Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Մշակույթ
Ուրբաթ, 29 Հունվար 2016 22:09

10 ՏԱՐԻ ԱՆՑ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԿՌԻՎ ԳՑԵՑ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

 

1987 թվականին Դավիթ Զալյանը հիմնադրել է Երեւանի պետական մանկական երաժշտական թատրոնը եւ նշանակվել նրա գեղարվեստական ղեկավար: Համաձայն ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության հրամանի /տրվ. 21.07.97 թիվ 255/` Պետական մանկական երաժշտական թատրոնը վերանվանվել է Երաժշտական կամերային պետական թատրոնի եւ դարձել է նրա իրավահաջորդը: 1997-2006 թթ. թատրոնը ղեկավարել է ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը, ով այդ ընթացքում մոտ 8 տնօրեն է փոխել: 2006 թվականին ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից ելնելով` միայն տնօրեններից մեկին` Լեւոն Աբրահամյանին հաջողվեց Մելիքսեթյանին ազատել աշխատանքից: Դրանից հետո Մելիքսեթյանը թատրոնում ավելի թեժացրեց իրավիճակը: Արդյունքում` ՀՀ մշակույթի նախարարի հրամանով` տնօրենը նույնպես ազատվեց աշատանքից: Լ. Աբրահամյանը բացատրում էր, որ Մելիքսեթյանի «կլյաուզաների» ու բամբասանքների հիման վրա են իրեն ազատել աշխատանքից: Ինչեւէ, կրքերն այդ թատրոնում հանդարտվեցին, երբ ղեկավար նշանակվեց բեմադրիչ, դերասան ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով մինչեւ այժմ համարվում է թատրոնի երկարամյա ղեկավար: Իսկ արդեն 2014 թվականի սեպտեմբերի 27-ից ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ազատվելով իր պաշտոնից` նշանակվեց թատրոնի նոր տնօրեն: Իսկ նույն թվականի հոկտեմբերի 1-ից թատրոնի նոր ռեժիսոր նշանակվեց կրկին Արմեն Մելիքսեթյանը:

 


ՈՐՏԵՂ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՅՆՏԵՂ` ԱՆԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ

 

Թեեւ գրեթե մեկ տարի առաջ Մելիքսեթյանի գլխավոր ռեժիսոր նշանակումից հետո, «Իրավունքի» հետ զրույցում թատրոնի նորանշանակ տնօրեն Վ. Գրիգորյանը բացառեց կոնֆլիկտներն ու վստահեցրեց, որ Մելիքսեթյանի նշանակումով թատրոնում նոր ինտրիգներ չեն սպասվում, բայց, ինչպես ասում են, նորանշանակ տնօրենի ուրախությունն ու ենթադրությունները կարճ տեւեցին, քանի որ նա մոռացել էր` որտեղ Մելիքսեթյան, այնտեղ` անառողջ մթնոլորտ: Ահա ինչպես ասում են` «ձենները» դուրս եկավ, եւ գրեթե մեկ շաբաթ է Կամերային երաժշտական թատրոնում կրկին կռիվ է ընկել: Կռվի հիմնական կազմակերպիչն ու հրահրողը այս անգամ էլ է թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը: Նա բաց նամակով դիմել է ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանին, որտեղ մոտավորապես ասվում է. «Երաժշտական Կամերային թատրոնը կանգնած է փակուղու առաջ` թատրոնի ստեղծագործական կազմը սպառել է իր արդյունավետությունը: Հետեւաբար, հաշվի առնելով թատրոնի ներկայիս իրավիճակը, խնդրում եմ շտապ ժամանակավորապես դադարեցնել թատրոնի գործունեությունը եւ ՀՀ մշակույթի նախարարության կողմից կատարել կառուցվածքային փոփոխություններ, Ձեր կողմից հաստատված նոր գեղարվեստական խորհրդի, պարի եւ վոկալի մասնագետների օգնությամբ անցկացնել մրցույթ` գեղարվեստական ողջ անձնակազմի համար»,- նշված է բաց նամակում, որի տակ ստորագրել են Ա. Մելիքսեթյանն ու վոկալի մասնագետ, պրոֆեսոր Ռոմելա Գրիգորյանը:


ՍԵԼԸ ՃՌՌԱԼՈՒ ՏԵՂԸ ՍԵԼՎՈՐՆ Է ՃՌՌՈՒՄ


Ի դեպ, թատրոնի աշխատակիցներից ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Մելիքսեթյանի բաց նամակին իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ մեկնաբանությունն է գրել.

«Սելը ճռռալու տեղը, սելվորն է ճռռում», - ժողովրդական այս ասացվածքը շատ տեղին է, երբ կարդում ես բաց նամակը: Առնվազն տարակուսանք է հարուցում Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր հորջորջվող Արմեն Մելիքսեթյանի բաց նամակի բովանդակությունը` ուղղված ՀՀ մշակույթի նախարարին, երբ իր բարձրացրած հարցերի լուծումը կամ գոնե պատասխանները հնարավոր էր ստանալ իր իսկ կողմից առաջարկված եւ ստորագրված թատրոնի գեղարվեստական խորհրդի հունվարի 29-ին նախատեսված նիստում: Առավել եւս, ցավալի զավեշտ է (ամենայն անկեղծությամբ), որ այդ նամակի տակ ստորագրել է բազմավաստակ մի տատիկ, ով վաղուց պետք է տեղը զիջեր երիտասարդ կադրերին ու գնար վաստակած հանգստի (բա դա քեզ պե՞տք էր, տիկին Ռոմելա, ափսոս, հազար ափսոս): ԽՈՐՀՈՒՐԴ ԲՈԼՈՐԻՆ` ԶԳՈՒՇԱՑԵՔ ՆՈՐ ՎԻՐՈՒՍԻՑ (անունն արդեն իմացաք)-վարակակիրը բուժման ենթակա չէ»:

Չնայած թատրոնի ադմինիստրացիայից մեզ տեղեկացրին, որ ոչ տնօրենը եւ ոչ էլ դերասանական անձնակազմը մինչեւ այսօրվա կայանալիք նիստը չեն խոսի, բայց նրանցից ոմանք վիրտուալ տիրույթում լավ էլ արտահայտում են իրենց վրդովմունքը Մելիքսեթյանի հասցեին: Օրինակ, նույն թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ Մելիքսեթյանի բաց նամակին այսպես է արձագանքել. «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ... առանց մեկնաբանության...»: Հավելենք նաեւ, որ 8 տարի անց Ա. Մելիքսեթյանի թատրոն վերադառնալուց հետո որոշ դերասաններ դուրս են եկել թատրոնից` վերջինիս ամբիցիաները չհանդուրժելու համար:


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ


Ընթերցողները գուցե հիշեն, որ ուղիղ տասը տարի առաջ էլ Մելիքսեթյանը կրկին չէր հաշտվում դերասանական անձնակազմի ու տնօրենների հետ: 1997-2006 թվականը գրեթե 8 տնօրեն փոխվելուց հետո էլ Մելիքսեթյանը լեզու չէր գտնում ոչ միայն անձնակազմի, այլ նաեւ տնօրենների հետ: 2005-ին նշանակված տնօրեն Լեւոն Աբրահամյանին համարում էր, որ երիտասարդ է, չգիտի, թե ինչ բան է թատրոնը, եւ չի կարող աշխատել նրա հետ: Ինչպես ասում են` պատմությունը կրկնվելու սովորություն ունի, եւ ահա տասը տարի անց, այս մշակութային օջախը կրկին կանգնած է նույն խնդրի առաջ: Բայց այս անգամ Մելիքսեթյանի կռիվը, կարծես թե, ոչ թե տնօրենի դեմ է, այլ` դերասանական անձնակազմի: Այսօր արդեն թատրոնի անձնակազմը հստակ որոշում է կայացրել` չեն աշխատելու Ա. Մելիքսեթյանի հետ եւ վերջնագիր են ներկայացրել թատրոնի տնօրեն Վ. Գրիգորյանին` Մելիքսեթյանին պաշտոնից ազատելու համար: Խնդրանք-պահանջում մասնավորապես ասվում է. «Թատրոնում մեկ տարուց ավել նրա աշխատավարման ընթացքում դերասանական խմբի մեծամասնությունը ենթարկվել է անգործության, քանի որ նա այդ ողջ ընթացքում բացարձակապես որեւէ ստեղծագործական շփում այդպես էլ չունեցավ դերասանական անձնակազմի մեծամասնության հետ, շատերիս անգամ չի ճանաչում անունով: Բացարձակ չի զբաղվել խաղացանկային ներկայացումներով, խոչընդոտում է թատրոնի ստեղծագործական աշխատանքներին, խաթարում թատրոնի բարոյահոգեբանական մթնոլորտը, համարելով իրեն բացարձակ մասնագետ` չի կարողանում դերասաններին առաջադրել դերասանական խնդիրներ, չունի ռեժիսորական կազմակերպչական ունակություններ: Շուրջ մեկ ու կես տարի չծանոթանալով թատրոնի դերասանական խմբի կարողություններին` բոլորին համարում է ապաշնորհ եւ անհիմն պահանջում է հեռացնել նրանց աշխատանքից: Իր կողմից կազմակերպված «Գիքորը. Վեստսադյան պատմություններ» ներկայացման փորձերի ժամանակ Մելիքսեթյանը նախապատվությունը տալիս է ոչ թե դերասանական խմբին, այլ իր ղեկավարած կուրսի ուսանողներին»: Նամակի հեղինակները Մելիքսեթյանի հետ աշխատանքը անհամատեղելի համարելով` թատրոնի տնօրենից ու մշակույթի նախարարից պահանջում են հեռացնել աշխատանքից թատրոնի գլխավոր ռեժիսորին ու շեշտում. «Անձնակազմի որոշումը վերջնական է եւ չիրականացնելու դեպքում հարկ ենք համարում տեղեկացնել, որ անժամկետ կդադարեն թատրոնի աշխատանքները»:


«ԳԻՔՈՐԸ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԳԻՔՈՐԻ ԲԱԽՏԻՆ


Հավելենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին թատրոնի թատերաշրջանի բացման կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսում Մելիքսեթյանն ասել էր, որ վերանորոգումներին զուգահեռ չեն դադարել աշխատել բեմադրությունների վրա: Արդեն պատրաստ է բալետային մեկ ներկայացում, եւ աշխատանքներ են տարվում մեկ մյուզիքլի` «Գիքորը» մանկական օպերայի վրա: Նա նաեւ շեշտում էր. «Եթե կարողանանք մինչեւ տարվա վերջ երկու ներկայացում հանձնել հանդիսատեսի դատին, ապա այդ մեզ համար կլինի մեծ առաջընթաց»: Բայց, ինչպես հայտնի է, թատրոնում այդ տարին էլ ավարտվեց առանց «Գիքորի»: Հիշեցնենք, որ դեռեւս 2006 թվականին «Իրավունքի» հետ զրույցում թատրոնի տնօրեն Լեւոն Աբրահամյանն ասում էր, որ Մելիքսեթյանն անընդհատ հետաձգում ու խափանում է պետպատվերի շրջանակներում բեմադրվելիք «Գիքորը» ներկայացումը: Նա այդ ժամանակ պատմում էր, որ ամիսներ շարունակ «Գիքորի» փորձերը չեն կատարվել, որի աշխատանքներն իրականացնելու գործը ստանձնել էր Մելիքսեթյանի դուստրը, ում Աբրահամյանը ազատել է աշխատանքից` 3 ամիս աշխատանքի չներկայանալու պատճառով: Այնուհետեւ, «Գիքորի» փորձերի աշխատանքը ստանձնել է Ա. Մելիքսեթյանը, որն էլ կրկին խափանել է ներկայացումը: 8 տարի անց, կրկին այս թատրոն վերադառնալով, փաստորեն, Մելիքսեթյանը կրկին հիշել է «Գիքորին» ու կրկին ներկայացումը Գիքորի բախտին արժանացրել: Ինչեւէ, այսօր չորս ժամ տեւած նիստից հետո դերասանների գլխավոր պահանջը չի բավարարվել` Մելիքսեթյանը շարունակում է մնալ թատրոնի գլխավոր ռեժիսոր:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ