Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Զարմանք
Ուրբաթ, 29 Հունվար 2016 16:19

 


«Առաջին անգամ միջազգային պրակտիկայում ընդունվել է ձեւակերպում, որ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի այլ տարածքները»,- ի՞նչ եք կարծում, ԵԽԽՎ նստաշրջանի առնչությամբ ո՞վ է այդ «հանճարագույն» մտքի հեղինակը: Անշուշտ, ընթերցողը կռահեց, որ դա ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ է:

 

 

Լավ, մի՞թե այդ գործիչը, ով հավակնում է ԼՏՊ-ից ժառանգել ՀԱԿ առաջնորդի դիրքը, չգիտի, որ ժամանակին այդպիսի ձեւակերպումներով ՄԱԿ-ն է 4 բանաձեւեր ընդունել, այդպիսի ձեւակերպումներ եղել են իսլամական համագործակցության կոնգրեսում եւ այլն: Բնականաբար, մերոնք այդ ամեն ինչը անտեսել են, այսինքն` գնահատել են զուգարանաթղթից ոչ թանկ, եւ ճիշտ էլ արել են: Չէ, զարմանալի է, ինչ ուզում ես ասա, բայց, երեւի թե, նույնիսկ օր ծերության` Լյովիկը Լեւոն չի դառնա: Ու, երեւի թե, ՀԱԿ խմբակցության ղեկավարի այդ շարունակական անճարակությունն է դրդել ՀԱԿ-ին տարածել հաղորդագրություն, համաձայն որի, բժիշկները Լեւոն Ակոպիչին դեռեւս 20 տարի առողջ ապրելու «երաշխիք» են տվել:
Իսկ նույն ԵԽԽՎ-ի վերաբերյալ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ հայտարարել է. «ԵԽԽՎ-ն կազմված լինելով ազգային խորհրդարանների պատգամավորներից, ավելի շատ է տրվում այս կամ այն ազդեցություններին: Մեծ խնդրում հաղթեց Հայաստանը, որ չանցավ Ուոլթերի զեկույցը, համեմատաբար ավելի սեգմենտար, ոչ թե գլոբալ խնդրում` Սարսանգի ջրամբարի հետ կապված, հաղթեց պրոադրբեջանական քվեարկությունը»: Զարմանալի է, որ պարոն Աշոտյանը Վոլթերի զեկույցը տապալելու մեջ հաղթանակ է տեսնում, մինչդեռ հաղթանակ կլիներ, եթե այդպիսի բանաձեւեր ընդհանրապես չմտնեն ԵԽԽՎ, կամ էլ մենք ԵԽԽՎ-ին գրողի ծոցն ուղարկած լինենք ու այլեւս չհետաքրքրվենք, թե ինչ է քննարկվում այդ խառնաժողովում: Զարմանալի է, որ Արցախյան պատերազմում միանգամայն ռեալ, շոշափելի հաղթանակ տանելուց հետո մեզանում դեռեւս կան «բարոյական հաղթանակով» ուրախացողներ: Վերջապես ե՞րբ ենք հաղթահարելու այդ իներցիան եւ անգիր սերտելու, որ հարվածող ձեռքը պետք է կտրել գլխի հետ մեկտեղ:
Եվ քանի որ հիշատակեցինք ռազմական հաղթանակը, հարկ է հիշատակել եւ հաճելիորեն զարմանալի նորությունը, որը մեզ մատուցեց Մոնթե Մելքոնյանի ԿԻԲԵՐԲԱՆԱԿԸ` Բանակի օրվա կապակցությամբ կոտրելով մի շարք ադրբեջանական կառավարական կայքեր, եւ այդ կոտրելը բացի կայքերը շարքից հանելուց, իր հետ բերեց նաեւ տեղեկատվական ավար: Հրապարակվել են գաղտնի փաստաթղթեր քաղաքացիական ծառայության հանձնաժողովի կայքից (csc.gov.az), 81 հազար ադրբեջանցիների մեյլեր, գաղտնաբառեր, անուն-ազգանուններ եւ IP հասցեներ: Բոլոր տվյալները տեղադրված են բաց ցանցում, որը կարելի է ներբեռնել: Դե ինչ, մեր լրագրողներն ու հետազոտողները ազատորեն կարող են զննել այդ գաղտնի փաստաթղթերը, մեջը հաստատ հետաքրքիր եւ զարմանալի բաներ կգտնվեն:
Human Rights Watch-ի զեկույցի համաձայն` «Հայաստանում իրավունքների վիճակը մնացել է անհարթ», իսկ ըստ Freedom House-ի` «Հայաստանը շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր»: Ի լրումն դրա, սույն միջազգային կազմակերպություններն իրենց զեկույցներում` վկայակոչելով դիտորդների պնդումները, հայտարարեցին հանրաքվեի ընթացքում ահավոր ընտրախախտումների մասին: Սակայն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ փաստեց, որ կեղծիք կատարողը հենց այդ միջազգային կազմակերպություններն են. «Ուզում եմ հարց տալ. այդ ո՞ր դիտորդների մասին է խոսվում իրավապաշտպանների զեկույցում: Հայաստանում տարբեր միջազգային կազմակեպություններ իրականացրին իրենց դիտորդական առաքելությունը ու հրապարակեցին զեկույցներ, որոնցից եւ ոչ մեկում, որքան հիշողությունս ինձ չի դավաճանում, նման բացասական գնահատականներ չեղան: Հակառակը, նրանք բարձր գնահատեցին Հայաստանում տեղի ունեցած սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացումը»: Դե ինչ, ստացվում է, որ այդ կազմակերպությունները հենց ստանում են առաջադրանք` որեւէ երկրի վրա քաղաքական ճնշում գործադրելու, միանգամից կարող են փաստերն ու փաստաթղթերը ետին թվով վերաձեւակերպել:  Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ