բավականին բարդ ներքին իրավիճակում գտնվող Ալիեւի համար, ինչպես ժամանակին ենթադրելու առւիթ ունեցել ենք, պատերազմը կարող է եղած խնդիրները լուծելու վերջին տարբերակը դառնալ. համենայնդեպս՝ նրան այս պահին շատ ավելի հեշտ է նման ավանտյուրայի մղել: Առավել եւս, որ նավթի հաշվին ղարաբաղյան խնդիրն Ադրբեջանի օգտին լուծելու` դեռ Հեյդար Ալիեւից եկող ծրագրերը գործնականում մեռած են, իսկ նման այլ գլոբալ ծրագիր Բաքուն պարզապես չունի:
Եվ չմոռանանք նաեւ, որ դեպի Իրան տանող կովկասյան ուղու վերահսկողության հարցը Իսլամական հանրապետության նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո, Արեւմուտքի համար առանձնահատուկ կարեւորություն է ձեռք բերում: Եվ ոչ միայն զուտ Իրան-ՌԴ կապը խզելու առումով. այդ կերպ լրջորեն կթուլանան նաեւ սիրիական ուղղությամբ ռուսական պոտենցիալը, առավել եւս, եթե թուրքերը Սիրիա մտնելու հրահանգ ստանան:
Այս ամենի հետ մեկտեղ՝ վերջին ժամանակներս շրջանառվում են խոսակցություններ, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն ռազմական մատակարարումներ իրականացնել հայաստանյան ուղղությամբ: Ասենք՝ ռուսական մասնագիտական աղբյուրները եւս խոսում են 102-րդ ռազմաբազայի շարունակվող համալրման, վերազինման եւ արդիականացման մասին: Բայց ահա սրան զուգահեռ՝ կան խոսակցություններ նաեւ դեպի Ղարաբաղ ռազմական հոսքերի ակտիվացման մասին: Եվ, վերջապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այս վերջին տեւական հայաստանյան այցն ու հայկական բանակի կազմավորման 24-ամյակին նվիրված միջոցառումներին` ցուցադրական մասնակցությունն իր հերթին է բավականին կարեւոր մեսիջ:Մյուս կողմից՝ ղարաբաղյան հարցով հերթական անգամ միջնորդությամբ հանդես եկավ Իրանը՝ զուգահեռաբար նաեւ վերահաստատելով, որ ունի կարեւոր դեր սիրիական պատերազմում: Արդյունքում՝ այս ամենը, անշուշտ, սկսում է նմանվել ամենածայրահեղ զարգացումներին պատրաստ լինելու ուղղությամբ քայլերի: Եվ հենց այդ պատրաստ լինելն է, որ կարող են մի բան էլ իրենց համար վտանգավոր դարձնել ինչպես՝ Թուրքիայի, այնպես էլ՝ Ադրբեջանի կողմից հավանական ագրեսիան՝ ԱՄՆ-ին զրկելով այդ երկրների միջոցով ռազմաքաղաքական մանյովրների հնարավորությունից:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ